Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՍՈՒՑԻՉԸ ԹԻՎ ՉԻ»

Սեպտեմբեր 02,2009 00:00

\"\"2006 թվականի «տարվա լավագույն տնօրեն»
Սիլվա Հակոբյանը դառնացած է

«Առավոտը» «Սկսվե՜ց» հոդվածում (21.08.09) անդրադարձել էինք Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում տեղ գտած կրճատումներին. 100 ուսուցչից 24-ը մնացել էր առանց աշխատանքի: Դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանն ասել էր. «Նախկին տնօրենի օրոք ուսուցիչների ծանրաբեռնվածությունը եղել է 8-12 ժամ»: Արձանագրել էինք նաեւ դպրոցին առնչվող մարդկանց կարծիքները. «Ոմանք ասում էին, որ հին տնօրենը, որը շատ ավելի մեղմ եւ կիրթ կին էր, քան նորը, սակայն «քամում» էր ծնողներին՝ դրամահավաքով, «լարում» է կրճատվածներին»:

Այդ կապակցությամբ «Առավոտ» էր այցելել նախկին տնօրեն Սիլվա Հակոբյանը: «Իմ թոշակի գնալը, թեեւ 65-ս լրացել էր, շատ անսպասելի էր, որովհետեւ վստահ էի, որ իմ կարգի տնօրենին չէին ուղարկի թոշակի, այլ կպնդեին, որ շարունակեմ աշխատել, բայց ինձ ազատեցին 2-3 օրվա ընթացքում: Գնալուց հետո երբեւէ այդ դպրոց չեմ մտել, անգամ Հարավ-արեւմտյան թաղամաս գնալիս խնդրել եմ մեքենան շրջանցի այդ դպրոցը: Կոլեկտիվի հետ կապ չեմ ունեցել, որովհետեւ կոլեկտիվը շատ ահաբեկված էր, վախենում էին ինձ անգամ զանգել: Ինձ համար շատ դժվար էր, քանի որ այդ դպրոցում ես աշխատել եմ ստեղծման օրից՝ 35 տարի, որից 20-ը եղել եմ տնօրեն: Մեղադրել, որ ես «լարում» եմ կրճատված ուսուցիչներին՝ անհեթեթ է, որովհետեւ մարդիկ իրենց՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն են պաշտպանում: Ճիշտ է, ես իմացել եմ, թե ինչ է կատարվում, բայց երբեք չեմ միջամտել: Ես հասկանում եմ, որ եկել է նոր տնօրեն, ուզում է ինքնահաստատվել, բայց եթե տնօրենն անընդհատ ասում է՝ «ես այդպե՛ս եմ ուզում», բղավում է, դա նրա թուլությունն է ապացուցում: Ես չեմ պատկերացնում, որ նման մթնոլորտում դպրոցն առաջընթաց ունենա: Ուսուցիչը պիտի հանգիստ եւ պաշտպանված լինի, որ կարողանա ստեղծագործել, շփվել երեխայի, դեռահասի հետ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է չափից ավելի ուսուցիչ ընդունելու մասին մեղադրանքին, ապա Ս. Հակոբյանն ասաց. «Երբ 20 տարի առաջ տնօրեն նշանակվեցի, ունեի ընդամենը 600 աշակերտ, տարիների ընթացքում նրանց թիվը հասավ մոտ 1700-ի: Այն ժամանակ դասարանները կոմպլեկտավորվել են 20-25 աշակերտով, եւ պարզ է, որ ուսուցիչների կարիք ունեինք: Այդ ժամանակ ուսուցիչը ստանում էր 3-4 հազար դրամ, եւ մենք ընդունում էինք անգամ ոչ մասնագետների, որպեսզի երեխաներն առանց ուսուցիչ չմնան, բայց հիմա ժամանակները փոխվել են: Եվ 8-12 ժամով ուղղակի հնարավոր չի, որ ուսուցիչ պահեի: Մենք վերջին տարիֆիկացիան միջինը 19,7-ով ենք հաստատել: Այնպես որ, նոր տնօրենի այդ ասածը անհեթեթություն է, բայց եթե անգամ 12 ժամով ուսուցիչ պահեի, դա կես դրույքից ավելի է, իսկ այն ժամանակ դրույքը 18 ժամ էր եւ ոչ թե 22»:

Տիկին Հակոբյանին հուզում էր այն, որ այսօր Սիամանթոյի անվան դպրոցում գնում է անցյալը ջնջելու մի գործընթաց. «Իմ ժամանակ այդ դպրոցը եղել է «տարվա լավագույն դպրոց», ես եղել եմ «տարվա լավագույն տնօրեն»: Այնքան բարձր էր դպրոցի վարկանիշը, որ քաղաքի մյուս ծայրերից մեզ մոտ աշակերտ էին բերում, 4 տարի անընդհատ առարկայական օլիմպիադաներից մրցանակներ ենք ունեցել: Իսկ այսօր նոր տնօրենն ասում է՝ այստեղ փուչիկ է, ֆուֆլո, ոչինչ չկա: Անցյալն անընդհատ ջնջելով՝ առաջ չես գնա: Ինչքան էլ տեխնոլոգիաներ զարգացնեն, ուսուցչին ոչ ոք չի կարող փոխարինել: Մեր դպրոցի վարկը բարձր է եղել ստեղծագործող, մանկավարժական հետազոտություններով զբաղվող կոլեկտիվի շնորհիվ: Ցավում եմ, որ այդ կոլեկտիվի անդամները, որ մնացել են դպրոցում, մյուսների վրա «դոսյե» են հավաքում, որ արդարացվի նրանց ազատումը»: Բայց մի՞թե դա նույն «ստեղծագործող եւ հրաշալի» կոլեկտիվը չէ: Մեր այս հարցին տիկին Հակոբյանը մի նախադասությամբ պատասխանեց. «Դարվինի տեսությունն է՝ գոյատեւման պայքար»: Նա նաեւ անուն առ անուն հիշեց. «Այնտեղ մնացած ուսուցիչների մեջ կան մարդիկ, որոնց ես մի քանի անգամ ընդունել եմ աշխատանքի: Օրինակ՝ Կարապետյան Անգինը՝ քիմիայի ուսուցիչ, որը գնաց Բելգրադ, չդիմացավ, վերադարձավ, եւ որպեսզի չմնա առանց աշխատանքի, մենք նորից իրեն ընդունեցինք: Գասպարյան Լիանան՝ մեկ տարի է, որ աշխատում է, բայց նախկինում էլի աշխատել է, մեր աշակերտուհին է եղել, գնաց ՌԴ, ամուսնուն այնտեղ սպանեցին, դժբախտացավ աղջիկը, վերադարձավ, եւ իր համար ժամեր հարմարեցրինք, որպեսզի աշխատի, իրեն լիարժեք մարդ զգա: Պետրոսյան Ռուզանը՝ մաթեմատիկ, գնաց Ֆրանսիա, հետ եկավ, նորից վերցրինք: Խաչատրյան Հասմիկ ունեմ՝ շատ լավ ուսուցչուհի, որը գնաց ՌԴ, ընտանեկան խնդիրներ ունեցավ, վերադարձավ եւ մենք իրեն եւ իր երեխաներին նորից ընդունեցինք… Չի կարելի ուսուցչին թիվ համարել, թվաբանական գործողություններ անել ու կրճատել: Օպտիմիզացիայի տարիներին ինձ ասում էին՝ Սիլվա Վահանովնա, այդ ինչպե՞ս ոչ մեկին չկրճատեցիք, ես ասում էի՝ պետք է զգույշ լինել, չի կարելի ուղղակի ասել՝ դու այլեւս մեզ պետք չես: Այնտեղ մնացած ուսուցիչները թող հիշեն՝ ո՞ւմ են փողոց գցել այսօր. Պետրոսյան Սուսաննային, որն ամուսին չունի, երկու տղա է մեծացնում, եւ նա դասաժամերի պահանջ չուներ, ինքն ընդամենը նախկին ջոկատավարի դրույքով աշխատում էր եւ կատարում իր կազմակերպչական աշխատանքները… Ֆիզիկայի ուսուցչուհի Աննա Հարությունյանը ծանր վիրահատության է տարել, եւ երբ հիվանդ էր, ողջ կոլեկտիվն իր կողքին էր, այսօր այդպիսի սթրեսի ենթարկեցին, բա որ հիվանդությունը նորից գլուխ բարձրացնի՞: Էլի կան շատ-շատ լավ ուսուցչուհիներ, որոնց հանել են եւ փոխարենը պահել մի տղայի, որը մի համալսարան արդեն ավարտել է, հիմա 2-րդ մասնագիտությունն է ձեռք բերում, բայց 10 համալսարան էլ ավարտի՝ մեկ է, մանկավարժ չի դառնա: Նրան պահել են, իսկ հրաշալի ուսուցչուհի Թադեւոսյան Անահիտին ազատել են աշխատանքից: Մի շատ լավ պատմության ուսուցչուհի ունեինք՝ Մնացականյան Անահիտ, հրաշալի մասնագետ, ես հպարտ եմ, որ աշխատել եմ նման ուսուցչուհու հետ, էլի ազատել են աշխատանքից… Դալլաքյան Իսկուհի կա՝ ուսմասվար, նա իմ աշակերտուհին է եղել: Երբ իմ ազատման լուրն իմացել էր, կանգնած լացում էր, իսկ հիմա քիչ է մնում ինձ գող անվանի, եւ ամեն ինչ անում է, որ իրեն դասավանդած ուսուցիչներին վարկաբեկելով՝ արդարացնի նրանց կրճատումը: Ես այդ դեպքը շատ հիվանդագին եմ տանում: Որ մեկն ասեմ, որը թողնեմ…»,- հառաչեց նախկին տնօրենը: Նա առաջարկում էր իր լուծումները. «Մոտ 160-170 աշակերտ ավագ դպրոցի հաշվին դուրս է եկել դպրոցից, դա մոտավորապես 11,5 դրույք է, իսկ այդ դպրոցում 12 ուսուցիչ արդեն իսկ, մեկ տարում, իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ ծանր մթնոլորտի պատճառով: Այսինքն, այդ դրույքներն ազատվել էին, եւ կարիք չկար այս 24-ին կրճատելու»: Ինչ վերաբերում է դրամահավաքին, ապա, ըստ Ս. Հակոբյանի. «Մեր դպրոցը ծանր ճանապարհ է անցել, 9 մասնաշենք ունեինք, դպրոցին գումար էր հարկավոր՝ պետության տվածը չէր բավականացնի: Եվ մեզ օգնում էր մեր ծնողական խնամարկու ֆոնդը: Գումարի 70%-ը ծախսվում էր կրթադաստիարակչական նպատակներով, 30%-ը՝ շենքի պահպանման համար: Մենք հսկայական գործ ենք արել եւ ոչ մի անգամ ոչ մի ծնողից դժգոհություն չեմ լսել: Ունեցել ենք թատերական խմբակ, որը «Նռան հատիկում» 1-ին տեղ է գրավել, ունեցել ենք արտադասարանական շատ խմբակներ: Դպրոցը մեր երեխաների տունն էր, համայնքի համար մշակույթի պալատ էր դարձել՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ, պոդիումներ, գիշերային հարիսայի օր, տոնածառի հանդեսներ… Իսկ հիմա դպրոցում դրել են մի «սեւ արկղ», որպեսզի երեխաներն իրենց ուսուցիչների վրա «դանոսներ» գրեն: Դա՞ են սովորեցնում երեխաներին: Ո՞ր երեխան ամիսը գոնե մեկ անգամ չի չարանում իր ուսուցչի դեմ, բայց դա դարձնել գործի՞ք»:

Տիկին Հակոբյանը անդրադարձավ նաեւ ավագ դպրոցների խնդրին՝ ավելի լայն կտրվածքով: «Ավագ դպրոցների ստեղծումը, եթե միայն ծրագիր կատարելու համար էր՝ իմաստ չուներ, եթե պիտի հարյուրավոր ուսուցիչներ փողոց նետվեին: Թող այնպես մտածեին, որ դուրս մնացած ուսուցիչները այլ տեղ հրավիրվեին աշխատանքի: Չէ՞ր կարելի ամեն դպրոցում ստեղծել ավագ հոսքեր: Չէ՞ որ հատուկ մրցակցություն չկա ավագ դպրոցում աշխատելու համար, չէ՞ որ ոչ մի ավագ դպրոց դրսից ուսուցիչ չի ընդունել, նույն մարդիկ են դասավանդում: Թող մրցույթով ընդունվեին ուսուցիչները, թե չէ՝ ստացվեց, որ մի դպրոցում 14-20 ավագ դասարան բացվեց եւ այդ դպրոցը դրսից ոչ մի ուսուցիչ չընդունեց: Ի՞նչ է, այդ դպրոցում այն ուժերն էին, որոնք կարող են պարապել եւ երեխան առանց կրկնուսույցների կընդունվեր բո՞ւհ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել