Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնագոգին սպառնում է անապատացումը

Ապրիլ 15,2009 00:00

Հողը տվել են, իսկ ոռոգման ջրի մասին՝ մոռացել

Գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում լեռնագոգցիներն անգործ են: Ոչ իրենց կամքով: Ճակատագրի բերումով բնակություն են հաստատել այնպիսի վայրում, որտեղ, իրենցից բացի, մեկ էլ օձեր ու կարիճներ են ապրում: Չոր ու աղուտային հողերը նպաստավոր պայմաններ են հատկապես վերջիններիս համար:

Համայնքի բնակիչները ցավով են խոսում այն մասին, որ կարող էին իրենք էլ հող մշակելով ապրել, ինչպես բոլոր նորմալ գյուղերում, բայց ստիպված են նստել-սպասել, թե երբ քաղաք գնացող կլինի, որ խնդրեն՝ շուկայից մթերք բերի: Լեռնագոգում ոչ շուկա կա, ոչ նորմալ խանութ, բայց սա չէ, որ անհանգստացնում է լեռնագոգցիներին:

Երբ 1998 թվականին գյուղի խոզաբուծական երեք ֆերմաների հողերը սեփականաշնորհեցին բնակիչներին, նրանք հույսեր փայփայեցին, որ մի օր էլ Լեռնագոգում ոռոգման համակարգ կկառուցեն, եւ իրենք էլ «բարով-խերով» հողագործությամբ կզբաղվեն: Սակայն տարիներն անցան, իսկ լեռնագոգցու կյանքում որակական տեղաշարժ չարձանագրվեց: Ընդհակառակը, ընկան պարտքերի տակ. 5-րդ կարգի հողը նրանց ոչ միայն եկամուտ չէր տալիս, այլեւ հողահարկի պարտքեր էր կուտակում:

Հասկանալով, որ անօգտագործելի հողն իրենց ֆինանսապես վնասում է, համայնքի բնակիչները որոշում են հրաժարվել դրանից՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Լեռնագոգի գյուղապետարանին:

Գյուղի բնակիչ Մաքսիմ Հովհաննիսյանն ասում է, որ իրեն հատկացրած հողն ասես անապատից մի կտոր լիներ. ոչ մշակել էր հնարավոր, ոչ՝ ոռոգել ու, քանի որ հոգսից բացի ոչինչ չէր տալիս, վերադարձրեց համայնքին:

Լեռնագոգ համայնքի ղեկավար Սարգիս Մարգարյանը գյուղացիների ծայրահեղ քայլը չի դատապարտում եւ դեռ դրական է գնահատում: Ըստ նրա՝ եկամուտի որեւէ աղբյուր չունեցող լեռնագոգցու համար կարեւորը նպաստառուների ցուցակում կայուն տեղ ունենալն է. գոնե դա փող է տալիս: Իսկ հողը նյութական ապահովության վկայություն է, որի առկայությունն ինքնին նպաստառուների ցուցակում մնալու լուրջ խոչընդոտ է: «Եթե հողից ոչինչ չէին ստանալու, ի՞նչ իմաստ ուներ այն պահելը. դրա համար էլ վերադարձրեցին»,- նկատում է գյուղապետը:

Լեռնագոգցիներն այդ հողերից հրաժարվել են, իրենց խոսքերով՝ ոչ ձեւականորեն. հրաժարվել են իրավական բոլոր նորմերը պահպանելով՝ կադաստրից մինչեւ համայնքի ավագանու որոշում: Թեեւ հողի արժեքը լավ են հասկանում, բայց հողագործությամբ չեն զբաղվի, մինչեւ համայնքի ոռոգման ջրի հարցը չլուծվի:

Լեռնագոգցի Գարեգին Եղիազարյանը կարծում է, որ հողը պետք է մելիորացվի, այլապես անպտուղ կլինի, բայց քանի դեռ ոռոգման ջրի հարցը չի լուծվել, մելիորացիան անօգուտ ծախս կլինի: Իսկ եթե գյուղատնտեսական հերթական տարին էլ Լեռնագոգն անջուր թողեն, գյուղը կվերածվի անապատի:

Համայնքի բնակիչների վերադարձրած հողերը՝ շուրջ 400 հեկտար, ներկայումս Լեռնագոգի պահուստային ֆոնդում են: Գյուղապետ Սարգիս Մարգարյանի փոխանցմամբ՝ ութ անգամ աճուրդ է հայտարարել, բայց «մոտ եկողներ» չեն եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել