Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՊԼԱՏՖՈՐՄԸ ԴԵՌ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

Հունիս 16,2009 00:00

Ե՛վ ՀՅԴ-ն, ե՛ւ «Ժառանգությունը» պատրաստվում են քննարկել ՀԱԿ առաջնորդի առաջարկը համագործակցության վերաբերյալ:

«Այ, եթե կարողանաք նշել, թե ո՛ր հարթությունում է երեւում ՀԱԿ-ի հետ հնարավոր համագործակցությունը՝ ես կասեմ այո կամ ոչ, բայց այդ հարթությունը ես չեմ տեսնում»,- օրեր առաջ լրագրողներին ասել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Հունիսի 12-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց այդ հարթությունը՝ առաջարկելով ընդդիմադիր ուժերին միավորվել 12 կետանոց մի պլատֆորմի շուրջ, եւ հավելելով, թե դրա կապակցությամբ «Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է համագործակցել ցանկացա՛ծ քաղաքական ուժի հետ»: Այդ 12 կետերի մեջ բազմաթիվ են այնպիսիք, որոնք կարեւորում է ՀՅԴ-ն՝ ասենք. «Վիժեցնել Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման դավադիր ծրագրի իրականացումը», կամ «Իշխանություններին թույլ չտալ անհարկի զիջումների գնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Կա մի կետ էլ, որը ՀՅԴ-ն այս պահին բացառում է՝ «Պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը»: Երեկ, երբ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանից փորձեցինք պարզել կուսակցության վերաբերմունքն առաջարկված պլատֆորմի վերաբերյալ՝ ասաց. «Չենք քննարկել այդ հարցը: Կքննարկենք ու կասենք»: Չցանկացավ առայժմ հայտնել նաեւ իր անձնական կարծիքը: Սակայն հիշեցնենք ավելի վաղ Վահան Հովհաննիսյանի հայտնած դիրքորոշումը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա արբանյակները չեն կարող որեւէ մեկի հետ համագործակցել՝ չլինելով պապայի դերում, իսկ նրան պապայի դերում ՀՀ ոչ մի նորմալ քաղաքացի չի կարող տեսնել: Մենք էլ այս պայմաններում նրա հետ համագործակցության որեւէ դաշտ չունենք»:

Հանրահավաքում առաջարկված այդ համագործակցության պլատֆորմը դեռ վարչության նիստում չի քննարկել նաեւ «Ժառանգությունը», սակայն վարչության նախագահ Անահիտ Բախշյանը հայտնեց իր անձնական դիրքորոշումը. «Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած պլատֆորմի 12 կետերից գոնե առաջին 5-6-ը խնդիրներ են, որոնց լուծման ուղղությամբ «Ժառանգությունն» անընդհատ գործել է, եւ այդ հարցերը մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում՝ թե՛ հայտարարություններով, թե՛ որոշակի քայլեր են արվել այդ ուղղությամբ: Հետեւաբար, կարծում ենք, թե գոնե այդ կետերի շուրջ մենք կարող ենք համագործակցել եւ ավելի զորացնել այդ քայլերը: Այս առաջարկը մենք կքննարկենք վարչության մոտակա նիստում, եւ այդ ուղղությամբ կլինի համապատասխան գործնական քայլ»:

Մեր դիտարկմանը, թե առաջարկված պլատֆորմի որոշ կետեր, ասենք՝ «դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն մեղավորներին», «արմատապես վերափոխել ընտրական համակարգը», «վերացնել տնտեսական մոնոպոլիաները եւ հարկային դաշտ բերել բոլոր խոշոր ձեռնարկատերերին», «Կատարել Եվրադատարանի վճիռն ու ԵԽԽՎ բանաձեւերի պահանջը, եւ անհապաղ վերաբացել «Ա1+»-ը», «Դադարեցնել երթերի, ցույցերի եւ հանրահավաքների ապօրինի խոչընդոտման հանցավոր պրակտիկան»՝ քայլեր են, որոնք կարող են իրականացնել ոչ թե թեկուզ իրար հետ համագործակցող ընդդիմադիր ուժերը, այլ իշխանությունը՝ Անահիտ Բախշյանն այսպես արձագանքեց. «Իսկապես, դրանք քայլեր են, որոնք պարտավոր է անել իշխանությունը: Բայց եթե իշխանությունը դրանք չի անում սեփական կամքով, ապա ընդդիմության ողջ դերակատարությունն այն է, որ ինքը փաստարկներ բերի, հիմնավորի, օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնի՝ իշխանությանը ստիպելով, որ անի այդ քայլերը»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթում նաեւ ասաց. «Ինձ համար անհասկանալի է ընդդիմության դաշտում առաջացած հրմշտոցը։ Այդ դաշտն այնքան ընդարձակ է, որ կարող է տեղավորել բոլորին։ Վերջին հաշվով, քաղաքական որեւէ ուժի ետեւից գնալու որոշումը պատկանում է ժողովրդին։ Հայ ազգային կոնգրեսը, կայացած փաստ լինելով, ինքնահաստատման խնդիր չունի»: Ըստ ամենայնի՝ հենց «Ժառանգությունն» է հասցեատերն այս ակնարկի, եթե հաշվի առնենք, որ այն աղերսվում է Զարուհի Փոստանջյանի ավելի վաղ արած հայտարարությանը, թե ՀԱԿ-ն իբրեւ քաղաքական ուժ կայացած չէ: Մեր այս ենթադրությանն ի պատասխան՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահն ասաց. «Չեմ ուզում շատ փնտրել ու գտնել այդ ակնարկի հասցեատիրոջը: Ընդդիմադիր դաշտն այսօր իրոք մեծ է, եւ բոլորս էլ այնտեղ անելիքներ ունենք: Երկրի ու պետության առջեւ ծառացած այնքա՜ն լուրջ հիմնախնդիրներ կան, որ բոլորս պարտավոր ենք՝ որպես ընդդիմություն, գործել, համագործակցել ու կայացնել մեր պետությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել