Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԹՇՆԱՄԱՆՔԸ ԲԱՑԱՌԵԼ»

Ապրիլ 11,2009 00:00

\"\"Ասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ տարի անց եւս եւ առաջարկում է մեր օգնությամբ քանդել անհանդուրժողականության պատերը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում յուրաքանչյուր լրատվամիջոց մեկ հարց տալու իրավունք ուներ: «Առավոտը» ՀՀ նախագահին դիմեց հետեւյալ հարցով. «Դուք ձեր ելույթներում խոսում էիք մեր միջեւ չհասկացվածության պատի վերացման, հասարակական հանդուրժողականության, համերաշխության եւ այլնի մասին: Պարոն Սարգսյան, դուք արդեն մեկ տարի այս երկրի նախագահն եք, մեկ տարվա ընթացքում, անձամբ ձեր կարծիքով, ձեզ հաջողվե՞լ է քանդել այդ անհանդուրժողականության պատը, եթե չի հաջողվել, ինչո՞ւ: Դո՞ւք չուզեցիք, թե՞ ձեզ խանգարեցին, ո՞վ խանգարեց, ինչո՞ւ, ինչպե՞ս»: Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Գիտեք, երբ որ ես ասում էի, որ պետք է այդ պատը քանդել, բնականաբար, ես նկատի ունեի, եւ բոլորդ էլ շատ լավ գիտակցում էիք, որ ես նկատի ունեի մեր մտածելակերպի փոփոխությունը: Կարծում եմ, որ մենք ինչ-որ հատված առաջ ենք շարժվել, կարծում եմ, որ ձեր թերթի օրինակով, օրինակ, մենք կարողացել ենք ցույց տալ ուրիշներին, որ այս կյանքը, այս աշխարհը միայն սեւ ու սպիտակի միջեւ չի բաժանված: Ձեր թերթը ամիսը մեկ, երկու անգամ արդեն օբյեկտիվ, իմ կարծիքով, նյութ է տպագրում: Իհարկե, դու համաձայն չես, վստահ եմ, ձեր թերթի խմբագրակազմը համաձայն չի, բայց տեսնո՞ւմ ես ինչպիսի բարյացակամ ենք արդեն իրար այս բանն ասում: Այսինքն՝ սա նշանակում է, որ մենք որոշակի հաջողության արդեն հասել ենք, եւ, կարծում եմ, դեռեւս շատ շուտ է խոսել, որ մեր հասարակության մեջ քանդելու պատեր չկան, շատ կան: Եվ ո՛չ ճգնաժամը, ո՛չ քաղաքական լարվածությունը երբեք չպիտի պատճառ բերենք եւ ասենք, որ մեզ խանգարեցին: Չեմ կարծում, հրապարակայնորեն ասելով, թե ով կամ ինչը խանգարեց, մենք դրանով նպաստում ենք պատը քանդելուն, ընդհակառակը, կարծում եմ, դրանով այդ պատի վրա մի բան էլ է ավելացվում: Եթե նկատել եք, այս մեկ տարվա ընթացքում ես որեւէ մեկին չեմ վիրավորել, որեւէ մեկին չեմ ծաղրել, իհարկե, համարժեք պատասխան չեմ ստացել, եւ ամեն օր կարելի է հակառակի ականատեսը լինել։ Բայց կարծում եմ, եթե որեւէ մեկը իր վրա վերցրել է այդպիսի պատեր քանդելու առաքելություն, ապա նա ինքն անձնական օրինակով պետք է դա ցույց տա: Ես ուզում եմ, իրոք, այդ պատերը քանդել, եւ նաեւ ձեր օժանդակությամբ մենք քանդելու ենք այդ պատերը»:

Ասուլիսի ընթացքում հնչեցին հարցեր ամենատարբեր բաների մասին՝ տնտեսական, արտաքին քաղաքականությանը վերաբերող, ներքաղաքական եւ այլն: Մայիսի 31-ի ընտրությունների մասին հարցերին պատասխանելով՝ նախագահը նկատեց. «Կարծում եմ՝ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններն անցնելու են՝ ինչպես այլ ընտրություններ, կարծում եմ, փուլեր չեն լինելու, նորմալ քաղաքի ընտրություններ են լինելու»: Ասաց նաեւ, որ ընտրությունը պրոցես է, եւ որպեսզի այն ընթանա օրինականության շրջանակներում, բոլորը պետք է դրան պատրաստ լինեն, պատրաստ լինեն ընդունելու ցանկացած արդյունք. «Բոլորս պետք է գնանք ընտրությունների, որպեսզի լուծենք այդ ընտրությունների կոնկրետ հարցը՝ ընտրենք ավագանի եւ այնուհետեւ Երեւանի քաղաքապետ եւ ոչ թե գնանք ընտրությունների, որպեսզի այլոց փնովենք, ոչ թե գնանք ընտրությունների, որպեսզի այլ նպատակներ հետապնդենք»: Ասաց, որ սա քաղաքական գործընթաց է, եւ մասնակցող քաղաքական ուժերը մեծ ցանկություն ունեն մեկ անգամ եւս հանրությանը ցույց տալու եւ իրենք եւս համոզվելու, թե ինչպիսի հեղինակություն եւ կշիռ ունեն հասարակության մեջ: Կոչ արեց այս ընտրություններում եւ ընդհանրապես՝ բացառել թշնամանքը: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ ընդդիմությունը գնալու է բացառապես սահմանադրական ճանապարհով, ասաց. «Շատ լավ եմ վերաբերվում, շատ խոհեմ մոտեցում է, բայց ափսոս, որ այդ հայտարարությունը չհնչեց 2008 թվականի փետրվարի 20-ին»: ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորելու Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշման մասին ասաց. «Ես ՀՀ ցանկացած քաղաքացու որոշմանը վերաբերվում եմ նորմալ, որպես ՀՀ նախագահ»: Բացառեց Երեւանի ավագանու ընտրություններից հետո մարտի 1-ի կրկնությունը. «Այո, բացառում եմ, բացառում եմ, եւ կարծում եմ, որ ինչպես որոշ թերթեր են գրում, «հունիսի 1» չի լինելու, ավելի ճիշտ՝ լինելու է, բայց լինելու է նորմալ օր, ոչ թե ողբերգական իրադարձություններով լի օր: Ես կարծում եմ, որ վերջին նախագահական ընտրությունների եւ հետընտրական պրոցեսների ողջ ծանրությունը միայն իշխանության համար չէր, դա բոլորի համար էր, եւ երբ իմ խոսքի սկզբում ասացի, որ պետականությունը եւ հասարակությունը ավելի են հասունացել, ես նաեւ սա նկատի ունեի: Վստահ եմ, որ այդպիսի իրադարձություններ տեղի չեն ունենալու, ինչքան էլ լարվածություն լինի, մենք հաղթահարելու ենք այդ լարվածությունը: Իհարկե, մեզ համար շատ դյուրին կլինի, եթե մենք՝ իշխանություններս, վայելենք այ, այստեղ հավաքված լրատվամիջոցների բարի կամքը (ասուլիսին հրավիրված չէին «Հետքը», «ՀԺ»-ն, «ՉԻ»-ն, «Հայքը» «Տարեգիրը», «Ժամանակ Երեւանը»- Մ. Ե.)»:

Հարցին՝ ինչո՞ւ մարտի 1-ի դեպքերից հետո որեւէ ոստիկանի որեւէ մեղադրանք չի առաջադրվել, Սերժ Սարգսյանը, հիշեցնելով, որ ժամանակին ինքն ասել էր, թե մարտի 1-ի իրադարձությունների այդպիսի ընթացքի համար մեղավոր են բոլորը, ասաց. «Բոլոր ասելով՝ ես նկատի ունեի նաեւ, անշուշտ, ոստիկանական ուժերը: Բայց պիտի հաշվի առնենք, որ այս ընդհանրական հասկացությունը՝ մեղավոր, թե անմեղ՝ քրեական օրենսգրքի տերմին չէ, քրեական օրենսգիրքը կոնկրետություն է սիրում: Եվ այդ կոնկրետությունն այսօր չկա»: Ասաց նաեւ, որ ոստիկանության, իշխանության մեղքն այն էր, որ բացակայում էր մասնագիտական վարպետությունը: «Ընդհանուր վիճակի հետեւանք» որակեց սա, ասելով՝ այդպես է, քանի որ պարտադրված ենք ունենալ մեծ, մարտունակ բանակ, հսկայական միջոցներ ծախսել այս ամենի համար, եւ արդյունքում տարիներ շարունակ ոստիկանությունը ֆինանսավորել «մնացորդային սկզբունքով, եւ հենց պատճառն էլ, կարծում եմ, դա էր, որ օգտագործվեցին ժամկետանց միջոցներ (նկատի ունի հայտնի «Չերյոմուխա 7»-ի ժամկետանց լինելը- Մ. Ե.)»: Նաեւ հայտարարեց. «Եթե մարտի 1-ին կարգազանցների կողմից հրազեն չգործադրվեր, վստահ եմ, որ ոստիկանությունը հրազեն չէր գործադրի, ավելի քան վստահ եմ»: Սերժ Սարգսյանը չի կիսում կարծիքը, թե մեր երկրում կան ապօրինաբար ձերբակալվածներ: Համաներում անցկացնելու մասին ասաց. «Ես համոզված եմ, որ հանրապետության նախագահը պետք է իր իրավունքներն օգտագործի այն ժամանակ, երբ որ կավարտվի նաեւ դատաքննության փուլը: Չեմ բացառում, որ կարող է լինել համաներում, բայց ես չեմ տեսել մի իշխանություն, որը նախօրոք հայտարարի՝ մի քանի օր, մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս հետո համաներում է հայտարարելու: Կգա ժամանակը, կտեսնենք»: Նաեւ ասաց, որ պատրաստ է քննության առնել ներման մասին ցանկացած դիմում, բայց պատրաստ չէ միջամտել դատաքննության գործընթացին:

Հ. Գ. Ասուլիսում հնչեց 60 հարց եւ նույնքան պատասխան, ասուլիսը տեւեց 2 ժամ 40 րոպե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել