Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնիկով ման եկողը ո՞նց հայրենիք կպահի»

Հուլիս 08,2009 00:00

Գուսան Հայկազունի մտահոգությունները

\"\"Արցախյան պատերազմի եւ Հայաստանի անկախությանը նվիրված բազմաթիվ երգերի հեղինակ Գուսան Հայկազունին (Գագիկ Նազարյան) հանդիպեցինք իր ծննդավայրում՝ Արտաշատում. նախապատրաստվում էր հարազատ քաղաքում կայանալիք համերգին: Նրա «Հայեր, միացեք», «Հպարտ գնացեք», «Գետաշեն», «Պիտի գնանք», «Հույսով եմ նայում հայոց քարտեզին», «Հայաստան» երգերը մինչեւ այսօր էլ ժողովրդի մեջ մեծ սեր ու մասսայականություն են վայելում, միշտ երգվում ու երբեք չեն հնանում: Մեր զրուցակցի խոսքերով՝ այսօր էլ գուսանական երգն իր պահանջարկն ունի, ժողովուրդը հոգնել է հին, հազար տարվա երգերից, մարդիկ իրենց սրտին հարազատ նոր երգեր են ուզում, շատ բան կախված է նրանից, թե ով ինչպես է այն ներկայացնում: Նա ուրախությամբ հայտնեց, որ արդեն պատրաստ է իր՝ միայն սիրո երգերի ժողովածուն, որը, համոզված է՝ դառնալու է «երիտասարդների բարձի տակի գիրք»: Գուսան Հայկազունի հավաստմամբ, հատկապես երիտասարդների շրջանում սերը դեպի գուսանական արվեստը՝ մեծ է: Որպես ապացույց նշեց, որ երբ պատրաստվում էր գուսանական անսամբլ ստեղծել եւ հայտարարություն էր տվել կոնսերվատորիայում, էստրադային եւ մյուս բաժիններից մոտ 70 ուսանող էր դիմել: «Ամեն դեպքում, գուսանականը հարազատ է եւ մեր ժողովրդականն է: Ինչ էլ անենք, ուր էլ փախչենք՝ գուսանական երգը մեր հոգում կա եւ այն պարտավոր ենք պահել, հակառակ դեպքում՝ մեր հարեւան ազգերը մեզ կհայհոյեն…»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է արտաքուստ հանգիստ ու լուռ, իրականում՝ ըմբոստ ու պայքարող երգահանը: Նաեւ ավելացնում է, որ թեպետ իր համերգներին օգնել, աջակցել են, բայց՝ ո՛չ սիրով ու պետական մակարդակով. «Երբեմն մտնում, նաեւ ստիպում, կախվում ես, ինչ-որ տեղ՝ նաեւ զզվեցնում: Այսօր ոչ միայն պետական հովանավորություն չկա, այլ հակառակը՝ հակապետական է, որովհետեւ, եթե մշակույթի նախարարությունը ժողովրդական, գուսանական արվեստը չի հովանավորում, փոխարենը աջակցում է փոփ, ռաբիս երաժիշտներին, փուչ աստղերին: Մեծ գումարներ են ծախսվում, նշանակում է՝ մեզ խանգարում են, դեմ են: Մշակույթի նախարարությունը ներկայացնում է արվեստի աշխատողների, որոնց պետությունը, նախագահը շնորհում է վաստակավոր արտիստի, մշակույթի վաստակավոր գործչի կոչում ու հաճախ՝ անարժաններին, իսկ ես մինչեւ հիմա չեմ ստացել, այն դեպքում, որ 20 տարի ազգը իմ երգերն է երգում: Այդ երգերով պատերազմ են գնացել, էսօր էլ ամենաբարձր մակարդակի կառավարական համերգներին այդ երգերն են երգում: Այսօր կան մի քանի երգահաններ, գուսաններ, գուսանական ստեղծագործությունների լավագույն կատարողներ, եթե նրանց չեն աջակցում, ուրեմն գնահատական տվեք, թե մշակույթի նախարարությունը գուսանական երաժշտությանը ոնց է վերաբերվում»,- ասաց Գուսան Հայկազունը:

Մեր զրուցակցին թեպետ ուրախացնող շատ հանգամանքներ էլ կան, բայց տխրում է, որ պաշտպանության նախարարությունը թիկունքին կանգնած չէ, չի ճանաչում. «Եթե ես լինեի մի ուրիշ պետության պատերազմի ժամանակվա երգերի հեղինակ, այսպես չէին վերաբերվի»,- նեղսրտում է նա: Իսկ հայ երիտասարդների այսօրվա պայքարի մասին էլ Գուսան Հայկազունն ասաց. «Մեզ խեղճ, քաղաքավարի պահելով չէ, որ պետք է վրեժ լուծենք: Մեր երեխեքը մեծանում, ամուսնանում են՝ հավի վիզ էլ կտրած չեն լինում: Այդպիսի երեխան կկարողանա՞ վաղը երկիր պաշտպանել: Քայլում ես օպերայի տարածքում, բանակի տղա է, շնիկ է ման տալիս, էդ տղամարդը ո՞նց կարող է ընտանիք, հայրենիք պահել… Մեր դեմ այսքան ժամանակ ոչ մեկը քաղաքակիրթ ձեւով չի պայքարել, էլի քաղաքակիրթ լինենք, բայց, միեւնույն ժամանակ՝ ամեն ինչի պատրաստ: Մենք էնքա՜ն վիզներս ծռինք քաղաքակիրթ ձեւով, եկան մորթեցին…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել