Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՐՐՈՐԴ «ՄԱՅՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»

Ապրիլ 07,2009 00:00

\"\"Օրիորդաց վարժարա՞ն, թե՞ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

2006-2007 ուստարում Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունված 60 ուսանողից 10-ը արական սեռի ներկայացուցիչ էր: Այս փաստը մեծ ոգեւորություն էր առաջացրել, քանի որ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պատմության մեջ երբեք նման բան չէր եղել: Լրագրողի մասնագիտություն ստանալ ցանկացող 10 տղա՝ այն էլ մի կուրսում, երբ այս ֆակուլտետում տղաների թիվը մինչ այդ չէր անցել վեցից:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը համոզված է, որ ֆակուլտետի գլխին կախված չէ օրիորդաց վարժարան դառնալու վտանգը, ինչպես բանասիրական ֆակուլտետի դեպքում: «Ես կարծում եմ, որ լրագրողի մասնագիտությունն այսօր Հայաստանում եւ աշխարհում ամենահարգված մասնագիտություններից մեկն է: Բայց, ի տարբերություն աշխարհի շատ զարգացած երկրների, որոնք որոշակի ավանդույթներ ունեն ժուռնալիստիկայի բնագավառում, Հայաստանում նոր-նոր է կայանում այս դաշտը: Մեզանում չորրորդ իշխանությունը կայացած է այնքանով, որքանով կայացած են օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինները»: Պարոն Մարտիրոսյանը համոզված է, որ դրական տեղաշարժ կա, եւ այս ամենը կհանգեցնի չորրորդ իշխանության կայացմանը. «Չորրորդ իշխանության բեռն իրենց ուսերին պահող լրագրողների մեծ մասն այսօր կանայք են եւ աղջիկներ: Կարծում եմ՝ քիչ-քիչ կգա մի շրջան, երբ ժուռնալիստի մասնագիտությամբ աշխատող մարդը կվաստակի այնքան, որ կարողանա ընտանիք պահել: Իսկ քանի որ ընտանիքի հոգսը հայ իրականության մեջ ավելի շատ տղամարդու ուսերին է, ուստի նա ձգտում է իրավաբան կամ տնտեսագետ դառնալ»:

Լրագրող տղա-ուսանողների քանակով չեն հպարտանում նաեւ մյուս համալսարանները: «Որպես ժուռնալիստիկայի դասախոս՝ վստահ գիտեմ, որ այսօր լրագրություն ուսանում են աղջիկները. եւ ոչ թե` ավելի շատ աղջիկները, այլ 99%-ով»,- ասում է Լիլիկ Ստեփանյանը: Նա երեք համալսարանում դասավանդելու փորձ ունի: «Առաջ կատակով ասում էի, որ երեք համալսարանում ես 1.5 տղա ուսանող ունեմ, քանի որ մեկը բարեխիղճ ուսանող էր, մյուսի երեսն ընդհանրապես չէի տեսնում: Տարբեր համալսարաններում ունենալ ժուռնալիստիկայի կուրսեր եւ ընդամենը երկու տղա ուսանո՞ղ, արդեն ակնհայտ է դառնում, որ լրագրությունը գտնվում է կանանց եւ աղջիկների ձեռքում»,- ասում է տիկին Ստեփանյանը:

Սակայն նա խնդիրը նաեւ այլ տեսանկյունից է դիտում. «Իրականում, երբ հայացք ենք գցում Հայաստանի լրատվական դաշտին, տեսնում ենք, որ ուսանում են աղջիկները, բայց աշխատում են տղաները: Ստացվում է, որ աշխատում են տղաներ, որոնք չունեն լրագրողական կրթություն: Լրագրությամբ զբաղվում են մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, պատմաբաններ՝ այն տղաները, որոնք գրելու շնորհք ունեն եւ ենթադրում են, որ կարող են այդպիսով հոգալ իրենց սոցիալական, տնտեսական խնդիրները»:

Վիճակն այսպիսին չէ Եվրոպայում: Լիլիկ Ստեփանյանն առիթ է ունեցել Փարիզում մի շարք դասընթացների մասնակցել: Դասընթացների համակարգող, պրոֆեսոր Ժան Կլոդ Ալանիկը, ով նաեւ եղել է «Ֆրանս 2» հանրային հեռուստաընկերության մամուլի օմբուդսմենը, մի քանի վիճակագրական տվյալներ է հայտնել: Ֆրանսիայում 37 հազար լրագրող կա, որից 21 հազարը տղամարդ է, 16 հազարը՝ կին: 6900 ազատ լրագրողներ կան, որոնց մեծ մասը երիտասարդներ են եւ կանայք: Ֆրանսիայում, ի տարբերություն Հայաստանի, պրոֆեսիոնալ լրագրությամբ կարող են զբաղվել միայն նրանք, ովքեր ունեն համապատասխան որակավորում՝ լիցենզիա, որը տալիս է հատուկ հանձնաժողովը եւ որի համար պիտի ամեն տարի քննություն հանձնել:

«Այգ» հոգեբանական կենտրոնի գլխավոր հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանը համոզված է, որ թեեւ մեր իրականության մեջ շատ սրընթաց սոցիալական ցնցումներ, աղետներ եղան, առաջացավ գոյապահպանման խնդիր, այնուամենայնիվ, կամաց-կամաց դուրս ենք գալիս այդ վիճակից՝ ուշադրություն դարձնելով նաեւ հոգեւորին: «Գնալով՝ գիտելիքի նկատմամբ փոխվում է վերաբերմունքը, առաջանում է մասնագիտության ռանգավորման խնդիր: Պետք է տարբերակել երկու բան՝ մասնագիտության իմիջը սոցիալական դաշտում եւ հեղինակությունը: Իմիջի առումով լրագրությունն, անշուշտ, պոտենցիալ ունի, բայց հեղինակության իմաստով դժվար է ասել, քանի որ հեղինակությունը բարձրացնում են մարդիկ»,- նշում է Ռ. Պողոսյանը: Նրա կարծիքով՝ ժուռնալիստիկան հնարավորություն չի տալիս կարիերա ստեղծելու, ինչպես, օրինակ, սոցիոլոգիան, որը կարող է դառնալ «միջանկյալ գիտելիք, որից կարող ես թռիչք կատարել մի այլ ոլորտ»: «Այսօրվա տղան սեփական ապագայի հանդեպ խիստ գործնական մոտեցում է դրսեւորում, ավելի շատ ցանկանում է մտնել բիզնեսի մեջ: Նա ամուսնության եւ ընտանիք պահելու խնդիրներն է դնում իր առջեւ»,- ասում է հոգեբանը:

Չնայած այս ամենին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանը համոզված է, որ մեզանում լրագրողի մասնագիտությունը կդառնա տղամարդունը, քանի որ լինել լրագրող, նշանակում է լինել ուժեղ մարդ, որը կարող է դիմանալ ցանկացած անակնկալի: «Իսկ այս մասնագիտությունը, ինչպես փորձն է ցույց տալիս, ամենավտանգավոր մասնագիտություններից է: Ասում են՝ սթրեսների աղյուսակում լրագրողները երկրորդն են՝ հանքափորներից հետո»,- ժպտալով ավելացրեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել