Լրահոս
Օրվա լրահոսը

Բրայլյան համակարգի դասագրքերը ծախսատար են

Սեպտեմբեր 09,2009 00:00

Երեւանի՝ տեսողական խանգարումներ ունեցող երեխաների համար գործող միակ թիվ 14 դպրոցում չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են բրայլյան դասագրքեր ստացել:

Նիկողայոս Տիգրանյանի անվան գիշերօթիկ ռեժիմով գործող թիվ 14 դպրոցը մարզերի եւ մայրաքաղաքի 300 երեխաների է կրթում: «Այս տարի ԿԳ նախարարությունը դպրոցին հատկացրեց բրայլյան համակարգի 3000 նոր տետր, իսկ գրքերի հարցը դեռ համարվում է չլուծված»,- ասաց դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը: Նրա խոսքով, նախորդ տարիներին նախարարությունը դպրոցին հատկացրել է 1000 կամ 2000 տետր, իսկ այս տարի դրանց թիվը աճել է եւս 1000-ով, բայց դասագրքերի խնդիրը, Ահարոնյանի համոզմամբ, ֆինանսական խնդիրներով պայմանավորված, ամեն տարի հետաձգվում է: Ա. Ահարոնյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ դասագրքեր չունենալու պատճառով բարդացել է դպրոցի ուսուցիչների գործը. նրանք ստիպված են սովորական հանրակրթական դասագրքերը վերածել բրայլյան համակարգի. «Ուսուցիչները տեսողական դասագրքերը գրում են բրայլով, հետո պատճենելով բազմացնում ենք ու բաժանում աշակերտներին»: Դպրոցի տնօրենի խոսքով, նախկինում դպրոցին դասագրքերի հարցում օգնել են նաեւ միջազգային հասարակական կազմակերպությունները. շուրջ հինգ տարի առաջ «Լույսի Աստղ» եւ «ՅՈՒՆԻՍԵՖ» կազմակերպությունների աջակցությամբ տպագրվել է 12 անուն դասագիրք:

Հիմա բրայլյան համակարգի այդ դասագրքերը շատ են հնացել ու արդեն անպիտան են. շոշափվող կետերն անհնար է շոշափել, կան նաեւ ուսումնական ծրագրային փոփոխություններ: Դպրոցում առաջնահերթ գրքերի պահանջը հատկապես ճշգրիտ առարկաների դասագրքերն են, թեեւ ոչ պակաս կարեւոր են նաեւ հումանիտար առարկաների դասագրքերը: Դպրոցում անպիտան գրքերի փոխարեն գործում են համակարգիչները. արդեն երեք տարի աշակերտները հնարավորություն ունեն օգտվել «Արեւ» համակարգից: Հանրակրթության վարչության հատուկ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանն էլ «Առավոտին» ասաց, որ այս տարի հատուկ կրթության գրականություն տպագրելու մեծ ծրագիր էին նախատեսել. «Բայց պարզվեց, որ բյուջեի կրճատման հետեւանքով մեր պլանավորած հատուկ կրթության գրականությունը շատ սեղմվել է եւ միակ բանը, որ կարողացանք կույրերի համար թողնել կայուն, դա բրայլյան տետրերն են, որովհետեւ դրանք խիստ անհրաժեշտ են»: Տիկին Մուրադյանի խոսքով, դեռ շարունակվում է հայ մասնագետների վիճաբանությունը՝ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար ավելի լավ է բրայլյա՞ն, թե՞ միջազգային պրակտիկայում ընդունված խոսող գրքերի օգտագործումը: «Թող այդ վեճը դեռ ավարտվի, մեր բյուջեն էլ ուշքի կգա, նոր դրա մասին կմտածենք»,- ասաց տիկին Մուրադյանը:

Թիվ 14 դպրոցի տնօրենի խոսքով, այս տարի աշակերտների թիվն ավելացել է 13-ով, նրանցից հինգը կսովորի առաջին դասարանում, հինգ աշակերտ էլ դպրոց է եկել ներառական դպրոցներից: Ներառական դպրոցների գործունեությանը Ա. Ահարոնյանը դեմ չէ, բայց, ինչպես ինքն է մեկնաբանում՝ ոչ այսօրվա կարգավիճակով. «Արդյո՞ք այսօր բոլոր ներառական դպրոցներն ունեն համապատասխան մասնագետներ, կամ ապահովվա՞ծ են բոլոր տեխնիկաներով, որոնք ունեն հատուկ դպրոցները, եթե ունեն, ես շատ ուրախ եմ»: Նրա համոզմամբ, ներառական դպրոցները երբեւէ չեն ազդի հատուկ դպրոցներ դիմողների թվի վրա. «Ոնց էլ լինի, հատուկ դպրոցները մնալու են, մեր նախկին աշակերտները, որ գնացել էին սովորական դպրոց ուսանելու՝ մեկ տարի անց հետ են վերադարձել»:

Հանրապետության տեսողական խնդիրներ ունեցողների միակ դպրոցն ընդունվելու համար կարեւոր նախապայմանը, տնօրենի խոսքով, բժշկահոգեբանական մանկավարժական կենտրոնի եզրակացությունն ունենալն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել