Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՖԱՐԻՆ» ՄԻՆՉԵՎ ԼՈՒՅՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԻՎԱԴԱԴԱՐ Է ԱՆՈՒՄ

Հուլիս 18,2009 00:00

Այս գիշերային ակումբի բարձր երաժշտությունն ու աղմուկը հարեւան շենքերի բնակիչներին չեն թողնում քնել

«Անցյալ տարի դեկտեմբերին մեր շենքերի հարեւանությամբ սկսեց գործել «Սաֆարի» գիշերային ակումբը: Այդ ժամանակվանից սկսած, մենք ամբողջ գիշեր ստիպված ունկնդրում ենք այնտեղ հնչող երաժշտությունը, ինչպես նաեւ ակումբից արձակվող աղմուկը, որը ստեղծվում է ակումբում պարող աղջիկների շուրջ: Մեր տների պատուհաններից ականատես ենք լինում նաեւ այցելուների գինարբուքներին, որոնք շատ հաճախ իրենց շարունակությունն են ստանում ակումբից դուրս, բնակելի շենքերի առաջ: Փաստացի, ակումբի գործունեության արդյունքում մենք զրկվել ենք նույնիսկ քնելու հնարավորությունից»,-նման դիմում-բողոքով օրերս «Առավոտին» էր դիմել Արշակունյաց 6 եւ 8 շենքերի 53 բնակիչ: Բացի շենքերի բնակիչներից, գիշերային ակումբի գործունեությունից դժգոհում են նաեւ Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի շենքի պահակները, քանի որ գիշերային ակումբը տեղակայված է հենց այդ հաստատության առաջին հարկում: Պահակների խոսքերով, ակումբում աշխատող աղջիկները, գիշերվա ուշ ժամերին խնդիրներ ունենալով հաճախորդների հետ, անհանգստացնում են իրենց՝ խնդրելով մի քանի ժամվա ապաստան: Ակումբի գործունեության առաջին օրերին պահակներն աղջիկներին ներս են թողել, սակայն շատ քիչ ժամանակ է պետք եկել, որպեսզի նրանք համոզվեն, որ սխալվել են, քանի որ որոշ ժամանակ անց հայտնվել են հարբած տղամարդիկ՝ պահանջելով աղջիկների տեղն ասել: Վերջին ամիսներին պահակները ուշ ժամերի դռան թակոցներին ուղղակի ուշադրություն չեն դարձնում: Նրանց այժմ ավելի շատ անհանգստացնում է ակումբի աղմուկը, որը պարզ լսվում է իրենց սենյակում: Բացի այդ, առաջին հարկի աստիճանների տակ գտնվող պատուհաններից երեւում է, թե ինչ են անում ակումբում, քանի որ աղջիկների պարելու համար նախատեսված ձողը տեղակայված է այդ պատուհանների դիմաց:

Ակումբն իր գործունեությունը սկսում է կեսգիշերին եւ քեֆ-ուրախությունը շարունակվում է մինչեւ առավոտյան ժամը 6-ը: Սա է պատճառը, որ բնակիչներն ու մամուլի շենքի պահակները հանգիստ չունեն: Շենքերի բնակիչները համոզված են, որ այդ գիշերային ակումբի գործունեությունը ոտնահարում է իրենց իրավունքները. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27.1 հոդվածով նախատեսվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու իրավունք»: Ելնելով այս դրույթից, ինչպես նաեւ «Վարչարարական հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքից, բնակիչները դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով հարուցել վարչական վարույթ, որի արդյունքում «Սաֆարի» գիշերային ակումբը պետք է զրկվի ժամը 24-ից հետո աշխատելու թույլտվությունից:

Այս առնչությամբ «Առավոտը» պարզաբանումներ խնդրեց նաեւ Երեւանի քաղաքապետարանից: Առեւտրի եւ սպասարկման վարչությունից ասացին, որ իրենք պետք է ուսումնասիրություններ կատարեն ակումբում, որ կարողանան պատասխանել: Մի քանի օր անց երբ քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ ուսումնասիրե՞լ են եւ ի՞նչ են պարզել, վարչությունից պատճառաբանեցին, որ Թեհրան-Երեւան ինքնաթիռի վթարի առիթով հայտարարված սգի պատճառով իրենք խիստ զբաղված են եղել: «Առավոտը» պարզաբանումներ ստանալու համար դժգոհությունները փոխանցեց նաեւ «Սաֆարի» գիշերային ակումբի աշխատակիցներին, սակայն 2-3 օրվա ընթացքում ակումբի ղեկավարությունն այդպես էլ մեզ հետ չկապվեց եւ որեւէ պարզաբանում չտվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել