Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԸՆԹԱ՞Ց, ԹԵ՞ ԼՃԱՑՈՒՄ

Մայիս 01,2009 00:00

\"\"Ո՞վ կընտրվի ԵՊՀ արեւելագիտական ֆակուլտետի դեկանի պաշտոնում՝ առաջիկա երկուշաբթի

Երկուշաբթի օրը՝ մայիսի 4-ին, ԵՊՀ արեւելագիտական ֆակուլտետում դեկանի ընտրություններ են կայանալու: Թեկնածուները 3-ն են՝ նույն ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի նախկին վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Սամվել Կարաբեկյանը, իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գառնիկ Ասատրյանը եւ ներկայիս դեկանը՝ բանասիրական գիտությունների թեկնածու Գուրգեն Մելիքյանը:

73-ամյա Գ. Մելիքյանը նախապես հայտարարել էր, որ չի առաջադրելու իր թեկնածությունը դեկանի պաշտոնում, սակայն առաջադրվեց: Նրա այդ քայլը տարբեր կերպ ընկալվեց գործընկերների մոտ: Ֆակուլտետում կան մարդիկ, ովքեր, օգտվելով ներկայիս դեկանի բարությունից եւ այն բանից, որ նա իր հասարակական-բարեսիրական գործերով, երբեմն էլ՝ առողջական խնդիրներով, երկար ժամանակով բացակայում է, կարողանում են որոշ «հարցեր լուծել»: Նրանց, ինչպես նաեւ Գ. Մելիքյանին մեծարող ուսանողների համար նրա առաջադրումը անչափ ուրախալի էր: Նկատենք, որ Գուրգեն Մելիքյանը հայտնի բարեգործ է. «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը երկար տարիներ իրականացնում է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, այդ թվում՝ հանձն է առել ֆակուլտետի մի շարք ուսանողների ուսման վարձերի վճարումը: Ու, բնականաբար, զուտ մարդկայնորեն, Գ. Մելիքյանին ֆակուլտետում, հատկապես ուսանողները, հարգում եւ սիրում են: Թեեւ մեզ հետ զրուցած նույնիսկ այն ուսանողները, որոնք, ի պատասխան մեր հարցին՝ ո՞ւմ կուզեք տեսնել դեկանի պաշտոնում, առանց տատանվելու աղաղակում էին՝ «միայն մեր պարոն Մելիքյանին», նրանք էլ էին շեշտում, որ, ի տարբերություն դեկանի, դեկանատի աշխատանքներից գոհ չեն: Մյուս կողմից, նաեւ այն դասախոսները եւ ուսանողները՝ ներկա ու նախկին, ովքեր շատ լավ են վերաբերվում արեւելագիտականի երկարամյա դեկանին, նշում են, որ մարդկային որակները՝ մի կողմ, սակայն ֆակուլտետին անհրաժեշտ է նոր մարդ, որը թարմություն կբերի լճացած գիտական կյանքին, եւ, ի վերջո, եթե ողջ համալսարանում ընթանում է երիտասարդացման պրոցես, ապա արեւելագիտականում, որն այսօրվա դրությամբ ռազմավարական նշանակություն ունեցող ֆակուլտետ է, նույնպես անհրաժեշտ են թարմ հոսքեր:

Ֆակուլտետին ծանոթ եւ որեւէ շահ չունեցող մարդիկ (ԵՊՀ այլ ֆակուլտետների դասախոսներ, արեւելագիտականի շրջանավարտներ) գտնում էին, որ Գ. Մելիքյանի առաջադրումը սխալ եւ չարդարացված քայլ էր. «Նա պետք է պատվով ու հարգանքով թողներ իր տեղը, նման խաղերի մեջ չմտներ ու թույլ չտար, որ նման տհաճ պատմություններ առաջանան ֆակուլտետի դեկանի ընտրության շուրջ»: Ըստ նրանցից շատերի՝ այդ պաշտոնում ամենաարժանավոր թեկնածուն իրանագիտության ամբիոնի վարիչ Գ. Ասատրյանն է՝ համաշխարհային ճանաչում ունեցող արեւելագետ, թեկնածուների միջից միակ դոկտորն ու պրոֆեսորը:

Զրուցեցինք նաեւ վերջինիս հետ: «Գուրգեն Մելիքյանը հայտնի բարեգործ է, սիրված անձնավորություն, այս առումով երկու կարծիք լինել չի կարող: Բայց բարեգործությունն արեւելագիտության հետ կապ չունի: Եվ, ցավոք սրտի, ֆակուլտետը տուժում է, ֆակուլտետի ղեկավարությունը Մելիքյանի փոխարեն այլ մարդիկ են իրականացնում, որոնք անպատրաստ են ե՛ւ որպես գիտնական, ե՛ւ որպես դասախոս, մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ տեղ են զբաղեցնում եւ մի հոդված չեն գրել… Ես կուզենայի, որ գեղեցիկ ձեւով սերնդափոխություն կատարվեր, պատրիարքի պես վեհորեն նա իր ձեռքը վերցներ սերնդափոխության եւ ազնիվ ընտրություններ անցկացնելու գործը: Ինքն էլ մնար ֆակուլտետում՝ որպես ավագ գործընկեր, որպես պատրիարք… Ավագ գիտնականները, ավագ դասախոսներն են համալսարանը դարձնում համալսարան, ու Գ. Մելիքյանի պես մարդն իսկապես կարեւոր դեր պետք է ունենա ֆակուլտետում… բայց եւս 5 տարի այս իրավիճակը հանդուրժել հնարավոր չէ: Դա կնշանակի ապատիա, լճացում, կադրերի արտահոսք… Արեւելագիտության ֆակուլտետում իմ ստեղծած ամբիոնը համաշխարհային հռչակ ունեցող ամբիոն է՝ ոչ միայն գիտական ձեռքբերումներով, կադրերի փայլուն համաստեղությամբ, այլեւ՝ բարքերի մաքրությամբ: Ամբողջ ՀՀ բուհական համակարգում իմ ամբիոնը այդ տեսանկյունից օրինակելի է… Դեկանի պաշտոնը ամենից քիչ ինձ է պետք այն իմաստով, որ կարիերայի առումով ես հասել եմ գագաթնակետին: Իմ հիմնադրած «Իրան եւ Կովկաս» միջազգային պարբերականը համաշխարհային մակարդակով արեւելագիտական կարեւորագույն 3-4 հանդեսներից մեկն է: Ես իմ դպրոցն եմ ստեղծել՝ 30-35 տարեկան լուրջ իրանագետներ եւ լուրջ արեւելագետներ, որոնցից շատերն արդեն համաշխարհային վարկ ունեն…»,- ասաց Գառնիկ Ասատրյանը:

Երբ պարզ դարձավ, որ Գ. Մելիքյանը կրկին դնում է իր թեկնածությունը դեկանի պաշտոնում, դեկանի մյուս հավակնորդը՝ Սամվել Կարաբեկյանը, որը 15 տարի շարունակ ղեկավարում էր արաբագիտության ամբիոնը, եւ միայն վերջերս նրան քաղաքական հայացքների համար «պաշտոնանկ» արեցին՝ նրա հետ կնքված պայմանագիրը լուծվեց, հանկարծակի պարզեց, որ դեկանի ընտրությունը վստահված է մի խորհրդի, որի կազմը վստահություն չի ներշնչում: «Համալսարանի հեղինակությունն ինձ համար բարձրագույն արժեքներից է, եւ, իմ կարծիքով, դեկանի ընտրությունները, այն էլ՝ Մայր բուհում, պետք է լինեն կրթական ծրագրերի եւ նախագծերի, թեկնածուների ունեցած տեսլականների մրցակցության ոլորտում, սակայն երբ առաջ են գալիս տարբեր գավառական խորամանկություններ, տարբեր տեսակի մեքենայություններ, զեղծարարություններ, հարցականի տակ է դրվում ոչ միայն նման գործընթացի արդյունքում կայացած «ընտրությունների» արժանահավատությունը, այլեւ ողջ պրոցեսն իմաստազրկվում է: Երբ ես, որպես թեկնածու, խնդրեցի կազմը, որ ծանոթանամ այն խորհրդի հետ, որն անց է կացնելու ընտրությունը, ընդամենը համեմատեցի ֆակուլտետի գործող կանոնադրության հետ, հայտնաբերեցի ԵՊՀ կանոնադրության 3 կոպիտ խախտում: Դրանք ուղարկեցի ԵՊՀ ռեկտորին, նա ընդունեց, ու սկսվեց շտկումների պրոցեսը: Ինչպես ասում են՝ պայքարը գնում էր յուրաքանչյուր բարձունքի համար… Շատ մեծ դժվարությամբ ինչ-որ առաջխաղացում եղավ, բայց ցուցակի կազմավորման վերջին փուլում գործեց նույն մեթոդը՝ դարձյալ կանոնները խախտելով ներկայացվեց կազմ, որի մասին ոչ ոք տեղյակ չէր: Ես վճռական եմ մինչեւ վերջ պայքարել, որպեսզի ընտրական գործընթացը իր բոլոր բաղադրիչներով լինի թափանցիկ եւ մաքուր: Ռեկտորին նամակ կգրենք, ի վերջո՝ ԵՊՀ-ն ունի կառավարման խորհուրդ, կդիմենք այդ խորհրդի նախագահին (հիշեցնենք, որ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է- Մ. Բ.) եւ այլն… Կարեւոր չէ, թե ով կընտրվի, կարեւորն այն է, որ կազմը լինի արժանահավատ եւ օրինական»:

Գուրգեն Մելիքյանից հարցրինք՝ ինչո՞ւ միտքը փոխեց եւ որոշեց առաջադրվել դեկանի պաշտոնում, ո՞վ նրան ստիպեց: «Ինձ ոչ ոք չի ստիպել, սկզբում հրաժարվել էի, բայց իմ գործընկերները եւ ուսանողները դիմեցին ինձ, դիմեցին նաեւ ռեկտորին, որ թույլատրեն ես մասնակցեմ… Ես էլ որոշեցի մնալ: Ես դեռ այնքան ուժ եմ գտնում մեջս, որ կարծում եմ՝ եւս մի քանի տարի կկարողանամ ղեկավարել եւ բավարարել իմ գործընկերների ցանկությունը»: Ինչ վերաբերում է տարիքին, ապա Գ. Մելիքյանը նկատեց, որ ի տարբերություն իր երիտասարդ գործընկերների, ինքն առավոտյան 9-ից ֆակուլտետում է լինում:

Դեկանի տեղակալը՝ ասիստենտ Քնարիկ Միրզոյանը, ով Գուրգեն Մելիքյանին «համոզողներից» է, ասաց. «Նրան ամբողջ կոլեկտիվը շատ սիրում է որպես ազգային դիմագիծ ունեցող մարդու, մարդկային ֆակտորը շատ կարեւոր է: Մարդը կարող է լինել լավ գիտնական, բայց կազմակերպչական, ադմինիստրատիվ գործոններ չունենա, դեկանը ուրիշ բան է, ամբիոնի վարիչը՝ ուրիշ»: Տիկին Միրզոյանը բացառում էր խորհրդի ցուցակում զեղծարարությունների եւ մեքենայությունների պահը. «Ֆակուլտետում գործում է մեծ խորհուրդ, որը կազմվել է 5 տարի առաջ. ամեն անգամ դեկան ընտրվելուց անմիջապես հետո ընտրվում է նոր խորհուրդ՝ ըստ կանոնադրության: Մեր խորհուրդը հաստատվել է 2004-ի հունիսի 25-ին եւ պետք է գործի մինչեւ 2009-ի հունիսի 25-ը: Ճիշտ է, շտկելու կարիք կար, որովհետեւ համամասնությունը խախտվել էր՝ ոմանք գնացել են երկարատեւ գործուղման, մեկը մահացել էր եւ այլն, ուսանողներ կային, որ ավարտել-գնացել են… Մի խոսքով, պիտի շտկվեր, եւ ապրիլի 17-ին խորհրդի նիստ հրավիրեցինք, շտկումներ արեցինք, բայց նրանք ուզում են ստեղծել լրիվ նոր ցուցակ, իսկ դա կանոնադրությամբ թույլատրված չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել