Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐԱԻՆՏԵԳՐՎՈՂ» ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Մայիս 05,2009 00:00

Որքան էլ տարբեր լինեն Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության դրդապատճառները, երկու երկրներն ունեն մեկ ընդհանրություն: Դա ղարաբաղյան հակամարտության մեջ իրենց դիրքորոշումները այդ հարթակներում պաշտպանելու ու առաջ տանելու խնդիրն է: Ի՞նչ դերակատարություն ունեն միջազգային կազմակերպությունները հակամարտության հետագա զարգացման մեջ, կապվո՞ւմ են, արդյոք, եվրոպական ատյանների հետ առնչությունները Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության ապահովման հետ: Ստորեւ բերվող մեր հարցազրույցներում վերլուծված են նաեւ այլ խնդիրներ:

«Առավոտ» եւ Բաքվում «Նովոյե վրեմյա» թերթերում տպագրվող նյութերը պատրաստվել են «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resourses) կազմակերպության աջակցությամբ:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

«Ամենամեծ խնդիրը ճիշտ ընկալումներն են»

\"\"Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Ստեփան Սաֆարյանի հետ

– Հայաստանում կա՞ երկրի համար հրատապ խնդիրների լուծման գործում եվրոպական եւ ուրիշ միջազգային կազմակերպությունների հնարավորությունների ու դերի ադեկվատ ընկալում:

– Ոչ, ես կարծում եմ, որ հատկապես վրաց-ռուսական պատերազմից հետո դրսեւորված ամենամեծ խնդիրը ընկալումների ադեկվատությունն է: Տարածաշրջանի բոլոր երկրներում կա մեծ դժգոհություն եվրատլանտյան հանրակցության եւ հաստատությունների քաղաքականությունից: Մեր երկրներում ճիշտ պատկերացումներ չունեն եվրատլանտյան հանրակցության մասին, եւ ճիշտ ակնկալիքներ չունեն նրանից: Եվ հակառակը, եվրատլանտյան հանրակցությունը կարծում է, թե մեր հասարակությունները հիացած են այն ամենից, ինչ ինքն անում է այստեղ: Հասարակությունները սպասում են, որ Եվրոպան եւ եվրատլանտյան հանրակցությունն այս տարիների ընթացքում պիտի որ շոշափելի հաջողություններ բերեին ժողովրդավարացման հարցերում: Վրաստանում 2003-2004թթ. «Վարդերի հեղափոխությունից» հետո ողջունվեց Սահակաշվիլու իշխանությունը, համարվեց, որ Վրաստանը դառնում է տարածաշրջանի ժողովրդավարության փարոսը: Հետագայում ամեն ինչ բերեց նրան, որ հասարակության լայն շերտերն սկսեցին դժգոհել ոչ միայն Արեւմուտքի ու եվրատլանտյան կառույցների կողմից տրված գնահատականներից, այլեւ ժողովրդավարության նահանջից: Նույնպիսի իրավիճակ այսօր Հայաստանում է: Հայ հասարակությունն էլ շատ մեծ հիասթափություն ունի եվրատլանտյան կառույցներից ընտրությունների եւ ժողովրդավարական բարեփոխումների առումով, համարում է, որ Արեւմուտքը շահագրգռված չէ հասնել մեր երկրներում լիարժեք ժողովրդավարական վիճակի, քանի որ նրան ձեռք են տալիս այս իշխանությունները եւ այս կարգի ռեժիմները: Նույնը Ադրբեջանում է, հատկապես սահմանադրական վերջին (2009 թ. մարտ – խմբ.) փոփոխություններից հետո, երբ հանվեց անընդմեջ նախագահ ընտրվելու արգելքը: Ոմանք դա համեմատում են խանության վերածննդի հետ: Ակնհայտ է, որ ադրբեջանական հասարակությունը հիացած չէ ադրբեջանական իշխանությունների այդ քայլի, առհասարակ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանում ընթացած բարեփոխումների առիթով Արեւմուտքի եւ միջազգային հանրության հնչեցրած գնահատականներից:

– Հայաստանը եւ Ադրբեջանը միասին դարձան ԵԽ անդամ եւ ընդունվելիս ստանձնեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություն: Արդյոք ԵԽ-ում, նրա կառույցներում (ասենք՝ ԵԽԽՎ-ում) ընդունած տարբեր որոշումները, Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները ազդեցություն ունե՞ն ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վրա:

– Մասամբ ունեն, բայց ոչ միայն եվրոպական կառույցները, այլ ընդհանրապես միջազգային համակարգը քանիցս ապացուցել են, որ միակ բանը, ինչ կարող են անել, դա բռնությունների ալիքի մեծացումն ինչ-որ պահից դադարեցնելն է, բայց ոչ խնդիրների ռազմական ճանապարհով լուծումը կանխարգելելը: Դա եւ պաղեստինա-իսրայելական օրինակն է, եւ վրաց-օսեթական իրավիճակը: Հաշվի առնելով եվրոպական կառույցներից ունեցած կախվածությունը՝ ուզում ես հավատալ, որ երկու երկրները կփորձեն իրենց խնդիրները լուծել խաղաղ, բանակցությունների ճանապարհով, բայց, ցավոք սրտի, անցյալը ցույց է տալիս, որ նման կարգի պարտավորությունները, ինչպես եւ շատ այլ պարտավորություններ քաղաքական ու տնտեսական բարեփոխումների ոլորտում, ավելի շատ ձեւական բնույթ են կրում, քան ռեալ կանխարգելիչ նշանակություն ունեն:

2001թ. Ադրբեջանը եւ Հայաստանը ԵԽ առջեւ ստանձնեցին ղարաբաղյան խնդիրը բանակցությունների ճանապարհով լուծելու պարտավորություն, բայց դա չխանգարեց, որ Ադրբեջանի իշխանությունները միլիտարիզացնեն իրենց հասարակությունը, մեծացնեն ռազմական ծախսերը, ինչը բերեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սպառազինության մրցավազքի: Սա ցույց է տալիս, որ պարտավորություններին երկրներում այնքան էլ մեծ կարեւորություն չի տրվում, եւ կարող են շատ հանգիստ շրջանցել դրանք: Լավատեսությամբ է այսօր դիտարկվում նաեւ Մայնդորֆյան հռչակագիրը, բայց կրկին նույն իրավիճակն է. նման փաստաթղթերը, որ ստորագրվում են երկկողմ, եռակողմ ձեւաչափերով, իրականում շատ մեծ ազդեցություն չունեն կողմերի վարքագծի վրա: Ստատուս քվոյի պահպանության իրական երաշխիքները ոչ թե եվրոպական կառույցների առջեւ ստանձնած պարտավորություններն են, այլ ուժերի հարաբերակցությունը, որը կողմերին ետ է պահում պատերազմի միջոցով խնդիր լուծելուց, եթե չկա վստահություն, որ դա հաջողություն կբերի:

– ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ: Հաշվի առնելով իրադարձությունների հետօգոստոսյան զարգացումները տարածաշրջանում եւ ընդհանրապես միջազգային հարաբերություններում՝ այսօր Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու կամ այն ուրիշ կառույցներով փոխարինելու անհրաժեշտություն կա՞։

– Ոչ՝ չկա, որովհետեւ, որքան էլ դժգոհություն կամ մեծ ակնկալիքներ ունենանք այդ կառույցից, այնուամենայնիվ, չկա որեւէ այլ միջազգային կազմակերպություն, որը կարող է ավելի արդյունավետ լուծումներ գտնել կամ կառավարել կոնֆլիկտը: Այս տարիների ընթացքում Մինսկի խմբին, կարծում եմ, մի բան գոնե հաջողվել է: Դա կոնֆլիկտի մենեջմենտն է, կոնֆլիկտը կառավարելի պահելը, երբ չի ստացվում ավելի լավ վիճակի ապահովումը:

Որեւէ այլ կառույց, այդ թվում եւ ՄԱԿ-ը, անգամ նման փորձառություն չունի: ՄԱԿ-ը եղել եւ մնում է որպես իրադարձություններին արձագանքող կազմակերպություն, քանի որ ամենօրյա աշխատանքային ռեժիմում չի վերահսկում իրավիճակն այնպես, ինչպես դա անում է ԵԱՀԿ-ն կոնկրետ ղարաբաղյան հակամարտության պարագայում՝ պահելով բանակցությունները ակտիվ վիճակում, կամ որոշակիորեն փորձելով մոնիտորինգ իրականացնել հրադադարի պայմանագրի հիման վրա: Մի փոքր անհանգստացնում է, որ այժմ Ռուսաստանը եւ Ադրբեջանն ունեն ընդհանուր շահ՝ գործընթացը Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու եւ Մինսկի խմբի դերակատարությունը նվազեցնելու հարցում: Առաջին հերթին ադրբեջանական կողմը պետք է պատկերացնի, որ դրան հասնելը չի նշանակում շահել, որովհետեւ ժամանակակից պատերազմների բնույթը փոխվել է, դրանք ոչ գծային են դարձել: Կարծում եմ, որ գործընթացը Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելն անթույլատրելի է եւ չի բխում որեւէ կողմի շահերից: Ռուսաստանն այս հարցում Հայաստանի իշխանության զորակցությունը չի ունենա:

– Ժամանակակից միջազգային հարաբերությունների պայմաններում միջազգային ո՞ր կառույցների հետ համագործակցությունն է Հայաստանում ընկալվում որպես անհրաժեշտություն սեփական անվտանգության ապահովման համար:

– Անվտանգությունը Հայաստանում եւ կովկասյան այլ երկրներում առավելապես գնահատվում է ռազմական տեսանկյունից: Դա իր հերթին բերել է բազմաթիվ խնդիրներ, եւ այստեղ է, որ եվրատլանտյան կառույցները ձախողվել են: Նրանք պետք է հասարակությունների տրանսֆորմացիայի, քաղաքական համակարգերի բարեփոխման ճանապարհով նաեւ փոխեին քաղաքացիների ընկալումները, կարծիքներն անվտանգության մասին, որն ունի մի շարք բաղադրիչներ՝ մարդու իրավունքներ, ռազմաքաղաքական, էկոլոգիական եւ այլն: Այսօր, վրաց-ռուսական պատերազմից հետո առավել կենսունակ են գնահատվում հատկապես ռազմաքաղաքական աջակցության մեխանիզմները, եւ որեւէ մեկը չի կարող համեմատել Եվրոպայի, Միացյալ Նահանգների՝ Վրաստանին ցուցաբերած քաղաքական աջակցության, եւ Ռուսաստանի՝ Օսեթիային ու Աբխազիային ցուցաբերած աջակցության միջեւ: Ակնհայտ է, որ բոլոր հասարակությունները հրաշալի տեսնում են, որ այս տարածաշրջանում ռազմական աջակցությունը շատ ավելի կարեւոր է ու արդյունավետ, քան այն քաղաքական աջակցությունը, որը կարող է ցուցաբերել միջազգային հանրությունը կոնֆլիկտի դեպքում: Պատահական չէ, որ պաշտոնական Երեւանի եւ Բաքվի ուշադրությունն առավելապես կենտրոնացած է Մոսկվայի վրա, որը որոշ իմաստով ցույց տվեց, որ ինքն ավելի ռեալ անվտանգության երաշխավոր է հասարակությունների եւ պետությունների համար, քան Արեւմուտքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել