Լրահոս
Օրվա լրահոսը

Զգալի է մասնագիտական գրականության պակասը

Սեպտեմբեր 11,2009 00:00

Գավառի քաղաքային գրադարանը հիմնադրվել է 2002 թվականին (նախկինում այդ տարածքում մանկապարտեզ է եղել): Այս տարվա հունիս ամսից քաղաքին հարակից թաղամասերում գործող ութ գրադարանային մասնաճյուղերը, Գավառի քաղաքապետարանի որոշման համաձայն, միավորվեցին՝ կազմելով մեկ ընդհանուր կենտրոնական գրադարան: Գրադարանի տնօրեն Ժաննա Ղուլոյանի խոսքով, գրադարանների կենտրոնացումը «լայն հնարավորություն կտա ազգաբնակչությանը օգտվելու թերթերից, ամսագրերից, կունենան մեծ ընտրանի, ինչպես նաեւ մշտապես կլինեն քաղաքի ղեկավարության ուշադրության կենտրոնում»:

Շուրջ մեկ տարի է, ինչ գրադարանային շենքը հիմնանորոգվում է: Տանիքներն ու սանհանգույցները ամբողջովին նորոգվել են: Երկհարկանի շինության այս տարվա նորոգման համար տրամադրվել է 15 մլն դրամ: Անկախ շենքի ներսում ընթացող շինարարական աշխատանքներից, քաղաքի բնակիչները չեն դադարում գրադարան հաճախել: Տնօրենը նույնիսկ պարծանքով նշեց, որ նախորդի համեմատ ընթերցողների թիվն այս տարի աճել է: Գրադարանից օգտվում են հիմնականում ուսանողներն ու դպրոցականները:

Հարկ է նշել, որ գրադարանն ունի նաեւ լուրջ խնդիրներ: Խիստ զգալի է մասնագիտական եւ դասական գրականության պակասը: «Այսօրվա ուսանողին չենք կարողանում գրքով ապահովել, դասական գրականություն ձեռք բերելը անչափ դժվարացել է»,- «Առավոտի» հետ զրույցում բողոքեցին գրադարանի աշխատակիցները: Մեծամասնություն են կազմում հիմնականում հին ու մաշված գրքերը, որոնց էջերը տեղ-տեղ պատռված են, ինչն էլ շատ հաճախ առիթ է տալիս ընթերցողների գանգատներին: Գրադարանի տնօրինությունը չվարանեց իր դժգոհությունը հայտնել մշակույթի նախարարության նկատմամբ. «Ինչո՞ւ մարզային գրադարանին ուշադրություն են դարձնում, մեզ՝ ոչ: Շատ վաղուց մեր գրականությունը չի թարմացվել, ինչը ինքներս չենք կարող անել»: Վերջիններիս անհանգստությունը, թերեւս տեղին է, քանի որ վաղուց նոր գրքեր գրադարանը չի ստացել, եղածն էլ շատ անմխիթար վիճակում է: Թեեւ գրադարանի աշխատակիցները աշխատավարձն ստանում են ժամանակին, բայց ինչպես իրենք են ասում՝ չնչին գումար՝ 35 հազար դրամ. «Մինչդեռ աշխատում ենք առավոտյան ժամը 10-ից 17-ը եւ ոչնչով չենք զիջում մանկավարժներին»:

Ինչ վերաբերում է գրականության տեսականիին, պարզվում է, որ Գավառի գրադարանում այն ավելի մեծ է, քան մարզայինում: Դրան նպաստել է հիշյալ մասնաճյուղերի միավորումը: Նախկինում գրադարանը չի ունեցել ընթերցասրահ, ինչը խոչընդոտում էր ընթերցողների սպասարկման բարձր մակարդակին: Իսկ ձմեռային ջեռուցման բացակայությունը, ինչպես նաեւ բաց պատշգամբներից անընդհատ տեղացող անձրեւներն ու խոնավությունը վնասել էին գրապահոցները: Այժմ անհրաժեշտ բոլոր աշխատանքներն արվել են. եւ գրքային ֆոնդին այլեւս վտանգ չի սպառնում:

Գրադարանն ունի 60 հազար կտոր գրականություն (39 հազար էլ՝ թաղամասերի գրադարանների գրականությունն է): Լայն ընտրանի է կազմում մանկական գրականությունը, որը, ի դեպ, գտնվում է համեմատաբար բարվոք վիճակում: Մանկական բաժինն ունի 22 000 կտոր գրականություն, որից 13383-ը՝ հայերեն լեզվով է, 8817-ը՝ ռուսերեն եւ անգլերեն: Գեղարվեստական գրականության բաժնում կա 20 հազար կտոր գրականություն, որից 15 700-ը հայերեն է, 4 300-ը ռուսերեն:

Համեմատաբար փոքր թիվ է կազմում մասնագիտական գրականությունը՝ 14 000 կտոր, որից հայերեն է 9 200-ը, իսկ ռուսերեն՝ 4800-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել