Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐ»

Հունիս 17,2009 00:00

Ըստ «կավատ Ինգայի»

Հարգելի դատարան, անցյալ դատական նիստի օրը՝ մայիսի 13-ին, մի քանի տարօրինակ զուգադիպություններ տեղի ունեցան, որոնք ինձ մտորումների տեղիք տվեցին, եւ ես որոշեցի հանդես գալ սույն հայտարարությամբ:

Մայիսի 13-ին «Առավոտ» օրաթերթի խմբագրականում Արամ Աբրահամյանը գրել է, մեջբերում եմ. «Մարդը պետք է վերջնականապես կորցնի իր խիղճն ու արժանապատվությունը, որպեսզի դատարանում տրված ուղիղ հարցին պատասխանի, ասենք՝ այո, պարոն Ոսկերչյան, ես լսել եմ, որ դուք բռնության կոչեր եք արել»: Այնուհետեւ պարոն Աբրահամյանը կարծիք է հայտնում՝ «վկաների մեջ նման զոմբիացած մարդիկ, բարեբախտաբար, չկան կամ գուցե շատ քիչ են»:

Նույն օրը դատակոչվում է արդեն բազում ծիծաղաշարժ խոսակցությունների նյութ դարձած անհրաժեշտ վկան՝ Լուիզա Ստեփանյանը, նույն ինքը՝ կավատ Ինգան: Եվ չնայած այն հանգամանքին, որ վկան համարյա ոչինչ չէր հիշում, դատավորի բազում հարցադրումներից հետո չկարողացավ պատասխանել, թե ով է ներկայումս հանրապետության նախագահը, խոստովանեց, որ չի հասկանում «տապալել» բառի իմաստը եւ նմանատիպ բազում աբսուրդային իրավիճակներ մատուցեց դատարանին, սակայն վկան հիանալի «հիշում» էր իր ծայրից ծայր հորինովի գրավոր ցուցմունքի անհրաժեշտ հատվածը, այն է. «Պրն Ոսկերչյանը կոչ էր անում տապալել իշխանությունը» կամ, անկախ տրված հարցից, պարբերաբար կրկնում իր՝ «ախր, պրն Ոսկերչյան, լսել եմ, որ դուք բռնության կոչեր եք արել» արտահայտությունը:

Ուշադրություն դարձրեք, հարգելի դատարան, թե որքան ճշգրտորեն է կրկնվում «Առավոտի» խմբագրականի ֆրազը սույն փառապանծ վկայի խոսքում, եւ սա այն դեպքում, երբ վկան ոչ մի բան չի հիշում՝ բացի երկու-երեք նախադասությունից, որոնք անհրաժեշտ են մեղադրող կողմին: Օրինակ, վկան չի հիշում, թե իմ վերոհիշյալ ելույթը երբ եմ ունեցել. մեկ պատասխանում է, որ դա տեղի է ունեցել ընտրություններից առաջ, հետո սկսում է հիշել եւ կոնկրետ ամսաթիվ է նշում՝ մարտի 6-ը, իսկ հերթական ընդմիջման ընթացքում լուրջ օգնություն ստանալով, պատասխանում է, որ այն տեղի է ունեցել ընտրություններից 3-4 օր հետո: Սակայն մեկ տարի անց հստակ հիշում է իմ «արտասանած» կոչերը՝ առանց դրանց իմաստը հասկանալու, ավելին, նա հանկարծ հիշեց «Առավոտ» օրաթերթի վերոհիշյալ ֆրազը, որը նույնիսկ իր մեկ տարի առաջ գրավոր ցուցմունքում չէր գրել ու կարծես հաճախ կրկնում էր, որ հանկարծ չմոռանա:

Եվս մեկ զուգադիպությամբ այդ օրը Հանրայինի նկարահանող խումբը դատարանի դահլիճում էր: Ես չգիտեմ, թե այդ օրվա բեմադրության ռեժիսորը ով էր եւ, բացի այդ օրվա «անմեղսունակ» վկայից, ովքե՞ր էին մյուս դերակատարները (թեպետ գլխի եմ ընկնում), սակայն երեկոյան «Հայլուրի» թողարկման մեջ այդ օրվա դատական նիստը «լուսավորող» ռեպորտաժը դիտելուց հետո հասկացա, որ օրը իսկապես հատուկ էր, իսկ վկան խիստ «թանկարժեք»: Մանավանդ որ, այդ ռեպորտաժում օգտագործվել էին նաեւ այնպիսի տվյալներ, որոնք այդ օրվա դատաքննության ժամանակ չէին հնչել եւ առկա են միայն վկայի նախաքննական ցուցմունքում (խոսքը 40-50 մարդու դիմաց ելույթի մասին է): Թե ինչու էր վկան ամեն ընդմիջումից հետո, անկախ հարցի իմաստից, կրկնում նույն անհրաժեշտ ֆրազը՝ «ախր, պրն Ոսկերչյան, ես լսել եմ, որ դուք բռնության կոչեր էիք անում», կամ առանց լուրջ հիմնավորման ինչ կարիք կար համարյա բոլորին դուրս հրավիրելով դահլիճից, կիսափակ նիստ անցկացնել, ինչու էին այդքան հաճախ 10 րոպեանոց ընդմիջումներ հայտարարվում, ինչու էր այդքան ջանասիրաբար դատավորը խոչընդոտում վկայի անձին եւ վկայության հանգամանքներին վերաբերող պաշտպանության կողմի հարցերի պատասխաններին եւ, վերջապես, ինչ կարիք կար, որ դատախազն ու նիստը նախագահողը իրենց ակնհայտ ուղղորդող հարցերով փորձեն անհրաժեշտ պատասխաններ ստանալ այնպիսի որակներ ունեցող վկայից, ինչպիսին այդ օրվա վկան էր: Այդ օրվա նիստից եւ «Հայլուրի» ռեպորտաժից հետո ինձ համար վերջապես պարզ դարձավ, թե ինչում եմ ես մեղադրվում:

Սակայն, հարգելի դատարան, ես հայտարարում եմ, որ ավելի քան 14 ամիս ապօրինի գտնվելով անազատության մեջ, ինձ համար ճշմարտության բացահայտումը ավելի կարեւոր է, քան այն, թե ճշմարտությունը այս դատարանի մասնակիցներին պարզ դառնալուց հետո ինչպիսի պատիժ կսահմանի հարգելի դատավոր պարոն Պողոսյանը՝ իր ներքին համոզմունքներին հակառակ:

Վերոհիշյալը նկատի ունենալով՝ ես պահանջում եմ դատավոր Պողոսյանից, որ բացի նիստի ընթացքում դատավարության կարգին խստորեն հետեւելուց, նաեւ ըստ էության հետեւի Քրեադատավարական օրենսգրքի պահանջներին՝ արդարադատություն իրականացնելու նպատակով, մասնավորապես՝ թույլ չտա Հանրային հեռուստատեսության կողմից դատարանում չհետազոտված նախաքննական ցուցմունքի հրապարակումը, խախտելով անձի անմեղության կանխավարկածը, հասարակության մեջ իմ թվացյալ մեղավորությունը ապացուցող համարելու պատրանք ստեղծի, ապահովի իմ պաշտպանվելու իրավունքը, այդ թվում՝ նաեւ պաշտպանական տակտիկան ազատորեն ընտրելու միջոցով, ապահովի դատավարության կողմերի հավասարությունը, թույլ չտա անօրինական ազդեցություններ եւ ճնշումներ վկաների նկատմամբ, այդ թվում՝ նաեւ ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցների կողմից, թույլ չտա վկաների ուղղորդումը դատաքննության ժամանակ, այդ թվում՝ իր կողմից: Հակառակ դեպքում՝ ես ստիպված կլինեմ արձանագրելու, որ դուք ոչ միայն ազատ չեք արդարադատություն իրականացնելու խնդրում, այլ նաեւ ցանկություն չունեք ճշմարտությունը բացահայտելու:

Եվ վերջում անդրադառնալով պարոն Արամ Աբրահամյանի վերոհիշյալ խմբագրականին, կարելի է արձանագրել, որ նա միանշանակ ճիշտ է. իմ կողմից բռնության կոչեր հնչեցնելու վերաբերյալ այդ բացարձակ սուտը կարող եք ստիպել հնչեցնել միայն էլեմենտար բարոյականությունից զուրկ մարդու շուրթերից, ինչպիսին էր կավատ Ինգան:

Թեեւ այս միջնորդությունը հրապարակում ենք ավելի քան մեկամսյա ուշացումով, սակայն դատական այդ միջադեպն այնքան բնութագրական է բոլոր քաղբանտարկյալների դատավարությունների համար, որ իր «թարմությունն» ամենեւին չի կորցրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել