Լրահոս
Օրվա լրահոսը

«Սվաղել իրավիճակը»

Հունիս 16,2009 00:00

\"\"Արամ Կարապետյանը՝ Փաստահավաք խմբի, խորհրդարանական հանձնաժողովի եւ առաջին նախագահի ու իր «ունիսոն» ելույթների մասին:

«Ես կարող եմ միանշանակ ասել, որ մարտի 1-ի հանձնաժողովում էլ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է: Փաստահավաք խմբում դա ուղղակի փակ էր, եւ ավելի ցայտուն էին ներքին բախումները: Նույնն այստեղ է: Միշտ փորձում են ինչ-որ դոզավորել ինֆորմացիան, միշտ փորձում են այնպես ներկայացնել՝ ինչպես իրենց պետք է, հեռուստաալիքները բավականաչափ հաճախ ցույց են տալիս Սամվել Նիկոյանին եւ երկրորդ կարծիք ցույց չեն տալիս: Այսինքն՝ կարող եմ ասել, որ մեղմ, ոչ այնքան կոշտ, իշխանությունը փորձում է մարտի 1-ի հանձնաժողովով նույնպես սվաղել իրավիճակը»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Նա տարակուսանք է արտահայտել այն մասին, որ հանձնաժողով չեն հրավիրվել ոչ Ռոբերտ Քոչարյանը եւ ոչ էլ «նախագահականում գործած շտաբի» մյուս անդամները: Ըստ բանախոսի, շտաբը, գործելով 2007 թվականի հոկտեմբերից, նպատակ է ունեցել ամեն գնով ապահովել Սերժ Սարգսյանի նախագահությունը: Իսկ շտաբի հիմնական անդամ են եղել այդ ժամանակվա ոստիկանապետը, ԱԱԾ պետը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Արմեն Գեւորգյանը. նիստերն էլ գումարվել են նախագահական նստավայրում: «Փաստահավաք խումբը փակելով եւ համաներում նախապատրաստելով՝ իշխանությունը ցանկանում է փակել մարտի 1-ի էջը»,- համոզված է Արամ Կարապետյանը: Նա դեմ չէ համաներմանը, բայց՝ «Համաներումն էլ լավ քայլ է, սակայն վատ է, որ նախագահը դա քաղաքական նպատակներից ելնելով փորձում է ներկայացնել իբրեւ հասարակության պահանջ»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում առաջին նախագահի հնչեցրած համագործակցության պլատֆորմին՝ ՆԺԿ նախագահն ասել է. «Բոլոր այն խնդիրները, որոնք դրված են՝ սկսած Սերժ Սարգսյանի հրաժարականից, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահական եւ այլն, այդ ամենը կա: Շատ նորմալ պլատֆորմ է, մենք դեռ կուսակցությունում չենք քննարկել, բայց կարծում եմ՝ այդ պլատֆորմը շատ աշխատող պլատֆորմ է, որովհետեւ սա ընդդիմադիր գործունեության երկար ժամանակ արդեն, ուղղակի, բեղմնավոր 12 կետով նշված է»: Նա նաեւ ասել է, թե դա չի կարող դառնալ առիթ, որ ՆԺԿ-ն անդամակցի Հայ ազգային կոնգրեսին: Ըստ նրա՝ հունիսի 12-ին իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներն ունիսոն էին, եւ Տեր-Պետրոսյանն էլ ասել է, որ ընդդիմադիր դաշտը կարող է գործել առանձին, սակայն համախմբված իրար հետ այդօրինակ պլատֆորմի շուրջ:

Լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ նկատի ուներ, երբ իր ելույթում խոսում էր ընդդիմության մեջ «պապայի» եւ «երեխայի» կարգավիճակները բացառելու մասին, եւ մինչ այժմ ի՞նչ կարգավիճակում է եղել ՆԺԿ-ն: «Ես չէի ուզենա անդրադառնալ դրան, թե ովքեր էին պապաները, ովքեր էին երեխաները: Միշտ պապաներին են ձերբակալում»,- ասել է Արամ Կարապետյանը: Իսկ նման բաժանման միտում նա տեսնում է թե իշխանության, թե առաջին նախագահի շրջապատում, եւ իր համար դա անցանկալի է: «Ժառանգություն»-ՀՅԴ-ՀԱԿ միությունը նա համարում է «մտացածին, PR ակցիա, վիրտուալ պրոյեկտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել