Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՅԼԵ՞ՐՆ ԵՆ ԳՅՈՒՂԻ ՏԵՐԵՐԸ

Մայիս 28,2009 00:00

Սահմանամերձ համայնքն ուշադրության սուր պակաս է զգում

Գայլերը շարունակում են անհանգստացնել գյուղացիներին: Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդ համայնքի Փայահան բնակավայրի գյուղացիներն էլ չեն դադարում բարձրաձայնել, որ գյուղում ազատ թափառող գայլերի պատճառով վախենում են հանգիստ տեղաշարժվել գյուղում, իսկ վերջին 10 օրում մեկ կով, երեք հորթ եւ հինգ ոչխար սոված գայլերի կեր են դարձել: Փայահանցիների ասելով, ձմռանը սոված գայլերը կեր գտնելու նպատակով շատ ավելի հազվադեպ էին գյուղ «այցելում», քան՝ հիմա: Այսօր գյուղացիները անասուններին գոմերից հանել եւ գյուղի մոտակա արոտավայրերն են տեղափոխել, ու գայլերն էլ ակտիվացել են: Բնակիչների համար առավել վտանգավոր է տնից դուրս գալը երեկոյան ժամերին, քանի որ խավարի մեջ գյուղում գայլերը շատ ավելի ազատ եւ վստահ են իրենց զգում, քան գյուղի բնակիչները:

Նոր Աստղաբերդի համայնքապետ Սուրիկ Թեւանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղի փողոցները լուսավորելու եւ գայլերի դեմ պայքարելու, գիշատիչներին գյուղից հնարավորիս հեռու պահելու համար բոլոր պատկան մարմիններին դիմել են, սակայն՝ անօգուտ: Փայահանը շարունակում է անուշադրության մատնված մնալ:

«Դիմել ենք մարզպետարան, էլցանցին: Նույնիսկ պատրաստ էինք գյուղի սուղ բյուջեից վճարել ծախսած էլեկտրաէներգիայի վարձը: Գոնե լուսավորությունից հետո գայլերը գյուղից հեռու կշրջեին, գյուղացիներն էլ ազատ ու հանգիստ տեղաշարժվելու հնարավորություն կունենային, բայց ոչ մի տեղից աջակցություն չստացանք»,- ասում է Սուրիկ Թեւանյանը: Գյուղապետի խոսքով, գյուղի բնակիչները հույսները կտրել են նաեւ Որսորդմիությունից, քանի որ այնտեղից խորհուրդ են տվել դառնալ միության անդամ եւ զենքով պաշտպանել գյուղը:

«Գյուղում հիմնականում 60-70 տարեկան մարդիկ են եւ շատ հնարավոր է, որ մթի, տեսողության պակասի կամ անզգուշության պատճառով հիմա էլ իրար վնասեն, ո՞նց կարող ենք նման բան թույլ տալ: Բոլոր ատյաններին տեղյակ ենք պահել խնդիրներին, ուրիշ էլ ի՞նչ անենք: Գոնե լուսավորությամբ ապահովելու հարցում օգնեն: Ի վերջո՝ հեռավոր սահմանամերձ շրջան է, գոնե այդ պատճառով ուշադրության կենտրոնում պահեն: Բայց ոչինչ չի արվում, ոչ մի դրական տեղաշարժ չկա:

40-50 կմ այն կողմ Նախիջեւանն է, մեր համայնքի բնակավայրերն էլ իրարից 8 կմ հեռավորության վրա են, խավարի եւ մթության միջով ենք մի բնակավայրից մյուսը գնում: Մեր համայնքի տարածքով է անցնում Կապանի խմելու ջրագիծը, շատ հնարավոր է, որ գան թունավորեն: Լուսավորություն որ լինի, կերեւա՝ ինչ է կատարվում: Սահմանամերձ գյուղերը առավել մեծ ուշադրության կարիք ունեն, իսկ մենք՝ անտարբերության ենք արժանանում»,- նշում է համայնքապետը:

Ուշադրության պակաս զգացող եւ անտարբերություն ճաշակող գյուղի համար լուսավորության խնդիրը մնում է ամենահրատապ հարցը, առանց որի՝ մարդիկ շարունակում են զրկված մնալ սեփական «տանը» ազատ տեղաշարժվելու իրավունքից եւ իրենց անասուններին տեր կանգնելու հնարավորությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել