Լրահոս
Օրվա լրահոսը

Բարերարի սպասելիս

Հունիս 03,2009 00:00

Գուգարաց թեմի եկեղեցիները պահպանելու համար մասնագիտական օգնություն է պետք

Եկեղեցաշինությունը որոշ մեծահարուստների համար պատվի գործ է դարձել, շատերն են իրենց սերն առ Աստված այդկերպ արտահայտում: Ամեն երրորդ հարուստի տան կամ օբյեկտի հարեւանությամբ կանգնեցրած եկեղեցին այսօրվա իրականության մի մասն է: Իսկ ահա դարերի կենսագրություն ունեցող պատմական հուշարձանները, այդ թվում՝ եկեղեցիները, միշտ չէ, որ հարուստ մեկի ուշադրությանն արժանանում են: Դարերից եկած շատ եկեղեցիներ դեպի դարերը գնալու համար այսօր լուրջ ներդրումների կարիք ունեն: Խոսքը մասնավորապես Գուգարաց թեմում գտնվող եկեղեցիների ու վանքերի մասին է, որոնք, անհիշելի ժամանակներից չվերանորոգվելով, չխնամվելով, այսօր անմխիթար վիճակում են:

Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը մտահոգված է պատմական հուշարձանների հետագա ճակատագրով, որոնց զգալի մասը, մասնավորապես՝ Գոշավանքը, Մակարավանքը, Սանահինը, Հաղպատը, Օձունը, ըստ սրբազանի՝ շատ լուրջ մասնագիտական միջամտության կարիք ունեն: «Դրանցից յուրաքանչյուրն անհատական մոտեցման, առանձնակի ուշադրության է արժանի, որի համար ֆինանսական լուրջ ներդրումներ են հարկավոր: Միջոցների պակասն էլ հենց կաշկանդում է բոլորիս: Մայր աթոռը ինչպիսի գերհզոր հնարավորություն էլ ունենա, չի կարող վերականգնել Հայաստանով մեկ սփռված բոլոր այն սրբավայրերը, վանքերն ու եկեղեցիները, որոնք ինքնաոչնչացման վտանգի առաջ են հայտնվել: Իսկ քանի որ չունենք այն աղբյուրը, որը ֆինանսապես մեծ ու կայուն եկամուտ կապահովի, եկեղեցիների վերանորոգման ակնկալիքներն ուղղում ենք կազմակերպությունների ու անհատ բարերարների կողմը: Յուրաքանչյուր հուշարձան սպասում է իր բարերարին»,- ասաց Գուգարաց թեմի առաջնորդը:

Դիտարկմանը, թե բարերարներ գտնելու պարագայում էլ քիչ չեն դեպքերը, երբ գործը կեսից ընդհատվում ու անավարտ է մնում, Սեպուհ սրբազանն ասաց, որ դեռ չի եղել մի դեպք, երբ բարերարը հանձն առնի վերականգնել եկեղեցին ու կիսատ թողնի-գնա: Հիշեցրինք Գոշավանքի դեպքը: «Գոշավանքը բարերար չի ունեցել եւ առայսօր չունի»,- ասաց սրբազանը:

Եկեղեցիների վերանորոգման հարցում աննշան է նաեւ պետության դերը: Սեպուհ արքեպիսկոպոսի փոխանցմամբ՝ պետությունը մասնակիորեն վերականգնում է միայն այն հուշարձանները, որոնք Հուշարձանների պահպանության պետական կոմիտեի տնօրինության տակ են եւ որոնց ընտրությունը կատարում է հենց կոմիտեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել