Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում ապուշներ չկան

Ապրիլ 01,2009 00:00

Իսկ Հայաստանո՞ւմ

Երեկ մամուլի տարբեր ակումբներում հյուրընկալվել էին Հայ ազգային կոնգրեսի երկու ներկայացուցիչներ, որոնք նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավարներ են եղել: Խոսքը ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի եւ Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի մասին է: Նրանք երկուսն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են ինչպես մեր երկրի ներքաղաքական իրավիճակին եւ քաղբանտարկյալների ճակատագրին, այնպես էլ Իսպանիայի Վալենսիա քաղաքում մարտի 30-ին տեղի ունեցած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում ՀՀ հարցի քննարկմանը:

Հովհաննես Իգիթյանը նշել է, որ նախօրեին ԵԽԽՎ հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը որպես «Յոթի» գործում «դրական» տեղաշարժ է ներկայացրել ՀՀ ՔՕ այն հոդվածների փոփոխությունները, որոնք, Կոնգրեսի ներկայացուցչի ասելով, այդ գործով անցնող մեղադրյալների հետ ո՛չ նախկինում, ո՛չ էլ փոփոխություններից հետո ոչ մի կապ չունեն: Պարոն Իգիթյանը քաղբանտարկյալների ազատ արձակումը պայմանավորել է այն հանգամանքով, թե արդյոք իշխանությունները կկանխագուշակե՞ն ԵԽԽՎ կողմից լուրջ սանկցիաների կիրառումը, թե՞ ոչ: «Հենց որ նրանք զգան, որ պատժամիջոցներ կարող են լինել, հնարավոր է մի քանի քաղբանտարկյալների բաց թողնեն»,- ասել է ՀՀՇ ներկայացուցիչը:

Նա նաեւ փաստել է, որ ԵԽԽՎ բանաձեւի ոչ մի կետ, ըստ էության, չի էլ կատարվել. «Հայաստանում մինչ օրս ոչ մի քայլ չի արվել դատարանների եւ ամբողջությամբ վերցրած՝ դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը մեծացնելու համար, ինչպես պահանջվում են ԵԽԽՎ բանաձեւերով: Առաջընթաց չի արձանագրվել քաղաքական հայացքների համար ձերբակալվածների ազատ արձակման, հանրահավաքների անցկացման, լրատվամիջոցների ու լրագրողների գործունեության բարելավման, ինչպես նաեւ մարտիմեկյան դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Դրա փոխարեն Հայաստանում, չգիտես ինչու, ընդունել են օրենք՝ դատական կատարածուներին զինելու եւ առանց մեղադրյալների դատական նիստեր անցկացնելու հնարավորության մասին: Ըստ երեւույթին, իշխանությունների հաջորդ քայլը կլինի առանց դատապաշտպանների դատական նիստ անցկացնելու հնարավորության մասին օրենքի ընդունումը»,- հեգնել է Հովհ. Իգիթյանը:

ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ նկատել է, թե՝ «ԵԽ-ում, փառք Աստծո, ապուշներ չեն նստած եւ հասկանում են, թե Հայաստանում իրականում ինչ է կատարվում», եւ հայտարարել, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածները փոփոխության ենթարկելու արդյունքում «մի աբսուրդը փոխարինվեց մեկ ուրիշով»: Անդրադառնալով մայիսի 31-ի ընտրություններին՝ կուսակցության նախագահը շեշտել է, թե ՀՀ իշխանությունները փայլուն հնարավորություն ունեն գոնե այս մի դեպքում նորմալ, արդար ընտրական գործընթաց կազմակերպելու, եւ դա կլինի նրանց մատուցած ամենամեծ ծառայությունը մեր ժողովրդին: «Բայց արդեն տեսնում ենք, որ նրանք որդեգրել են իրենց հարազատ՝ ընտրակեղծիքների ոճը»,- ասել է Հովհ. Հովհաննիսյանը՝ կարծիք հայտնելով, որ «եթե այսպես շարունակվի, հունիսի 1-ից ներքաղաքական դաշտում զրոյական հաշվարկ կսկսվի»: Նրա համոզմամբ, երեւանցիները երբեք չեն հաշտվի կեղծված ընտրությունների հետ, եւ կսկսվի հանրահավաքային նոր շարժում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել