Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ

Հունիս 13,2009 00:00

ՀԱԷԿ-ի աշխատակիցների հավաստմամբ, ղեկավարությունն իրենց հետ անմարդկային է վերաբերվում

Մեծամորի ատոմակայանի ղեկավարությունը 6 տարի շարունակ իր աշխատակիցներին չի վճարել նրանց հասանելիք հավելավճարները, որն օրենքով սահմանված է առողջության համար վտանգավոր պայմաններում աշխատելու համար: Եվ միայն աշխատակիցների համառ բողոքներից ու «Ժառանգություն» խմբակցության հետեւողական աշխատանքներից հետո է ՀԱԷԿ-ը համաձայնել վճարել հավելավճարները, բայց՝ մինչեւ 2015 թվականը: Այս մասին «Առավոտն» արդեն անդրադարձել է (05.06.2009):

Խնդրի առնչությամբ երեկ խմբագրություն էին դիմել ՀԱԷԿ-ի մի խումբ աշխատակիցներ, որոնք դժգոհ էին ոչ միայն սահմանված ժամանակացույցից, այլեւ «իրենց ղեկավարության կողմից դրսեւորված անմարդկային վերաբերմունքից»:

Նրանց խոսքերով. «Մենք լրիվ անտեսված ենք: Մեր ղեկավարությունը ինչպես ուզում, այնպես էլ վարվում է մեզ հետ: Աշխատում ենք շատ վտանգավոր արտադրամասում, շփվում ենք թունավոր նյութերի հետ, բայց պատշաճ աշխատավարձ չենք ստանում»: Հավաքարարներն էլ պատմեցին, որ խնդիրները սկսվեցին այն պահից, երբ 2002-ին ատոմակայանում բացվեց «Նորիկ պապ» ՍՊԸ-ն. «Այդ ժամանակ էլ սկսվեցին կրճատումները: Եթե նախկինում 1 մեծ արտադրամասը մաքրում էին 2-3 հավաքարար, այժմ այդ ամբողջ գործը 1 հոգի է կատարում: 56 հավաքարարից կրճատեցին՝ թողեցին 34-ին ու նրանց աշխատավարձն էլ կրճատեցին: 34 հազար դրամը վտանգավոր ցեխում աշխատողի համար ի՞նչ գումար է: Ընդամենը 4 հոգու են 50 հազար դրամ տալիս: Տուրբինային արտադրամասում ենք աշխատում, եթե ինչ-որ թունավոր նյութ է թափվում հատակին, մենք ենք մաքրում, էլ չենք ասում, թե ինչ անտանելի աղմուկ է: Դա այն արտադրամասն է, որտեղ էլեկտրաէներգիա է ստեղծվում: Ամեն անգամ այդ արտադրամասը մտնելով՝ մեր կյանքից տարիներ են կրճատվում»: Նրանց պատմելով, «Նորիկ պապը» կրճատել է նաեւ իրենց հերթական արձակուրդի օրերը. «Արդեն 3 տարի է՝ արձակուրդը դարձրել են ընդամենը 15 օր: Նույնիսկ ամենամյա բուժզննում չենք անցնում, իսկ նախկինում, որպես վտանգավոր արտադրամասի աշխատող, պարտադիր բուժզննում կար»:

Խնդրին տեղեկացվել է նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը: Սակայն նախարարության պատասխանից կարելի է եզրակացնել, իբր ՀԱԷԿ-ում ամեն ինչ իդեալական է: Մինչդեռ «Առավոտին» դիմած աշխատակիցների հավաստմամբ, աշխատանքի պետական տեսչությունը «Նորիկ պապում» ստուգումներ է անցկացրել եւ ակտ է կազմել. «ՍՊԸ-ն տուգանվել է, բայց մեզ դրանից ոչ լավ է, ոչ էլ վատ, միեւնուն է՝ մեր աշխատավարձերն ու արձակուրդները չեն վերականգնվել, միայն հավելավճարները, այն էլ հազիվ 2015-ին տան»: Նշենք, որ համաձայն ժամանակացույցի, ՀԱԷԿ-ը նախատեսել է 2010-ին նախ վճարել ատոմակայանից ազատված եւ մահացած աշխատակիցների՝ 125 մլն դրամ հավելավճարները, այնուհետեւ 2011-2015 թվականներին աշխատող անձնակազմի գումարները, ամեն տարի՝ 135 մլն դրամ:

Աշխատակիցները համաձայն չեն նաեւ այս որոշման հետ. «Ինչո՞ւ պետք է սպասենք այդքան: Ո՞վ գիտի, թե մինչեւ 2015 թիվը մեր գլխին ինչ կգա: Ես ուզում եմ իմ աշխատավարձը այսօր ստանալ, իմ մահվանից հետո ինչի՞ս է պետք: Ատոմակայանը սովորական պաղպաղակի արտադրամաս չէ, մեր կյանքը վտանգված է եւ առողջություն էլ չունենք, որ սպասենք: Նույնիսկ հարկ չեն համարում մեզ ասել՝ այդ գումարները բոլորին հավասա՞ր են տալու, թե՝ ոչ: Պահանջում ենք, որ ամեն տարվա սահմանված գումարը անխտիր բոլորի միջեւ բաժանեն, գուցե յուրաքանչյուրիս քիչ կհասնի, բայց գոնե բոլորը կստանան, ոչ թե մեկը ստանա, մեկն էլ սպասի՝ էշ մի սատկի, գարուն կգա»: Նշենք, որ ՀԱԷԿ-ի այն աշխատակիցները, որոնք պետք է ստանան հավելավճարները, ղեկավարության հետ պայմանագիր չեն ստորագրել: Նրանց ներկայացմամբ, պայմանագրի տակ ստորագրել է միայն արհմիության նախագահը. «Այդ արհմիությունը ծառայում է ոչ թե շարքային աշխատակիցներին, այլ ղեկավարությանը: Նախագահն էլ կարծես թե տնօրենի դրածոն լինի: Մենք պահանջում ենք, որ, վերջապես, ՀԱԷԿ-ում լուրջ եւ օբյեկտիվ ստուգումներ անցկացնեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել