Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ՝ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ

Հունիս 24,2009 00:00

«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ խորհրդարանում ընդունված որոշման համաձայն, երեկ ազատ արձակվեցին եւս չորս քաղբանտարկյալներ:

\"\"
Քրիստափոր Էլազյանը պատրաստ է շարունակել պայքարել:

Երեկ համաներմամբ ազատ արձակվեցին ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որը մեղադրվում էր «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ», եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որը դատապարտվել էր 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, իբր, ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու մեղադրանքով, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի որդին՝ Վահե Ղազարյանը, որը դատապարտվել էր «զանգվածային անկարգությունների» համար, նաեւ նույն հոդվածով նախատեսված արարքի համար դատապարտված Գեւորգ Մանուկյանը: Այսպիսով, համաներման գործընթացի արդյունքում երեկվա դրությամբ ազատ արձակված քաղկալանավորների թիվը հասավ 19-ի:

Վերջին երկու օրերին ավանդույթ դարձած արարողության համաձայն, Հայ ազգային կոնգրեսի համակիրների ու շարքային քաղաքացիների մի հոծ բազմություն ազատ արձակվածներին սպասում էր Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքում: Երեկոյան այստեղ էին երեկ ու նաեւ նախորդ օրն ազատ արձակված քաղբանտարկյալները՝ բացառությամբ՝ Գագիկ Ջհանգիրյանի: Վերջինս արդեն ազատության մեջ հայտնվելով՝ դեռ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի շենքի մոտ, որտեղ նրան դիմավորելու էին եկել արդեն ազատ արձակված քաղբանտարկյալները, նրա հարազատներն ու ընկերները, հայտարարեց, որ համաներումը համաժողովրդական շարժման ճնշումների ու եվրոպական կառույցների հորդորների արդյունքում ընդունված «կիսահղի փաստաթուղթ» է, որը, նրա ասելով, որեւէ առնչություն չունի մարտի 1-ի իրադարձությունների եւ ապօրինաբար կալանավորված անձանց հետ: Ավելի ուշ, մասնավորապես՝ «Առավոտի» հետ զրույցում Գ. Ջհանգիրյանը մանրամասնեց, որ եթե «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետում չլիներ 6-րդ ենթակետը, ըստ որի՝ պատժից ազատվում են առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝ «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձինք», ապա համաներման բովանդակությունը չէր փոխվի: Հիշեցնենք, որ հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվեցին գերակշիռ մեծամասնությամբ քաղկալանավորների հետ կապ չունեցող՝ իսկապես քրեական հանցագործությունների համար դատապարտված անձինք, եւ փոխարենն ազատազրկման մեջ մնացին իրենց քաղաքական հայացքների համար դատապարտվածների մի մասը: Գլխավոր դատախազի նախկին տեղակալը նաեւ խոստացավ, որ իրենք սկսված պայքարը շարունակելու են նաեւ դեռ բանտում գտնվողներին արագ ազատ արձակելու համար:

Արդեն Մ. Սարյանի արձանին հարող տարածքում «Արթիկ» ՔԿՀ-ից ազատ արձակված Պ. Մակեյանը իրեն դիմավորած ու քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով ավելի քան մեկ տարի պայքարող քաղաքացիների համար փոքրիկ հայտարարություն արեց. «Շնորհակալ եմ ձեզ՝ այս պայքարող կորիզից, մեր ժողովրդից, որ տարիուկես դիմացավ էս հանցագործ բանդայի ձեռքին: Կարծում եմ, պայքարի մի նոր փուլ է սկսվում, որովհետեւ քանի կա թեկուզ մեկ քաղբանտարկյալ կամ պատանդ՝ մենք հանգստանալու իրավունք չունենք: Իսկ մենք այսօր ունենք 3 մլն պատանդ: Ուրեմն՝ պայքարելու ենք մինչեւ նրանց բոլորին ազատ արձակենք»:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե համաներումը համաներում անողին՝ Սերժին էր պետք. «Համաներումը կապված էր մեր ժողովրդի ճնշման եւ եվրոպական կառույցների պահանջները բավարարելու հետ, թեեւ մեր ընկերներից 16-ը դեռ գտնվում են պատանդի կարգավիճակում»: Խոսելով պայքարի ձեւերի մասին՝ Պ. Մակեյանը նկատեց, որ սահմանադրական ճանապարհով պայքարից բացի՝ այլ բազմաթիվ ձեւեր էլ կան, որոնք պակաս օրինական չեն եւ ընդունված են Մարդու իրավունքների միջազգայնորեն ճանաչված նորմերով, եւ հավելեց. «Որովհետեւ մենք գործ ունենք ոչ թե դասական իմաստով իշխանության, այլ բանդայի հետ: Բնականաբար, մեր բոլոր քայլերը պետք է լավ հաշվարկել: Մենք մեր հաշվարկներում արդեն մի քանի անգամ սխալվել ենք»: Համաներման «տակ չընկածների» մասին Պ. Մակեյանն ասաց, թե դա իշխանությունների նենգության, քինախնդրության դրսեւորումներից մեկն էր, բայց ոչ միայն դա. «Պատկերացրեք, այսօր ես կալանավայրում եմ թողել Հարություն Ուռուտյանին (նա եւս դատապարտվել է այն նույն մեղադրանքով, որով Պ. Մակեյանը, բայց 6 տարվա ազատազրկման- Ն. Մ.) եւ ազատ եմ արձակվել, թեեւ մենք ընկերներ ենք: Ինձ համար դա տհաճ էր ու ծանր: Երեկ մեր մյուս ազատ արձակված տղաներն են նույն վիճակում եղել»: Պ. Մակեյանը պարզաբանեց, որ իշխանությունը դրանով ազատ արձակված ու դեռ անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներին իրար դեմ լարելու խնդիր է հետապնդել, որը, նրա համոզմամբ, ձախողված քայլ է: Նա նաեւ կարծիք հայտնեց, թե այս համաներմամբ իշխանություններին, այնուամենայնիվ, չհաջողվեց հասարակության եւ ընդդիմության հետ համերաշխության հասնել, որովհետեւ դեռ կան ազատազրկված քաղբանտարկյալներ, ու «Մարտի 1»-ի իրական պատասխանատուները բացահայտված չեն:

Զրուցեցինք նաեւ Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, ազատ արձակված քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանի հետ: Նա դատապարտվել էր «զանգվածային անկարգությունների» մեղադրանքով եւ բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Հիշեցնենք, որ 2008թ. դեկտեմբերի 23-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ում այդ հիմնարկի աշխատակիցները, ի թիվս այլ քաղկալանավորների ու Գրիգոր Ոսկերչյանի, նրան էլ էին ծեծի ենթարկել, ու նա ստիպված էր եղել հացադուլ հայտարարել՝ մեղավորներին պատժելու պահանջով: «Սա համաներում չէր, խայտառակություն էր: Սերժ Սարգսյանը դրանով, ըստ էության, մեզնից ու բոլորից ներողություն էր խնդրում, բայց ես նրան չեմ ներում: Այսինքն՝ դեռ մտածում եմ՝ ներե՞լ, թե՞ ոչ: Բա որ նորից նույն քայլը, նույն հիմարություններն անի: Ես չեմ զղջում իմ պայքարի, իմ քայլերի համար»,- ասաց իրեն հասարակ գյուղացի համարող Գ. Մանուկյանը՝ այն համոզմունքով, որ ինքը հանցագործ չի եւ չի արել այն, ինչի համար դատապարտվել է: Նա ասաց, թե 2001թ.-ից, երբ հասկացել է, որ «էս ստոր իշխանավորները ժողովրդի արյունը տզրուկի նման քաշում են», պայքարել է մարդկանց ազատության համար եւ շարունակելու է պայքարել:

Հունիսի 22-ին ազատ է արձակվել նաեւ Քրիստափոր Էլազյանը: Նրան կալանավորել էին մարտիմեկյան իրադարձություններին հաջորդող օրերին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երկու օր շարունակ, նաեւ անձամբ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի եւ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի կողմից դաժան ծեծի ենթարկելուց եւ այն բանից հետո, երբ նա հրաժարվել էր կեղծ ցուցմունքներ տալ Համաժողովրդական շարժման ակտիվիստների դեմ: Դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ բացառապես ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա: «Համաներումը էս ղեկավարությունը ոչ թե մեզ, այլ ինքն իր համար պիտի աներ, որովհետեւ մենք հանցագործություն չենք կատարել: Իմ եւ իմ քաղբանտարկյալ ընկերների մեջ ոչ ոք հանցագործ չի եղել, բոլորն էլ նստել են իրենց պայքարի համար: Մեզ համար ծանր է, որ մեր ընկերներից շատերը դեռ մնում են բանտերում: Մենք պիտի պայքարենք, որ նրանք էլ ազատության մեջ ու մեր կողքին լինեն, ու միասին պայքարենք, որ մեր ապագա սերունդը եւ յուրաքանչյուր հայ իր երկրում իրեն ոչ թե կալանավորի կարգավիճակում, այլ ազատ մարդ զգա»,- ասաց Ք. Էլազյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել