Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարգը չի փոխվել»

Մարտ 20,2009 00:00

\"\"Ասում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժնի պետ Մարիամ Գաբոյանը:

– Տիկին Գաբոյան, ՀՀ արդարադատության նախարարն օրեր առաջ հայտարարություն արեց այն մասին, որ ավելացվելու են նոտարիատի հաստիքները: Համատարած կրճատումների համատեքստում հնարավո՞ր է:

– Նոտարիատի բնագավառում ծագած հիմնախնդիրների լուծման միջոցառումների ցանկում, որն ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրում, նախատեսված է մինչեւ 2011 թվականն ավելացնել նոտարների թիվը: Նախարարը հենց դա էլ նկատի է ունեցել: Նախարարն ընդամենը ասել է հաստիքներ ավելացնելու մասին, բայց նա չի հայտարարել, որ նոտար դառնալու կարգը փոխվել է: Այն ինչպես կա, այնպես էլ մնում է: Այսինքն՝ նոտար դառնալ ցանկացողը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախ պետք է նոտարի մոտ մեկ տարի ստաժավորում անցնի, այնուհետեւ մասնակցի նոտարի թեկնածուների որակավորման ստուգման քննություններին եւ, եթե 20 միավորանոց գնահատման համակարգով կստանա +10 միավոր, ապա կմտնի պիտանիության ցուցակ, եւ ազատ հաստիք լինելու դեպքում նոր միայն կնշանակվի նոտար:

– Ի՞նչ կարգով են անցնում քննությունները:

– ՀՀ կառավարության 2002 թ. թիվ 789 որոշման համաձայն, որն այս տարի փոփոխվել է, նոտարի թեկնածուների որակավորման ստուգման քննություններն արդեն անցկացվում են ամեն տարի: Այդ քննություններին մասնակցում են, ինչպես նշեցի, նոտարի մոտ մեկ տարի ստաժավորում անցած անձինք: Քննության ընթացքում, այսպես ասենք, դիմորդը 8 ժամում պետք է լուծի 10 խնդիր: Նա քննության ժամանակ կարող է օգտվել ցանկացած գրականությունից, համակարգչից:

– Որքա՞ն նոտար կա այսօր հանրապետությունում:

– Նոտարների թիվն այժմ 73-ն է: Նրանք աշխատում են իրենց անվամբ գերբային կլոր կնիքներով: Նոտարների թիվը դեռեւս խորհրդային տարիներին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է՝ ելնելով բնակչության թվից եւ նոտարների ծանրաբեռնվածությունից: Այժմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում չի գործում անշարժ գույքի շուկան, չեն տրվում հիպոտեկային վարկեր: Դրանից կախված էլ, պակասել են նոտարական գործողությունները, որը ենթադրում է, որ նոտարներն աշխատում են ոչ ծանրաբեռնված: Այդ մասին է վկայում հետեւյալ վիճակագրությունը՝ 2008 թ. հունվար ամսին հանրապետության նոտարները կատարել են շուրջ 26 հազար նոտարական գործողություն, որի դիմաց գանձել են 41 մլն դրամ պետական տուրք: Իսկ 2009 թ. հունվար ամսին կատարել են շուրջ 23 հազար նոտարական գործողություն եւ գանձել 30 մլն դրամ: 2008 թ. փետրվարին կատարվել է 34 հազար նոտարական գործողություն եւ գանձվել 50 մլն դրամ պետական տուրք՝ 2009 թ. փետրվար ամսի 30 հազար նոտարական գործողության եւ գանձված 40 մլն դրամ պետական տուրքի դիմաց: Այս համեմատությունը վկայում է այն մասին, որ 3 500-ով պակասել են նոտարական գործողությունները, եւ նոտարներն իրոք աշխատում են ոչ ծանրաբեռնված: Բացի այդ, ուզում եմ նշել, որ չնայած քաղաքացիների գրանցում ունենալու հանգամանքից, փաստացի բնակվող քաղաքացիների թիվը հանրապետությունում պակասել է:

– Որո՞նք են նոտարի թարգմանիչները եւ ի՞նչ կարգով են աշխատում:

– Նախ «նոտարի թարգմանիչ» արտահայտությունն այնքան էլ ճիշտ չէ: Դրանք նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչներ են, որոնք ՀՀ կառավարության 2002 թ. թիվ 193 որոշման համաձայն, ՀՀ արդարադատության նախարարությունից են լիցենզիա ստանում: Վերոհիշյալ որոշմամբ, նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգման գործընթացը անցկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ՀՀ կրթության եւ գիտության ու արտաքին գործերի նախարարությունների հետ միասին: ՀՀ արդարադատության նախարարությունը ընդունում է դիմորդների անձնական գործերը, կազմակերպում է քննությունների անցկացումը: Նրանք անհատ ձեռներեցներ են, հարկ են վճարում պետությանը: Երբեմն քաղաքացիները կրկնում են, որ թարգմանիչը նոտարի աշխատողն է եւ նրանից բողոքում են նոտարին կամ արդարադատության նախարարությանը: Հիշում եմ, որ թերթերից մեկում նշել էին, որ թարգմանիչները արեւելյան շուկայի նման փակցրել են իրենց գովազդները եւ դրանում էլի մեղադրել նախարարությանը: Ուզում եմ, որ բոլորն իմանան, մենք կամ նոտարները որեւէ պատասխանատվություն չենք կրում նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների գործելակերպի համար: Նոտարները վավերացնում են միայն նրանց ստորագրությունների իսկությունը, թարգմանության տեքստի ճշտության համար քրեական պատասխանատվություն է կրում թարգմանիչը, որը աշխատելուց առաջ տեղեկացվում է այդ մասին:

Հանրապետությունում գործում են նաեւ այլ թարգմանչական գրասենյակներ, որոնց թարգմանիչները քաղաքացիների համար թարգմանություններ կատարելիս չեն տեղեկացնում նրանց այն մասին, որ իրենք նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի լիցենզիա չունեն, մեծ գումարներ են գանձում նրանցից, իսկ երբ քաղաքացին դիմում է նոտարին այդ փաստաթուղթը վավերացնելու, նոտարները, բնական է, մերժում են, քանի որ դա չի թարգմանված լիցենզիա ունեցող թարգմանչի կողմից: Դա պատճառ է դառնում բազմաթիվ բողոքների: ՀՀ արդարադատության նախարարությունը նրանց թարգմանչով ապահովելու հարցում որեւէ պարտականություն չունի: Երեւան քաղաքի գրեթե բոլոր նոտարներն ունեն թարգմանիչներ: Հատկապես մեծաքանակ են եվրոպական լեզուների թարգմանիչները: Եթե քաղաքացին դժգոհ է որեւէ թարգմանչի նշած վճարից, ապա կարող է դիմել մեկ այլ թարգմանչի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել