Լրահոս
Օրվա լրահոսը

Հզոր ենք նաեւ մարզիչներով

Մայիս 05,2009 00:00

\"\"Շախմատի ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի շրջանակներում նախատեսված վեց մրցաշարերից Նալչիկում ավարտված չորրորդից հետո, որում հերթական անգամ իր «սուպեր» կարգը հաստատեց Լեւոն Արոնյանը, իսկ նրան այդ հարցում թեւութիկունք եղավ նաեւ մեր հանրապետության շախմատային էլիտայի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը, բնագավառի վերին ատյաններում արձագանքները շարունակվում են:

Մասնավորապես, շախմատային բոլոր հեղինակությունները նշում են, որ Արոնյանը համաշխարհային շախմատի ներկայիս ամենավառ ներկայացուցիչն է ու… աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի ամենաարժանավոր հավակնորդ մրցակիցներից մեկը:

Ինքը՝ Լեւոնը, որը դա նույնպես քաջ գիտակցում է, իր՝ մանկան նման պարզ էության համաձայն, «երես չի առնում»:

Նրա փոխարեն Արոնյանի իսկական արժանիքները գնահատում են թե նրա մշտական մրցակիցները, թե շախմատային մեկնաբանները: Մասնավորապես, «ChessPro»-ի մեկնաբան, բազմափորձ Յուրի Վասիլեւը (ու ոչ միայն նա) բոլոր ռեպորտաժներում որպես լավագույն մասնագետ ու փորձագետ միշտ էլ հիացմունքով է արտահայտվում Լեւոն Արոնյանի խաղի մասին՝ անկախ տվյալ պահին արձանագրված արդյունքից: Սակայն ավելի գնահատելի է, որ Արոնյանին արժանիորեն գնահատում են նաեւ տարբեր մրցաշարերում նրա անմիջական մրցակիցները: Ու կապ չունի, նրանք հաղթե՞լ են նրան, թե՞ պարտվել:

Եթե շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, աշխարհի փոխչեմպիոն եւ Հայաստանի ազգային հավաքականի անդամ Վլադիմիր Հակոբյանի՝ Նալչիկից հետո լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում արած հայտարարությունը, թե Արոնյանը շախմատային հանճար է, շատերը կարող են որակել որպես ընկերոջ գովեստ իր թիմակցին, դրանից խնդրի էությունը չի փոխվում: Շախմատային պրոֆեսիոնալ մասնագետներն ու լրատվամիջոցները հատուկ ընդգծում են, որ Լեւոնն արդեն գրեթե միանշանակ իր համար ապահովել է հավակնորդների մրցաշարի ուղեգրերից մեկը: Ու նրան բավարարում է ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի՝ օգոստոսին կայանալիք հայաստանյան մրցաշարում լիակատար չտապալվելը, ինչը քիչ հավանական է, եթե չասենք՝ համարյա անհավանական: Ճիշտ է, ադրբեջանցիներն իրենց հրապարակումներում առաջինը նշում են Թեյմուր Ռաջաբովի անունը, իսկ հայ գրոսմայստերի հետագա հնարավորությունները դնում խիստ կասկածի տակ:

Իսկ մենք այս ամենի մասին ունենք մեր համոզմունքը: Լեւոն Արոնյանն իսկապես մեր դարաշրջանի շախմատային գերաստղերից է: Ու, ճիշտն ասած, կարեւոր էլ չէ, թե նա երբեւէ կկրի՞ շախմատային թագը, թե՞ ոչ:

Արոնյանը նվաճեց «Grand Prix»-ի այս մրցափուլի միանձնյա հաղթողի կոչումը: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Վլադիմիր Հակոբյանը, հայկական ընտանիք կազմած հունգարացի Պետեր Լեկոյի հետ միասին բաժանեց 2-3-րդ տեղերը: Թվում է, թե ավելի ոչինչ Կաբարդինո-Բալկարիայից սպասել հնարավոր չէր: Բայց ոչ: Այդպես չէ:

Արդեն տեղեկացրել ենք, որ Ուկրաինայի ու աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը՝ գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, որոշել է Նալչիկից հետո ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն եւ հետագայում հանդես գալ ՌԴ դրոշի ներքո: Եթե դա տեղի ունենա, Կարյակինին, որն արդեն Մոսկվայի կենտրոնում բնակարան է վարձել, մարզելու է Յուրի Դոխոյանը, որի հետ որոշ չափով համագործակցություն հաստատվել էր դեռ ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ում: ԶԼՄ-ները, սովորաբար, արձանագրում են մարզիկի նվաճումը կամ ձախողումը ու, որպես կանոն, անուշադրության մատնում այն անձին, ում շնորհիվ ձեռք է բերվել հաջողությունը կամ ում պատճառով ձախողում արձանագրվել: Հայաստանցի շախմատասերները, անկասկած, լսել են Յուրի Դոխոյանի մասին: Սակայն, կարծում ենք, քչերը գիտեն, որ նա շուրջ 10 տարի եղել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի մարզիչը, եղել նրա ֆենոմենալ նվաճումների «պատճառն» ու վկան: Յուրի Դոխոյանը ամենապատասխանատու մրցումներին նախապատրաստել է նաեւ Տատյանա եւ Նադյա Կոսինցեւա քույրերին: Եվ նրա օրոք են քույրերը հասել իրենց շախմատային կարիերայի լավագույն արդյունքներին: Տատյանան երկու անգամ նվաճել է Եվրոպայի, իսկ Նադյան՝ Ռուսաստանի չեմպիոնի կոչումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել