Լրահոս
Օրվա լրահոսը

Նա սկսում է բարկանալ

Հունիս 05,2009 00:00

Չարենցավանի մանկապարտեզները վնասներ են տվել քաղաքին

Թե ինչից սկսվեցին տարաձայնությունները Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի եւ «Ծիծեռնակ» մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Գայանե Գրիգորյանի միջեւ, վերջինս այնքան էլ լավ չի հիշում: Բայց որ այդպիսիք եղել են՝ ոչ ոք չի ժխտում:

«Ծիծեռնակի» տնօրենին քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը աշխատանքից հեռացրել է այս տարվա փետրվարի 26-ին՝ աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմնավորմամբ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետեր):

Ըստ նախկին տնօրենի՝ քաղաքապետն իրեն հաճախ էր ասում, որ մանկապարտեզի համար էժան սննդամթերք գնի. մասնավորապես՝ ոչ թե թարմ, այլ սառեցրած միս կամ էժան կարագ: Գայանե Գրիգորյանի փոխանցմամբ՝ Շահգալդյանը դա արել է միջոցները տնտեսելու նպատակով, սակայն ինքը ընդդիմացել է, որովհետեւ կարեւոր է համարել երեխաներին թարմ եւ առողջ սնունդ տալը:

Իսկ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը նախկին տնօրենի ասածը հերյուրանք համարեց եւ նույն՝ երեխաների շահը նկատի ունենալով ասաց, որ անընդունելի է անորակ սննդամթերքի մուտքը մանկապարտեզներ: «Ես երբեք թույլ չեմ տա, որ երեխան անորակ սնունդ ընդունի: Իսկ ինչ վերաբերում է դրանք մատչելի գներով ձեռք բերելուն, ապա այն կարծիքին եմ, որ դա հնարավոր է: Ես մանկապարտեզների տնօրեններին հարցրել եմ՝ դուք ձեր տան համար 2200 դրամանոց կարա՞գ եք գնում: Ասել են՝ ոչ: Իսկ Գայանե Գրիգորյանը պատասխանել է, որ եթե որակյալը չգնի, ինչը բնականաբար թանկ է, սանէպիդկայանը կերակուրն անորակ կհամարի: Ֆակտուրայի մեջ գրում է 2200 դրամ, իսկ միգուցե գնում 1600 դրամանո՞ցը, ի՞նչ իմանամ. մենք չենք կարող ամեն րոպե հսկողություն սահմանել, թե որ ապրանքն ինչ գնով են ձեռք բերում»,- նկատեց քաղաքապետը:

Հակոբ Շահգալդյանի եւ Գայանե Գրիգորյանի հաջորդ «հակամարտությունը» արձանագրվել է մանկապարտեզների հաշվապահների քննության օրը: Քննությունն անցկացվել է քաղաքապետարանում եւ «Ծիծեռնակի» հաշվապահը, ով քաղաքապետարանի երաշխավորած կադրն էր, չի անցել քննությունը: Գայանե Գրիգորյանն ընդվզել է: Շահգալդյանը սա չի հանդուրժել եւ հենց տեղում հանձնարարել է աշխատակազմի ղեկավարին՝ ստուգողներ ուղարկել «Ծիծեռնակ»: Իսկ քննասենյակը լքած Գայանե Գիրգորյանին, ըստ վերջինիս, քաղաքապետը հայհոյել է:

Պատմության այս դրվագն էլ քաղաքապետը հերքեց: «Հետո՞ ինչ, որ հաշվապահը մեր երաշխավորած կադրն է: Եթե գործի մեջ կաղում է, աչքներս պիտի փակե՞նք, ինչ է՝ մե՞նք ենք երաշխավորել: Իսկ ինչ վերաբերում է տիկնոջը հայհոյելուն, դա բացարձակ սուտ է: Ես չափազանց բարձր կարծիք ունեմ կանանց մասին եւ երբեք ինձ թույլ չեմ տա անգամ վատ խոսք ասել, էլ ուր մնաց՝ հայհոյել»:

Բայց մանկապարտեզում ստուգումներ եղել են: Քաղաքապետարանի ստուգողները պարզել են, որ «Ծիծեռնակը» քաղաքի բյուջեին 470,612 դրամի վնաս է պատճառել: Ակտում գրված է, որ Գայանե Գրիգորյանը, լինելով մանկապարտեզի տնօրեն, կատարել է նաեւ այլ վճարովի աշխատանք Չարենցավանի ռեսուրս կենտրոն հ/կ-ում՝ ինչը օրենքի խախտում է: Բացի դրանից, ըստ ակտի, տնօրենը մանկապարտեզի վճարի զեղչեր է արել սահմանված չափանիշներին չհամապատասխանող սաների համար եւ այլն: Համաձայն ՊՈԱԿ-ների մասին օրենքի, կազմակերպության տնօրենը պարտավոր է վերականգնել նշված վնասը: Գայանե Գրիգորյանը ստորագրել է ստուգող հանձնաժողովի ակտը, իսկ մեկ օր անց քաղաքապետը նրան ազատել է աշխատանքից:

Չարենցավանի ամենամեծ մանկապարտեզի ստուգումն ու տնօրենի նկատմամբ կտրուկ վերաբերմունքը ավագանու որոշ անդամներ, մեղմ ասած, ցավով են ընդունել: Պահանջել են ստուգումներ իրականացնել մյուս մանկապարտեզներում եւ քաղաքապետարանի ենթակայության այլ հաստատություններում նույնպես: Ըստ քաղաքապետարանի, սակայն, դեռեւս 2008-ի հունվարին է հաստատվել Չարենցավանի ներքին աուդիտի տարեկան ծրագիրը, որով էլ անցկացվել են ստուգումները: Ստուգված ութ կազմակերպություններից վեցը համայնքային պետական ոչ առեւտրային կազմակերպություններ են՝ մանկապարտեզներ: Այս վեցից չորսի ղեկավարներն էլ հեռացվել են աշխատանքից նույն կամ գրեթե նույն հիմքով, ինչ՝ Գայանե Գրիգորյանը:

Քաղաքապետի փոխանցմամբ՝ չարաշահումներ թույլ տված տնօրենները տեղական բյուջեին հասցրած վնասն ամբողջությամբ փոխհատուցել են: Իսկ թափուր մնացած պաշտոնների համար հայտարարված մրցույթում արդեն հաղթողներ կան եւ աշխատում են: «Օգտվելով քաղաքապետին տրված իրավունքից՝ համայնքի ենթակայության հիմնարկություններում պարբերաբար ստուգումներ ենք իրականացնելու՝ մեղավորներին բացահայտելու եւ պատժելու համար»,- ասաց Հակոբ Շահգալդյանը:

Հ. Գ. Չարենցավան քաղաքը Կոտայքի մարզում է, քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է, քաղաքապետ է ընտրվել 2007 թվականի հունվարի 28-ին՝ չունենալով ոչ մի մրցակից: Թեկնածությունը չէր առաջադրել անգամ մինչ այդ գործող քաղաքապետ՝ հանրապետական Ռուդոլֆ Մնացականյանը: Կարճ ժամանակով թեկնածու, ՄԱԿ-ական Արթուր Գալստյանը ընտրապայքարից հրաժարվելը պատճառաբանել էր բախումների մեծ հավանականությամբ: Ընտրությունների քարոզարշավի ժամանակ չարենցավանցիները նշում էին, թե մարզպետ հայրը քաղաքապետի պաշտոն նվիրեց որդուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել