Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիք-Սփիւռք մերձեցման հիմնական բաղադրիչը

Մայիս 20,2009 00:00

Ալպեր Քամիւ. «Ես մի հայրենիք ունեմ՝ ֆրանսերէնը»

Սկիզբը՝ նախորդ համարներում

Իսկ սփիւռքահայի համար (եւ ոչ միայն նրա) այս ասոյթը կարելի է կիրառել Կարէն Ա. Սիմոնեանի վերաձեւակերպումով՝ «Իմ միակ հայրենիքը Հայերէնն է»: Սա նշանակում է, որ սփիւռքահայի համար հայրենիքը պահպանւում է լեզուի մէջ, լեզուի շնորհիւ: Իսկ դա էլ իր հերթին փաստում է, որ քանի դեռ Սփիւռքը խօսում է հայերէն (արեւմտահայերէն), ուրեմն գոյատեւում է: Ասել է թէ՝ հայապահպանում նշանակում է լեզուապահպանում: Ահա այս կէտից պէտք է մեկնել Սփիւռքի նախարարութեան նպատակադրումը՝ հայ ոգու հայրենադարձումը, որը դրուելու է մերձեցումների հիմքում:

Լեզուական հիմքի վրայ մերձեցման առաջին քայլերը պէտք է նախ ուղղուած լինեն արեւմտահայ եւ արեւելահայ գրական լեզուները մերձեցնելուն: Խօսքը վերաբերում է ընդհանուր դասական ուղղագրութիւնը վերականգնելուն եւ այդ երկու ճիւղերի բառապաշարները երկուստէք օգտագործելուն, դրանց միջեւ եղած անհարկի տարբերութիւնները վերացնելուն եւ յընթացս եղած ընդհանրութիւնները լայնօրէն տարածելուն, ուղղագրութիւնից շեղուած եւ չկանոնարկուած բառերի միասնական գրելաձեւեր կանոնարկելուն, տառադարձական եւ բառաշինական (բառեզրաբանական) հարցերում միասնականութիւն սահմանելուն, նաեւ ստեղծելու (գործնականում օգնութիւն ցուցաբերելու նպատակով) Հայաստանեան դասական ուղղագրական բառարան, երկու ճիւղերի նոյնիմաստ, բայց տարանուն բառերի եւ տարիմաստ, բայց նոյնանուն բառերի բառարան, ինչպէս նաեւ ուղղախօսական բառարան՝ «գրւում է այսպէս, կարդացւում է այնպէս» սկզբունքին պատկանող բառերի ճիշտ արտասանութեան համար: «Մեսրոպեան ուխտ» միութիւնը յանձնառութիւն ունի այս աշխատանքները կատարելու, սակայն ճիշտ կը լիներ այս գործին լծուել հայրենիքի լեզուաբանների մասնակցութեամբ, համատեղ ջանքերով: Այս հարցում ակնկալելի է Սփիւռքի նախարարութեան միջնորդութիւնը: Մի կողմ դնենք արեւմտահայերէնի անհեռանկարային լինելու եւ մահանալու մասին դամբանական ճամարտակութիւնները եւ զբաղուենք մեր լեզուի այդ միւս կէսի խնդիրներով, նաեւ արեւելահայերէնը արեւմտահայերէնի ճոխ բառապաշարով հարստացնելով: Եթէ տէր չկանգնենք եւ կորցնենք արեւմտահայերէնը, կը կորցնենք նաեւ այդ լեզուաճիւղը կրողներին: Իսկ օտարախօս դարձած սփիւռքը աւելի է հեռանալու հայրենիքից եւ այդ դէպքում մահացողը լինելու է հէնց միասնական ազգ ու հզօր հայրենիք կերտելու՝ համազգային կարեւորութիւն ունեցող քաղաքական գործընթացը:

Աւելորդ է ասել, որ ազգի միւս կէսի եւ այս կէսի՝ լեզուական հարցերում հաւասար կարգավիճակ չունենալը աղքատացնում է մեր ընդհանուր լեզուն, շրջանառութիւնից դուրս է հանում մեր մշակույթի մի կարեւոր կէսը, արեւելահայ հատուածին զրկում է «բնագրով» ծանօթանալու միւս հատուածի դասականների՝ Պարոնեանի ու Օտեանի, Վարուժանի ու Թէքէեանի, Զօհրապի ու Շահնուրի, Ալիշանի ու մխիթարեանների կոթողային, համաշխարհային մակարդակով ստեղծած գործերին: Փորձէք Յ. Պարոնեանին «թարգմանել» արեւելահայերէն. կը վերանայ երգիծանքը: Սփիւռքի նախարարութեան պարտքն է՝ արեւմտահայերէնը իր դասական ուղղագրութեամբ «բնակեցնել» Հայաստանում: Սփիւռքահայը իր երկքաղաքացիութիւնը կարող է վայելել՝ միայն զգալով իր հասկացուած լինելը հայրենիքում: Պատմական հանգամանքների բերումով արարատեան բարբառը դարձաւ երկրի պաշտօնական լեզուն (սխալ է պետական կոչելը) եւ Սփիւռքը ընդունել է դա ի սկզբանէ: Այսինքն արեւելահայերէնը մնում է իր բարձրութեան վրայ եւ հարցի նենգափոխումը՝ թէ պաշտօնական արեւելահայերէնը ուզում են փոխարինել արեւմտահայերէնով, տարածում են՝ ժողովրդին շեղելու ստոր մտադրութեամբ, խորացնելով երկու հատուածների խզումը: Մինչդեռ, Հայաստանի լեզուաբանների սիրելի ուսուցիչ Մանուկ Աբեղեանը գրել է. «Եթէ ուզում ենք գրական լեզու ունենալ, արեւելեան աշխարհաբար իմացողի համար հասկանալի պէտք է լինի արեւմտեան աշխարհաբարը, եւ հակառակը… ուղղագրութեան միասնութիւնն էլ ընդհանուր պայման է, այլապէս բաբելոնեան խառնակութիւն կ\’ունենանք… պէտք է գերադասենք աւանդական ուղղագրութիւնը, որ… յամենայն դէպս, լաւագոյնն է»:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել