Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ՔԱՂԱՔԸ ԶՈՌԲԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԷ»

Ապրիլ 21,2009 00:00

\"\"

Վստահ է 2001- 2003 թվականների Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

– «Երեւանի մասին» օրենքը, որով առաջին անգամ մայրաքաղաքում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ, հնարավորություն տալո՞ւ է ընտրված ավագանուն աշխատել հանուն Երեւանի:

– Ես կփորձեմ ձեր հարցն այսպես ձեւակերպել. ոչ թե Երեւանի ավագանուն, այլ քաղաքապետին հնարավորություն տալո՞ւ է արդյունավետ աշխատել ի շահ, ի բարօրություն մեր մայրաքաղաքի: Ինչպես գիտեք, իմ հրապարակային ելույթների ժամանակ, նաեւ իմ պաշտոնավարման ժամանակ առիթներ ունեցել եմ ասելու, որ լավագույն լուծումը քաղաքապետի ուղիղ ընտրություններն են: Ես դա հիմնավորում եմ հետեւյալ կերպ: Ավագանու դերը չանտեսելով, կարեւորելով՝ ես միշտ կողմնակից եմ եղել հակակշիռների ինստիտուտին, եւ իմ ասածը հենց դրանով է պայմանավորված: Եթե Երեւանի քաղաքապետ ընտրվում է երեւանցիների կողմից ուղիղ ընտրությամբ, նա հաշվետու է լինում նախ եւ առաջ բոլոր երեւանցիների առջեւ, եւ եթե նա լավ չաշխատի, ապա նույն երեւանցիները հաջորդ անգամ ձայն չեն տա նրան: Ավագանու դերը կարեւոր է, եւ այն հիմնական դրույթները, որոնք ամրագրված են այսօրվա օրենքում եւ վերապահված են ավագանուն, շատ լավն են: Կարծում եմ՝ շատ մեծ պատասխանատվություն է դրված ավագանու վրա: Ավագանուն իրավունք է տրված տեղական տուրքեր եւ վճարումներ սահմանել: Սրանք նույն օրենսդրական խնդիրներն են՝ ինչ որ մեր խորհրդարանում: Բայց արի ու տես, որ այս օրենքում իմ նշած հակակշիռը չի կարող լիարժեք գործել, որովհետեւ օրենքում գրված է՝ ավագանու նիստերը հրավիրում եւ վարում է Երեւանի քաղաքապետը: Սա նշանակում է, որ ավագանին լիարժեք ազատ եւ հակակշիռ չի կարող լինել քաղաքապետին: Բացի դրանից, կարծում եմ, այն հիմնական գործառույթները, որոնք օրենքով ամրագրված են ավագանու համար, բավականին ծանրաբեռնված աշխատանք են պահանջում ավագանու յուրաքանչյուր անդամից, իսկ սա, կարծես, հասարակական աշխատանք է, հետեւաբար՝ նրանց երկրորդ աշխատանքը, եւ այդքան ծանրաբեռնված չեն կարողանալու աշխատել: Կարելի է մի ենթադրություն անել. այն հիմնական ենթաօրենսդրական ակտերը, որոնք պետք է ընդունվեն ավագանու կողմից, լինելու են աշխատակազմի կողմից մշակված դրույթներ, եւ ավագանուն բաժին է ընկնելու միայն դակելու գործառույթը: Այդ տեսակետից այս օրենքը լավագույնս չի հակակշռում ավագանուն եւ քաղաքապետին:

– Այսօրվա Երեւանի համար ո՞րն եք համարում կարեւոր խնդիր:

– Երեւան ասելով՝ ես առաջին հերթին պատկերացնում եմ երեւանցուն եւ հետո միայն ենթակառուցվածքները: Միշտ մտածել եմ, որ Երեւանի առաջին խնդիրը երեւանցուն դաստիարակելն ու Երեւանում ապրողներին իսկական երեւանցի դարձնելը: Երբեք չեմ մտածել, որ մարդը պետք է Երեւանում ծնված լինի, որ լինի երեւանցի: Կարող է ծնված լինել այլ տեղում, բայց եթե ապրում է Երեւանում, պետք է ապրի մայրաքաղաքացու հոգեբանությամբ, համակեցության նորմերով, եւ այս նորմերը բոլորի համար պետք է լինեն կիրառելի եւ նույնը: Եթե այս խնդիրը լուծվի, աղբահանության խնդիրն էլ կմեղմացվի, մյուս խնդիրները՝ եւս:

– Մենք տեսնում ենք, որ կանաչ տարածքները պակասել են, ծառերի տեղում շինարարական հսկաներ են կառուցվում, կենտրոնում զբոսանքի տեղեր չեն մնացել: Դուք այս ամենը հավանո՞ւմ եք, եթե չեք հավանում, այդ ամենը շտկելու ելքը ո՞րն է, հո չե՞ն դնելու, շենքերը քանդեն, եւ հիմա էլ դրանց տեղում զբոսայգիներ սարքեն եւ ծառեր տնկեն:

– Իհարկե, վերջին տարիներին քաղաքաշինության մեջ լավ բաներ շատ կատարվեց՝ ճանապարհատրանսպորտային ծրագրեր իրականացվեցին, որը լուրջ խնդիրներ լուծեց քաղաքի համար, նոր շենքեր կառուցվեցին: Ինչ վերաբերում է մեր կենցաղում արդեն հաստատված էլիտար շենքերին, այստեղ լավն էլ կա, վատն էլ: Նույն քաղաքաշինության նորմերը պետք է իրենց մեջ ենթադրեին, որ մենք Երեւանի հատկապես կենտրոնի հետ կապված հարցերում պետք է ավելի զգույշ լինեինք, որ քաղաքի կենտրոնը խիտ չբնակեցվեր, որովհետեւ դա բերում է բավականաչափ պրոբլեմներ, որոնց լուծումը հետագայում ավելի բարդ է լինելու: Բայց ընդհանուր առմամբ, այն, ինչ այսօր ունենք, այնքան էլ քննադատելի չէ, ինչքան փորձում են երբեմն ներկայացնել: Մասնավորապես, ես կուզենայի երկու օրինակ բերել: Երբ Էյֆելյան աշտարակը որպես ցուցանմուշ դրվեց Փարիզում, ամբողջ Փարիզը ոտքի կանգնեց եւ ընդվզեց այդ աշտարակի դեմ: Այսօր այն դարձել է Փարիզի թիվ մեկ խորհրդանիշը: Կամ Լուվրի թանգարանի բուրգը՝ ժամանակակից, ապակեպատ: Երբ այն կառուցվեց այդ տեղում, Միտերանի հասցեին ինչ հայհոյանք ասես՝ չհնչեց, բայց այսօր բոլոր տեսակի այցեքարտերում Լուվրի թանգարանը այդ բուրգով է ներկայանում: Այնպես որ, շատ բաների մասին խոսելը դժվար է, եւ ես միշտ վերապահումով եմ խոսում: Թեպետ կան բաներ, որ ինձ էլ դուր չեն գալիս, օրինակ՝ շենքերի հարկայնությունը կարող էր ավելի ցածր լինել: Բայց մենք միշտ քաղաքը պետք է դիտենք մի քանի ֆասադներով, եւ եթե Երեւանը նայում ենք բարձունքից, այդ որոշ բարձրահարկ շենքերը ակցենտավորում են քաղաքը, եւ կարծես թե վատ չի դիտվում: Վատ է դիտվում, երբ այդ շենքի կողքին ես կանգնում, ինչ-որ ճնշող բան կա: Ինչ վերաբերում է կանաչ գոտիներին, այստեղ ես կուզենայի ամբողջությամբ անցնել բնապահպանների կողմը եւ Երեւանը տեսնել ավելի կանաչապատ եւ ծաղկապատ, որովհետեւ դա էլ ճարտարապետության էլեմենտ է: Ցավոք, մենք կանաչ գոտիների խնդիր ունենք, բայց սրանք լուծելի խնդիրներ են, եւ ապագա քաղաքապետը այս հարցերը իր նախընտրական ծրագրում եւ հետագա աշխատանքում պետք է կարեւորի:

– Դուք չե՞ք կարծում, որ տրամվայը պետք է վերադարձնել քաղաքին:

– Տրամվայը որպես էկոլոգիական մաքուր տրանսպորտի միջոց՝ լավ բան է, բայց այն տրամվայը, որ մենք ունեինք, պահպանելը ես համարում էի մեզ համար հանցագործություն: Հիշեք, 40-50 տոննայանոց այդ հսկան, ահավոր դղրդոցով անցնում էր կամուրջների վրայով, եւ այդ փողոցներում բնակվողները ամեն օր երկրաշարժի մեջ էին: Դրանից եկող վնասներն ավելի շատ էին, քան օգուտները: Եթե մենք կարողանանք այնքան փող ունենալ, որ քաղաքում տեղավորենք եվրոպական երկրներում գործող տրամվայ, այնպիսին, ինչպիսին ունի այսօր Վիեննան, իհարկե, շատ լավ կլինի: Իսկ այն տեսքով, ինչպիսին կար, պահելը ուղղակի անհնարին էր եւ վտանգավոր:

– Ձեր քաղաքապետության ժամանակ ի՞նչ լավ բան կար, որը կուզեիք որ ընտրվող քաղաքապետը իրականացնի, եւ ի՞նչ վատ բան կար, որը ոչ մի կերպ չէիք ուզի, որ վերադառնար:

– Թերեւս, ամենալավ բանը, որ ես կարող եմ ասել, եւ թող անհամեստություն չդիտվի, այն է, որ իմ օրոք քաղաքային իշխանությունների նկատմամբ վստահությունը վերականգնվեց հատկապես ներդրողների մոտ, նաեւ՝ երեւանցիների մոտ: Մարդիկ հավատում էին քաղաքային իշխանություններին, մեր ծրագրերին: Դրա վառ վկայությունն է այն, որ բոլոր ծրագրերը, որ սկսվեցին, թեկուզ նույն Հյուսիսային պողոտայի կառուցման ծրագիրը, իմ օրոք որեւէ մեկը նույնիսկ բարձր տոնով իմ առանձնասենյակում ինձ հետ չի խոսել: Մենք միշտ լուծումներ ենք գտել, եւ հավատը քաղաքային իշխանությունների նկատմամբ շատ մեծ էր: Հիշեք, որ Երեւանում հողի գինը զրո էր, եւ ներդրողներ չկային, իմ օրոք միայն մեկ մրցույթի արդյունքում կարողացանք միանգամից 670 դոլարի հասցնել հողի մեկ քառակուսի մետրի արժեքը եւ կարողացանք ներդրողներին գրավել, եւ սկսվեց լայնածավալ շինարարություն: Մինչ այդ կառուցվում էին կամ բենզալիցքավորման կայաններ, կամ պաղպաղականոցներ: Իմ օրոք սկսվեցին մեծ քաղաքաշինական պրոյեկտներ իրականացվել: Այ, այդ հավատը կուզեի վերականգնվեր քաղաքային իշխանությունների նկատմամբ: Իսկ ինչ վատ բան կար՝ ապօրինի շինարարությունները իմ ժամանակ կային, հիմա էլ կան, եւ ես կուզենայի, որ երեւանցին հասկանա, որ սա բոլորիս տունն է, եւ այս քաղաքը զոռբաների համար չէ, եւ բոլորս պետք է օրենքի տառը պաշտպանելով՝ ապրենք այստեղ: Ապօրինի շինարարությունները, որ մի գիշերվա մեջ ծնվում էին, եւ մենք մեր փոքր աշխատակազմով չէինք կարողանում դրա հախից գալ: Ես ապօրինի շինարարություն եմ համարում ոչ միայն հողազավթումը, այլեւ այն, որ հաստատված, ընդունված նախագծի փոխարեն՝ տեղում կառուցվում էր բոլորովին այլ բան: Եթե ես ինքս ինձ քննադատեմ, կքննադատեմ նրա համար, որ այդ ապօրինի շինարարության դեմ լավագույնս պայքարելը չստացվեց: Չստացվեց պայքարը այն զոռբաների դեմ, ովքեր ամեն մեկն իր ծննդավայրի ճաշակով, իր փողի ուժին զոռ տալով՝ փորձում էր իր ճաշակը մտցնել քաղաքամայր Երեւանում:

– Ընտրություններին մասնակցում են եւ ընդդիմությունը, եւ իշխանության բոլոր ուժերը, եղածների մեջ ունե՞ք ֆավորիտ թեկնածու:

– Ես կուզենայի, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին ավելի շատ մարդ ներկայացված լիներ, ընտրությունը ավելի մեծ լիներ: Բայց այդպես չէ: Ես Երեւանում ճանաչում եմ շատ մարդկանց, ովքեր արժանի են այդ պաշտոնին, եւ ցավում եմ, որ նրանք որեւէ կուսակցության ցուցակով ներկայացված չեն: Ինչ վերաբերում է ընդդիմության մասնակցությանը, իհարկե, ես դա ողջունում եմ, ցանկացած ընտրության եթե ընդդիմություն չկա, այդ ընտրությունները չեն կարող լավագույն համարվել: Ունեմ ես ֆավորիտ, թե ոչ՝ իհարկե՝ ունեմ, եւ ես կուզենամ, որ ամբողջ Երեւանը ընտրի հենց այն մարդուն, ում ես եմ նախընտրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել