Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանելի երկխոսություն

Սեպտեմբեր 15,2009 00:00

Աբդուլ Համիդի, Թեոդոր Հերցելի եւ էլի ինչ-որ բաների մասին

\"\"Աբդուլ Համիդը ճղճիմ ու դաժան մարդ էր, թերեւս որովհետեւ պատահական գահակալ էր: Կարգին կրթություն էլ չէր ստացել, քանի որ երկրորդական մարդ էր, այսինքն՝ հոր երկրորդ զավակն էր: Նա գուցեեւ ողջ կյանքում կզբաղվեր իր սիրած զբաղմունքով՝ կահույք պատրաստելով, եթե մի օր ուրիշները գահընկեց չանեին եղբորը եւ իր ձեռքում չդնեին Օսմանի սուրը: Ահա այս պատահական գահակալի հետ կապված մի հետաքրքիր եւ ուսանելի պատմություն կա:

19-րդ դարի վերջը ծանր ժամանակաշրջան էր թուրքական պետության համար: «Եվրոպայի հիվանդ մարդը»՝ Օսմանյան կասրությունը, անհույս խրվել էր արտաքին պարտքերի մեջ եւ հոգեվարքի մեջ տնքում էր: Հենց այդ օրերին քաղաքական սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցելին հաջողվում է ընդունելության արժանանալ Օսմանյան կայսրության ինքնակալի կողմից: Նա, պահը պատեհ համարելով, ալլահի տեղապահին առաջարկում է գործարք. հրեա մեծահարուստները կվճարեն Օսմանյան կայսրության արտաքին պարտքը, պայմանով, որ սուլթանը Պաղեստինում հրեաների ներգաղթի համար տարածք հատկացնի: Ասում են՝ խոսքը գնում էր Օսմանյան հսկայածավալ կասրության չափանիշներով, մի փոքր հողակտորի՝ 4000 քառակուսի մղոնի, այսինքն՝ 10 հազար քառակուսի կիլոմետրի մասին:

Օսմանյան կայսրության բռնապետը պատասխանում է. «Ես այս երկրի սուլթանն եմ, սակայն այս երկրի հողը պատկանում է այս երկրի ժողովրդին»: Հերցելը տեղի չի տալիս. «Բայց վաղը կարող է պատերազմ լինել, հնարավոր է, որ դուք պարտվեք եւ այդ հողերը կկորցնեք առանց մի ղուրուշ իսկ ստանալու»: Անհասկացող սուլթանը համառում է. «Այո, վաղը կարող է պատերազմ լինել, հնարավոր է, որ մենք պարտվենք: Երբ որ պարտվենք, այն ժամանակ էլ այդ հողերը ձերը կլինեն»:

Ականջդ կանչի, Աբդուլ Համիդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել