Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱՌԻԿԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՆՀԱՍԱՆԵԼԻ

Մարտ 20,2009 00:00

Հայաստանում գործող առեւտրային բանկերը կամ ընդհանրապես դադարեցրել են սպառողական վարկերի տրամադրումը, կամ զգալի չափով բարձրացրել են կանխավճարը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մարտի 3-ին հայտարարեց, որ մեր բանկային համակարգը լիովին պատրաստ է լողացող փոխարժեքին, քանի որ գտնվում է բավականին կայուն վիճակում: Բացի այդ, ԿԲ նախագահի հավաստմամբ, բանկերն ունեն $700 մլն լիկվիդայնություն՝ «ի՞նչ խնդիր կարող են ունենալ նրանք»: Սակայն պարզվում է, որ որոշ բանկեր, այնուամենայնիվ, քիչ թե շատ խնդիրներ ունեն, թեկուզեւ այն առումով, որ բանկերը ստիպված էին իրենց մոտ եղած դրամային ավանդները փոխել դոլարայինի, ինչն էլ բացասական ազդեց առաջին հերթին վարկավորման ծավալների վրա: Որոշ բանկեր ապառիկ գործարքների կանխավճարը 20-30%-ից հասցրել են 50-70%-ի, ինչն արդեն իսկ խոչընդոտ է՝ նախկին ծավալներով վարկավորում իրականացնելու համար: Բացի այդ, որոշ բանկեր նոր հաճախորդների հետ սպառողական վարկի տրամադրման պայմանագիր ընդհանրապես չեն կնքում, իսկ հին հաճախորդների հետ էլ աշխատում են ավելի խստացված պայմաններով: Սա, ըստ տնտեսագետների, հետեւանք է այն բանի, որ բանկերը մտավախություն ունեն, թե դոլարը էլի է արժեւորվելու եւ խնայում են ռեսուրսները՝ ապահովագրելով իրենց:

«Առավոտը» տեղեկացավ, որ սպառողական վարկերի տրամադրումը մի շարք այլ բանկերի թվում՝ նվազագույնի է հասցրել նաեւ «Ինեկոբանկը», որը մշտապես հայտնի է եղել սպառողական վարկերի մեծ պորտֆելով: Մեզ հետ զրույցում բանկի գործադիր տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալ Արամ Բալոյանն այս առնչությամբ ասաց. «Մեր բանկը, ինչպես եւ Հայաստանի տարածքում գործող բոլոր բանկերը, իրոք նվազեցրել է սպառողական վարկավորման ծավալները: Վարկավորման հիմնական պայմաններում՝ վարկի ժամկետ, տոկոսադրույք եւ այլն, փոփոխություններ չեն կատարվել, իսկ ապառիկ առեւտրի ֆինանսավորման դեպքում կանխավճարի չափի ավելացումը պայմանավորված է վարկային ռիսկի արդյունավետ կառավարմամբ: Գաղտնիք չէ, որ, օրենսդրության համաձայն, սպառողական վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով: Ֆինանսական շուկայի վերջին զարգացումների արդյունքում բանկային համակարգի ավանդային բազայի գերակշիռ մասը դրամից վերածվեց արտարժույթի, ինչը էականորեն սահմանափակում է բանկերի սպառողական վարկավորման հնարավորությունները, եւ, բնականաբար, մենք առաջնայնությունը տալիս ենք լոյալ եւ համագործակցության բազմամյա պատմություն ունեցող հաճախորդներին»: Պարոն Բալոյանին խնդրեցինք նաեւ մեկնաբանել այն կարծիքը, թե բանկերը պահում են իրենց դրամական միջոցները, քանի որ կա մտավախություն, որ առաջիկայում դոլարը էլ ավելի է արժեւորվելու: Ըստ Ա. Բալոյանի, «Բանկային համակարգում ՀՀ դրամով ներգրավված միջոցների սղությունը եւ միաժամանակ դրանց նկատմամբ մեծ պահանջարկը, որն արտահայտվում է նաեւ սպառողական վարկավորման պահանջարկի տեսքով, ամենեւին չեն նպաստում դոլարի հետագա արժեւորմանը: Իմ կարծիքով, դոլարի հետագա արժեւորման սպասումները հիմնավոր չեն: Կենտրոնական բանկի կանխատեսած ԱՄՆ դոլարի փոխարժեքի 360-380 միջակայքը համարում եմ իրատեսական»:

Մեր տեղեկություններով, սպառողական վարկավորումը դադարեցրել են «Արարատբանկը» եւ «Հայբիզնեսբանկը»:

«Արարատբանկի» գործադիր տնօրենի խորհրդական Արայիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք ընդհանրապես սպառողական վարկերի շատ մեծ պորտֆել չենք ունեցել: Կան բանկեր, որոնք այդ գործում շատ ավելի մասնագիտացված են: Մենք հիմա ավելի շատ կատարում ենք հիպոտեկային, ավտոմեքենաների եւ փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորում: Ճիշտ է, փոխվել է ռիսկերի գնահատման մեթոդիկան, որը կապված է ընդհանուր հիպոտեկային շուկայում առկա իրավիճակից, շինարարության ծավալների կրճատումից»: Իսկ դոլարի հետագա արժեւորման հետ կապված հարցին պարոն Մանուկյանը պատասխանեց, որ բանկը նման մտավախություն չունի, եւ գումարների սառեցնելու խնդիր չկա:

«Հայբիզնեսբանկի» վարկային վարչության պետ Հրաչյա Պետրոսյանի ներկայացմամբ էլ. «Սպառողական վարկերի դադարեցումը դոլարի արժեւորման հետ կապ չունի: Այդ վարկի տրամադրումը դադարեցրել ենք տարեսկզբից, սակայն ոչ ամբողջ ծավալով, հիմնական հաճախորդների հետ աշխատում ենք»: Իսկ դոլարի հետագա արժեւորման վերաբերյալ հարցին Հ. Պետրոսյանը պատասխանեց. «Նման կանխատեսում դժվարանում եմ անել»:

«Առավոտը» խնդրի առնչությամբ զրուցեց նաեւ «Կոնվերսբանկի» գործադիր տնօրենի տեղակալ Սուրեն Զոհրաբյանի հետ: Պարոն Զոհրաբյանի խոսքերով. «Բանկը շարունակում է սպառողական վարկեր տրամադրել, այդ թվում՝ ոսկու գրավով վարկեր, ավտովարկեր, հիպոտեկ եւ վերանորգման վարկեր՝ կայուն եւ հիմնավորված եկամուտներ ունեցող հաճախորդներին: Բնականաբար, առավելություն է տրվում նրանց, ովքեր «Կոնվերսբանկում» ունեն դրական բանկային պատմություն»:

«Յունիբանկի» վարկային վարչության մասնագետ Դավիթ Մկրտչյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ իրենք դադարեցրել են սպառողական վարկավորումը: Դ. Մկրտչյանի ներկայացմամբ. «Մարդիկ, ովքեր վերցնում են այդ վարկերը, հիմնականում վճարունակ չեն դրանք մարելու համար: Ասենք, բնակարանը գրավ են դնում, քանի որ պարտք ունեն եւ շտապ փող է պետք, սակայն ի վիճակի չեն այդ գումարը մարելու: Դրա համար էլ այս պահին կատարում ենք բիզնես վարկավորում, քանի որ այդ ոլորտում նման խնդիր չկա: Հիպոտեկի եւ ավտովարկավորումը եւս դադարեցված է, քանի որ դոլարի արժեւորման հետ կապված՝ փոխվել են ավտոմեքենաների եւ բնակարանների գները: Մենք հիմա ճշտում ենք, որպեսզի չխաբեն եւ դրանց գները գրավ դնելիս ավելի թանկ չներկայացնեն, քան այն կա իրականում»: Պարոն Մկրտչյանի տեղեկացմամբ, բարձրացել են նաեւ տոկոսադրույքները, ինչը կապված է Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել