Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանային հողերը՝ գլխացավա՞նք

Մայիս 13,2009 00:00

\"\"«Սահմանապահ» գյուղացիները իշխանություններից տարբերակված մոտեցում են ակնկալում

Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս գյուղի մշակահողերի 80%-ը գտնվում է սահմանային գոտում, ասել է թե՝ գյուղացին իր սեփականություն հանդիսացող հողամաս ելումուտ է անում բացառապես անցագրով՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

Գյուղացին այնքան էլ գոհ չէ անցագրով ամրագրված թույլատրելի ժամերից, որովհետեւ հակառակ իր՝ շոգ ամռանը գիշերային ժամերին աշխատելու ցանկությանը, արտոնությունը տրվում է հիմնականում ցերեկային ժամերի համար: Բայց մարդիկ պատրաստ են դրան էլ համակերպվել, եթե պետությունը «սահմանապահ» գյուղացիներին համապատասխան վերաբերմունք ցուցաբերի: Իսկ քանի դեռ իրենց վիճակը հայրենի կառավարությանը չի հուզում, արաքսցիները սահմանային բերրի հողերը մատնել են անտերության:

Ավելի «հեռատեսները», օգտվելով գյուղացիների անճարությունից, օգնության իրենց տարբերակն են առաջարկել՝ համագյուղացիներից գնել կամ վարձակալել են հողերը եւ, միավորելով իրենց ունեցածին, սկսել են ցորենի կամ առվույտի մշակություն: Արաքս գյուղի սահմանային գոտում կանաչ էին հիմնականում գյուղապետ Ավագ Միքայելյանի մշակադաշտերը, որոնց մեծ մասը համագյուղացիների հողերն են:

Իսկ ի՞նչ է ուզում արաքսցին, ով այլեւս խաչ քաշելով սեփականաշնորհած սահմանային հողերի վրա, ուշադրությունը կենտրոնացրել է փշալարից այս կողմ գտնվող մի քանի մետր տնամերձին: «Ուզում ենք, որ մեզ համար զեղչեր լինեն: Եթե ուրիշ գյուղերում հողագործը իր ուզած ժամին կարա մտնի իր հողը եւ վար ու ցանք անի, ջուր անի՝ ինքը չի վախենա. թեկուզ թանկ, բայց կվճարի սերմացուի, պարարտանյութի, ջրի գինը, որովհետեւ գիտի՝ հողի ու ցանածի գլխին կանգնած ա, եկամուտն էլ՝ ապահովված… Բայց մե՞նք ինչ հույսով թանկ ու կրակ տանք առնենք, եթե մեր ուզած ժամին հողի գլխին չենք լինելու, ըստ պահանջի չենք մշակելու, բնականաբար՝ նաեւ եկամուտ չենք ունենալու: Իսկ եթե զեղչեր անեն՝ որոշ չափով օգնած կլինեն մեզ. արդեն ժամով մտնել-դուրս գալներս աչքներիս չի երեւա, կաշխատենք նույնիսկ «պրոպուսկով» նշանակված, գյուղաշխատանքի համար ոչ բարենպաստ ժամին, երբ դրսում 40 աստիճան շոգ ա»,- ասաց Արաքսի բնակիչ Արիս Շարոյանը: Արաքսցի զրուցակիցներս ցավով էին արձանագրում, որ Արարատյան դաշտի արգասաբեր հողն անմշակ է մնում ու նշում էին՝ ոչ մեր մեղքով: Եթե տնամերձերի ոռոգման հարցը լուծված է, ապա նույնն ասել սահմանային հողերի դեպքում՝ չի կարելի: Գյուղի բնակիչների կարծիքով, եթե սահմանային գոտու հողերի համար խորքային հորեր հորատվեն՝ ոռոգման խնդիրը կլուծվի, բայց թույլ չեն տալիս: Արաքսի գյուղապետի տեղակալ Սուրեն Գալստյանի փոխանցմամբ՝ կառավարությունն է արգելել Արարատյան դաշտավայրում հորատման աշխատանքներ կատարել:

Այլ էր Արմավիրի մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանի պատասխանը: Ըստ նրա՝ նախորդ տարիներին բնապահպանության նախարարությունը Արաքսին արտոնել էր հորատել եւ շահագործել երեք խորքային հորեր: Սակայն գյուղապետը թերացել էր կատարել տեխնիկական որոշ պահանջներ, ինչի համար կասեցվել է հաջորդ երեք հորերի համար տրվելիք թույլտվությունը:

Ու մինչ չինովնիկները մեղավորներ են փնտրում, հերթական գյուղատնտեսական տարին հարկադիր պարապուրդով են մեկնարկում Արաքսի հողագործները: Նրանցից շատերը նույնիսկ գնորդներ են փնտրում՝ սահմանային հողերը վաճառելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել