Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Ապրիլ 04,2009 00:00

\"\"Ըստ «Տաքսի ծառայությունների ասոցիացիայի» նախագահ Էդուարդ Կիրակոսյանի, ի տարբերություն անհատ տաքսիստների, ցույցեր անելու փոխարեն՝ իրենք հարցն ավելի քաղաքակիրթ են լուծում:

Դեռեւս երկու տարի առաջ սկսված արտոնագրման գործընթացը՝ տաքսու վարորդների պարբերական բողոքի ցուցերի արդյունքում, երկու անգամ հետաձգվեց: Այդ ընթացքում նախապես սահմանված տարեկան վճարը 200 հազար դրամից նվազեցվեց մինչեւ 25 հազար: Ընդառաջելով անհատ տաքսու վարորդների պահանջներին՝ կառավարությունը վերանայեց նաեւ լիցենզավորման կարգի որոշ կետեր՝ թեթեւացնելով վարորդներից պահանջվող փաստաթղթային փաթեթը: Մեխանիզմներ մշակվեցին նաեւ սակաչափիչների ու լուսաչափիչների ձեռքբերման վճարումը հեշտացնելու ուղղությամբ: Տաքսիստների համար ամենադժվար իրագործելի պահանջներից, թերեւս, մնաց միայն մեքենաների շահագործման 10 տարվա ժամկետի սահմանափակումը: Այսքանով հանդերձ, անհատ տաքսու վարորդները չեն դադարեցնում իրենց բողոքի ցույցերը, հայտարարելով, որ ճգնաժամի պայմաններում իրենց համար նույնիսկ տարեկան 25 հազար դրամ գումարի մուծումն է դժվար, իսկ մեքենաների նորացման պահանջի իրականացումն՝ ուղղակի անհնարին:

Եթե անհատ տաքսու վարորդները կառավարության կողմից արված զիջումները համարում են ոչ բավարար, ապա տաքսի ծառայությունների ղեկավարները դժգոհում են, որ ժամանակին, լիցենզավորվելով եւ մուծելով բոլոր վճարները, փաստորեն, երկու տարի է՝ գործում են որեւէ հարկային պարտավորություն չկատարող անհատ տաքսիների հետ անհավասար մրցակցային դաշտում: «Տաքսի ծառայությունների ասոցիացիայի» նախագահ Էդուարդ Կիրակոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Եթե կա օրենք, ապա այն պետք է հավասար լինի բոլորի համար: Այսօր տաքսի ծառայությունները մուծում են բոլոր հարկերը, սոցվճարները, մինչդեռ անհատ տաքսիները չեն կատարում որեւէ հարկային պարտավորություն: Եվ այս հարցում բոլոր տաքսի ծառայությունների ղեկավարները շատ մեծ դժգոհություն ունեն: Ստացվում է, որ անհատ տաքսիստները, փողոց դուրս գալով, իրենց հարցերը լուծում են: Իսկ եթե հանկարծ տաքսի ծառայությունները դուրս գան փողոց՝ պատկերացնու՞մ եք, ինչ կլինի: Առայժմ նախընտրում ենք սեփական շահերի պաշտպանության քաղաքակիրթ ձեւերը»: Նշենք, որ «Տաքսի ծառայությունների ասոցիացիան», որին անդամակցում են Երեւանի եւ մարզերի 24 տաքսի ծառայություններ, մեկ ամիս առաջ նամակով դիմել է ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ապահովել հավասար մրցակցային դաշտ:

Ի պատասխան անհատ տաքսիստների կողմից հնչող տեսակետին, թե տաքսի ծառայությունները բողոքի մասսայական ցուցեր չարեցին, որովհետեւ վախենում են, որ ստուգումների դեպքում կարող են խնդիրներ ունենալ հարկային մարմինների հետ, Է. Կիրակոսյանը հավաստիացրեց, որ այսօր գրեթե բոլոր տաքսի ծառայությունները գործում են հարկային դաշտում եւ վախենալու բան չունեն, եւ եթե առաջիկայում էլ չապահովվի հավասար մրցակցային դաշտ, չի բացառվում, որ իրենք եւս անցնեն բողոքի ցույցերի:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանի ներկայացմամբ էլ. «Նախարարությունը հեղեղված է տաքսի ծառայությունների բողոքներով, որոնք պահանջում են հարկային դաշտ բերել բոլորին, այդ թվում եւ՝ անհատ տաքսու վարորդներին»: Մայրաքաղաքում գործող տաքսի ծառայություններում մեր կողմից անցկացված հարցումը, սակայն, ցույց տվեց, որ անհատ տաքսիստների գործունեությունից դժգոհ են ոչ բոլորը: Ավելին, հարցված 15 ծառայությունների ղեկավարներից միայն մեկը նշեց, որ անհատ տաքսիստների համար առկա արտոնությունները էապես վնասում են իրենց գործունեությանը: Մնացած 14 ծառայությունների ղեկավարների դիրքորոշումը հետեւյալն էր. անհատ տաքսիստներն ու ծառայություններն ունեն տարբեր սպասարկման շուկաներ, եւ մեկի գործունեությունը չի անդրադառնում մյուսի վրա: Տաքսի ծառայություններից մեկի ղեկավարն էլ տեսակետ հայտնեց, որ այդպիսով պարզապես փորձ է արվում, իրենց անունն օգտագործելով, ճնշում գործադրել անհատ տաքսիստների վրա:

Այնուամենայնիվ, դեռեւս չլիցենզավորված մոտ 6 հազար անհատ տաքսու վարորդները հույս ունեն, որ կառավարությունը հաշվի կառնի ներկայիս տնտեսական ճգնաժամը եւ լիցենզավորման գործընթացը կսառեցնի մեկ տարով: Հակառակ պարագայում, ըստ նրանց, իրենք կհամալրեն գործազուրկների բանակը:

Իսկ ըստ Է. Կիրակոսյանի, նման բան տեղի չի ունենա, քանի որ միայն Երեւանում այսօր կա վարորդների մոտ 3 հազար թափուր աշխատատեղ:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին լրանում է անհատ տաքսիների լիցենզավորման վերջնաժամկետը, որից հետո կսկսվեն Պետեկամուտների կոմիտեի, Ճանապարհային ոստիկանության եւ Տրանսպորտային տեսչության համատեղ ստուգայցերը: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այս անգամ էլ անհատ տաքսիների լիցենզավորման վերջնաժամկետը հետաձգվի, Հ. Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, առայժմ նման միտում չեմ տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել