Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՏԵՐՅԱՆ 107-ՈՒՄ

Հուլիս 01,2009 00:00

Երեկ ահազանգ ստանալուն պես հայտնվել ենք մայրաքաղաքի Տերյան 107 հասցեում

\"\"\"\"
\"\"\"\"
\"\"\"\"

Ուսանողական նախկին մասնաշենքում 20 տարուց ավելի պատսպարվել են Բաքվից մազապուրծ մեր հայրենակիցները: Տասնյակ ընտանիքներ դեռ այնտեղ են, քանի որ պետությունը չի կարողացել նրանց բնակության հարցը լուծել: Ապրիլի 14-ին Երեւանի քաղաքապետարանը քառահարկ այս շենքի քանդման որոշում է կայացրել: «Ռեգիոն-Ինվեստ» ՍՊԸ-ն ճանաչվել է տարածքի ձեռքբերող, թեեւ բնակիչներն ասում էին, որ իրենց հետ որեւէ մեկը իրավական փաստաթուղթ չի ստորագրել, չի զգուշացրել այդ մասին:

Երեկ դեռ չէինք հասցրել լուսանկարել շինարարների կողմից իրականացվող քանդման աշխատանքները, երբ նրանցից մեկը զանգեց ինչ-որ տեղ: Քիչ անց ինձ մոտեցավ «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ պատասխանատու ներկայացած մեկը եւ հարցրեց, թե ի՞նչ եմ անում տարածքում:

Իսկ ես տարածքում նկարել էի այս տանիքները, որի տակ բնակիչները, որոնք դատարանով կամ այլ որոշմամբ տարածքից պաշտոնապես չեն վտարվել, հորդացած անձրեւի եւ կարկուտի տակ մնացել են արդեն մի քանի օր: Փախստականների հարցերով զբաղվող որեւէ պաշտոնատար անձ, կառավարությունից որեւէ այր չի բարեհաճել լինել բոմժանոց հիշեցնող այս կացարանում: Մի քանի օր է, ինչ այստեղ են գալիս շտապօգնության մեքենաները, որովհետեւ, ինչպես Սվետլանա Գարայանցի, այնպես էլ շաքարախտով տառապող Էդուարդ Պետրոսյանի սիրտը տեղի է տվել:

Հայրենական պատերազմի մասնակից, օրեր առաջ Բաղրամյանի անվան շքանշան ստացած Սուրեն Բաղդասարյանն ասաց. «մենք աղքատ ենք» ու հասկացրեց, որ աղքատների երկրում աղքատների հարցով չեն զբաղվում: Նա Բաքվից իրեր էր բերել, որոնք վնասվել են շենքը ձեռք բերողների կողմից: Նա հուզված էր, ինչպես հուզված են այստեղի բնակիչներից շատերը, նույնիսկ այս երեխան, որը փրկում է իր ծաղիկները: «Մարդ եւ իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ, 6 տարի այս շենքում բնակվող Ալեքսինա Տեր-Մանուելյանն ասում է, որ շինարարությունը որոշմամբ դադարեցված է: Սակայն շինարարներն աշխատում են:

Տերյան 107-ում տասնյակ անչափահաս երեխաներ կան: Նրանք խմում են նույն այս ջուրը, որից օգտվում են շներն ու աղբի մեջ թաքնված առնետները: Պետությունը հանրային շահ է համարել այս տարածքի ձեռքբերումը, իսկ հանրային շահը, իրավմամբ, երկրի ուշադրությունը չգրաված քաղաքացիներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել