Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻՆ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ԵՆ

Ապրիլ 21,2009 00:00

\"\"

Ըստ «Գլենդել Հիլզի» տնօրեն Վահե Ալմոյանի` Գյումրիում շինարարների դժգոհության եւ ցույցերի պատճառն այն է, որ նրանց տրամադրել են սխալ տեղեկատվություն:

Գյումրիի աղետի գոտում բնակարանաշինություն իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերությունը, ըստ գյումրեցիների, նախքան շինարարությունը սկսելը իրենց խոստացել է ամսական վճարել 91 հազար դրամ, մինչդեռ նրանք տեղեկացել են, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով ընկերությունը ամսական 35 հազար դրամից ավելի չի վճարելու: Բանվորները շինհրապարակում մի քանի անգամ բողոքի ցույցեր են կազմակերպել՝ «Գլենդել Հիլզի» ղեկավարությունից պահանջելով նորմալ վարձատրություն: Այս մասին «Առավոտն» արդեն տեղեկացրել է (15.04.2009): Շինարարները դժգոհել էին նաեւ, որ իրենք գրանցվել են ընկերությունում աշխատելու համար, սակայն արդեն քանի ամիս է՝ սպասում են շինաշխատանքների սկսվելուն: Այս խնդիրների առնչությամբ «Առավոտը» զրուցեց «Գլենդել Հիլզ» ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանի հետ: Ի պատասխան՝ շինարարներին խոստացվածից քիչ վճարելու վերաբերյալ մեր հարցին, պարոն Ալմոյանն ասաց. «Այժմ Գյումրիում մեր ընկերության հետ աշխատանքային պայմանագիր է կնքել 80 հոգի, իսկ 120-ի հետ՝ դրանք կնքման փուլում են: Պայմանագրերում նշվում է նրանց կողմից կատարվելիք աշխատանքի թե՛ ծավալը, թե՛ արժեքը: Այսինքն, տվյալ աշխատողը հստակ կարող է հաշվել, թե ամսվա վերջում որքան աշխատավարձ է ստանալու՝ նշված ծավալը կատարելու դեպքում: Ծավալները ի սկզբանե որոշված են եւ հաշվարկված՝ ելնելով այն բանից, որ տարվա վերջին պետք է հանձնենք 1320 բնակարան: Ինչ վերաբերում է բանվորական ուժին, ապա պայմանագրում ֆիքսված է, որ նրանք աշխատելու են օրական 3500 դրամով»: Իսկ մեր հարցին՝ եթե շինարարները նախապես տեղեկացված են եղել, թե ինչքան աշխատավարձ են ստանալու եւ ընկերությունը վարձատրության չափի մեջ փոփոխություն չի արել՝ որ՞ն է նրանց դժգոհության պատճառը, պարոն Ալմոյանը պատասխանեց. «Շատ կարճ ժամանակահատվածում 1500 մարդ միաժամանակ սկսեց գրանցվել ընկերության գրասենյակում, 500 մարդ էլ գրանցվել էր մարզպետարանի զբաղվածության կենտրոնում, այսինքն, ընդհանուր առմամբ, խոսքը 2 հազար մարդու մասին է: 2-3 ամիսների ընթացքում, երբ ընթանում էին նախագծման եւ նախապատրաստական, այդ թվում նաեւ տեխնիկայի ձեռքբերման աշխատանքները, մարդիկ սպասումների մեջ էին, թե երբ են սկսելու աշխատել: Սակայն շինարարությունը կրում է փուլային բնույթ: Կան մարդիկ, որոնք, ասենք, պատշար են եւ դեռեւս նրանց աշխատելու հերթը չի հասել, քանի որ աշխատանքը այդ փուլում չի գտնվում: Հետո արդեն ընտրվեցին այն մարդիկ, որոնք համեմատաբար ավելի շուտ էին գրանցվել եւ նրանց հետ կնքվեցին պայմանագրեր: Երեւի թե մարդկանց մոտ, ինֆորմացիայի պակասից ելնելով, ինչ-որ խնդիրներ են առաջացել, կամ այլ ինֆորմացիայի աղբյուրներից է նրանց հասել, որ գումարները շատ ավելի քիչ են լինելու, քան նրանց նախապես խոստացել են»: Վ. Ալմոյանի հավաստմամբ, այն շինարարները, որոնք իրենց հետ կնքած աշխատանքային պայմանագրեր ունեն կամ գտնվում են պայմանագրերի կնքման փուլում, իրենց ոչ մի դժգոհություն չեն ներկայացրել. «Եթե անգամ եղել են լոկալ դժգոհություններ, ապա մեր՝ տեղի ներկայացուցիչի հետ այդ հարցերը լուծվել են, դրանք գլոբալ խնդիրներ չեն: Հիմա արդեն բոլոր աշխատողներն իրենց խնդիրներով կարող են դիմել Գյումրիի քաղաքապետարանի հարեւանությամբ գործող մեր ընկերության գրասենյակ»:

«Առավոտի» այն հարցին, թե կա՞ն ծրագրեր, որոնք, տնտեսական ճգնաժամի հետ կապված, դադարեցվել կամ հետաձգվել են, պարոն Ալմոյանը պատասխանեց. «Կարծում եմ, ճգնաժամն անդրադարձել է շինարարությամբ զբաղվող բոլոր ընկերությունների վրա, պարզապես հարցն այն է, թե ինչ չափով է անդրադարձել եւ ինչ քայլեր են ձեռնարկվում ընկերության կողմից, որպեսզի այն մաքսիմում թեթեւ անցնի: Այն թիմը, որն այսօր աշխատում է մեր ընկերությունում, բավականին մեծ փորձ ունի կառուցապատման ոլորտում, եւ մենք առավելագույն չափով նվազագույնի ենք հասցրել ճգնաժամի ազդեցությունը մեր ընկերության վրա: Բոլոր ծրագրերը շարունակվում են ըստ նախատեսված գրաֆիկի: Պարզապես, եթե ժամանակին կառուցվում էր շատ արագ տեմպերով, հիմա մի քիչ տեմպերի դանդաղեցում է նկատվում ընդհանուր շինարարության ոլորտում, այսինքն՝ բոլորն աշխատում են կառուցել այն գրաֆիկով, որը պարտադիր է հանձնման համար, շինությունը շուտ հանձնելու վրա չեն աշխատում»:

Նշենք, որ «Գլենդել Հիլզը» առաջիկա 2 տարիների ընթացքում Գյումրիում պետք է կառուցի 3030 բնակարան: Առաջին փուլում, այսինքն՝ այս տարվա ավարտին, հանձնվելու է 1320 բնակարան: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 39 միլիարդ դրամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել