Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ՝ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ»

Հունիս 11,2009 00:00

Այսօր ԵՊՀ-ում կմեկնարկի «Սոցիոլոգիան՝ խաչմերուկներում» խորագրով Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի 39-րդ համաշխարհային կոնգրեսը: Երեկ ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը եւ Առաջատար ուսումնասիրությունների շվեդական կոլեգիումի եւ սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի նախագահ Բյորն Վիտրոկը ներկայացրին, թե կոնգրեսի աշխատանքները ինչ հիմնական ուղղություններով են ընթանալու: Մասնավորապես, կքննարկվեն մարդկության առաջ ծառացած երկընտրանքների, գլոբալ ճգնաժամի եւ դրա հետեւանքների հաղթահարման, հասարակությանը, անձին եւ պետությանը ուղղված միտումների, հետխորհրդային երկրների մոդեռնացման գործող մոդելների հետ կապված հարցեր: Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ երբ մեկ տարի առաջ հայտ էին ներկայացնում, չէր հավատում, որ կհաջողվի այն շահել եւ կոնգրեսն անցկացնել Հայաստանում: Կոնգրեսին կմասնակցի աշխարհում «մոդայիկ» համարվող շուրջ 50 գիտնական՝ Սոցիոլոգիայի եվրոպական ակադեմիայի նախագահ Փիթեր Հեդսթրյոմը, Կենտրոնական եվրոպական համալսարանից Յեհուդա Էլկանայը, Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի փոխնախագահ Հանս Յոասը, Սոցիալական մարդաբանության եվրոպական ասոցիացիայի նախագահ Շալինի Ռանդերիայը եւ այլք: Լրագրողներին հետաքրքրեց՝ ցեղասպանության հարցը ի՞նչ ֆորմատով է քննարկվելու կոնգրեսում: Լ. Հարությունյանը պատասխանեց. «Ցեղասպանության հարցերն արդեն քննարկվում են գիտության մակարդակով: Դրանց հետ մեկտեղ քննարկվում են մասսայական բռնությունների եւ հաշտեցման խնդիրները: Ցեղասպանության հարցը համատեղ մտցվել է ֆրանսիացի եւ հայ հետազոտողների կողմից, իսկ հատուկ սեսիային մասնակցելու են Ֆրանսիայից, Կոմբոջայից, Հարավային Աֆրիկայից եւ այլ երկրներից եկած մասնագետներ»:

Կոնգրեսին կքննարկվի նաեւ դե ֆակտո՝ ինքնահռչակված պետությունների հարցը: Իսկ հայաստանյան սոցիոլոգիայի մասին Լ. Հարությունյանն ասաց. «Ցավոք, մեր պատմությունն ու կյանքը մեզ տանում են դեպի ռազմական սոցիոլոգիայի, կատաստրոֆաների, արհավիրքների, տրանսֆորմացիոն հասարակության, մոդեռնիզացիայի հիմնախնդիրները»: Սոցիոլոգիա գիտության դերի մասին խոսելիս Բյորն Վիտրոկն ասաց. «Պատկերացնենք մի աշխարհ, որից հանենք սոցիոլոգիայի բերած նպաստը: Պատկերացրեք ինչ կլիներ, եթե չլինեին հասարակական կարծիքի հարցումները»: Իսկ Լ. Հարությունյանն ասաց. «Սոցիոլոգիան պիտի հեռու մնա մանիպուլյացիոն գործունեությունից, չխառնվի քաղաքական անցուդարձին, չդառնա առօրյա խոսակցության առարկա, այլ մնա գիտության դիրքերում: Միայն այդ դեպքում հասարակությունը կվստահի սոցիոլոգիային»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել