Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՀՏ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Սեպտեմբեր 15,2009 00:00

\"\"Բուհերը չեն կրթում ձեռնարկություններին «ձեռ տվող» մասնագետներ

Սեպտեմբերի 12-13-ը Աղվերանում անցկացվեց այս տարվա 3-րդ՝ «ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում» ֆորումը: Ի տարբերություն ոլորտին առնչվող նախորդ քննարկումների, այս հանդիպումը նվիրված էր բացառապես Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի կրթության հիմնախնդիրներին: Ֆորումի կազմակերպիչներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ԿԳՆ-ը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Երկօրյա հանդիպումների ընթացքում «կլոր սեղանի» մասնակիցները քննարկեցին կրթական ծրագրերի՝ շուկայի պահանջների համապատասխանեցման, բուհական կրթության, գիտահետազոտական աշխատանքների իրականացման եւ ոլորտին վերաբերող այլ հարցեր: Քննարկումների ընթացքում հարցերի եւ ձեւավորված առաջարկությունների համապատասխան փաթեթը կներկայացվի ՀՀ կառավարությանը:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ՏՏ ոլորտում առկա առաջնային խնդիրներից մեկը համարում է այն, որ բուհերի շրջանավարտների մոտ 50%-ը չի ցանկանում աշխատել ընտրած մասնագիտությամբ, մի մասն էլ չի կարողանում՝ համապատասխան որակավորում չունենալու պատճառով: Ըստ Բ. Ենգիբարյանի՝ ՏՏ-ն մյուս ոլորտների համեմատությամբ ավելի լավ վիճակում է, սակայն այս բնագավառում էլ պետպատվերի մասով պետության կողմից չկա ռազմավարություն. «Բուհն իր խելքին մասնագետ է պատրաստում՝ առանց մասնավորի հետ համագործակցելու»: Մասնագետը հավաստիացնում է, որ շատ կազմակերպություններ սկսել են որոշակի ներդրումներ կատարել կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործում: Վերջին տարիներին Հայաստանի 3 բուհերի՝ ԵՊՀ, ԵՊՃՀ եւ Ռուս-հայկական սլավոնական համալսարանի համար պայմաններ են ստեղծվում, որպեսզի մինչեւ բուհն ավարտելը մասնագետներն իրենց փորձը կարողանան կիսել եւ ուսանողներին ուղղորդել ՏՏ ուղղությամբ:

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Գուրգեն Պարոնյանը, ներկայացնելով ՏՏ ոլորտը Գյումրիում, հայտնեց, որ համակարգչային եւ վեբ-տեխնոլոգիաների ուղղությամբ գործող իր կենտրոնում այս տարի դիմորդների աճ է նկատվել՝ 55-ից ընդունվել է 30-ը: Հաջողություններ են եղել նաեւ ուսանողների՝ աշխատանքի տեղավորման գործում. 53 շրջանավարտից 37-ն արդեն աշխատում է: Գյումրիում նախորդ տարվա դեկտեմբերից գործում է նաեւ եռաչափ մոդելավորման ուսումնական լաբորատորիան: Գ. Պարոնյանը նշեց, որ ուսանողներ ընտրելու հարցում հանդիպող առաջին խնդիրը դիմորդների ցածր պատրաստվածությունն է, որը դժվարացնում է ուսուցումը: Իսկ 2-րդը՝ Գյումրու շուկայի սահմանափակ լինելը. «Քիչ են վճարողունակ կազմակերպությունները, եւ դժվար է համոզել, որ իրենց գործառույթներն ավելի լավ կազմակերպելու համար պետք է ունենան նաեւ լավ մասնագետներ»:

Քննարկումների ընթացքում «կլոր սեղանի» բոլոր մասնակիցները կարեւորում էին բուհ-արտադրություն կապը: Ընկերությունների ղեկավարները կարծում են, որ բուհերը չեն տալիս որակյալ կրթություն, կրթության ոլորտի պատասխանատուներն էլ այլ խնդիրներ են առաջ քաշում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը դժգոհեց այսօրվա ուսանողությունից՝ պնդելով, որ թեեւ ուսանողների համար համապատասխան ծրագրերով կրթվելու եւ աշխատելու ամեն հնարավոր պայման ստեղծում են, բայց երիտասարդների մեջ հետաքրքրություն չի առաջանում: Վարչության պետը համոզված էր՝ անցել են այն ժամանակները, երբ ուսանողը մտածում էր. սովորի, թե չսովորի՝ աշխատանք չի գտնելու: «Հիմա Հայաստանում կա մի բնագավառ, որ ուսանողն ավարտելուց հետո լավ մասնագետ լինելու դեպքում մասնագիտական լավ աշխատանք կգտնի»,- ասաց Վ. Կիրակոսյանը:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ կազմակերպությունների կողմից չկա ուսանողների պրակտիկան իրենց մոտ անցկացնելու պատրաստակամություն. «Ընկերությունների աշխատանքը համաձայնեցված չէ բուհերի հետ: Ուսանողը սովորելու փոխարեն ուսման ընթացքում աշխատում է եւ չի ստանում համապատասխան կրթություն»:

Համալսարանը նոր ավարտած Հմայակ Տիգրանյանը պնդեց, որ կրթական դասընթացը այսօրվա շուկայի պահանջներին չի համապատասխանում, եւ բուհից ստացած գիտելիքը կիրառելի չէ աշխատանքի ընդունվելիս. «Այս ոլորտը շատ դինամիկ է ու արագ է զարգանում, բուհում սովորեցնում են մի բան, որը 10-15 տարի առաջ էր պետք ու այսօր ոչ մի տեղ պետք չի գալու: Այսօր web-ը զարգացել է, բայց ոչ մի համալսարանում չեն սովորեցնում վեբ-տեխնոլոգիաներ»: Վաչե Կիրակոսյանը երեւույթը բնական համարեց, նշելով, որ մեծ դեր ունի շարունակական կրթությունը, որովհետեւ այն մարդը, որը բազային կրթություն է ստացել՝ դասընթացների միջոցով հետո կարող է վերապատրաստվել:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, կարեւորելով արտադրություն- բուհ կապը, ներկայացրեց այն կրթական մոդելները, որով աշխատում են իրենք հայկական 3 բուհերի՝ ԵՊՀ, ԵՊՃՀ եւ Ռուս-հայկական սլավոնական համալսարանի հետ: Ռուս-հայկական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը կարծում է, որ գործատուները, որ ապագա շրջանավարտներին աշխատանքի են ընդունում, պետք է մասնակցություն ունենան ուսումնական պրոցեսին, բուհի հետ քննարկեն ուսումնական ծրագրերը: Առաջ քաշելով ուսանողների պրակտիկայի հարցը՝ նա ընկերություններին առաջարկեց. «Եկեք ընտրեք այն ուսանողներին, որոնց կուզենայիք, որ ձեր ընկերությունում ուսումնական պրակտիկա անցնեն»: Իսկ ՏՀՏ կրթության վրա ներազդող դպրոցական կրթության հիմնախնդիրը ներկայացնող «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը թերացումը տեսնում է ոչ թե բուհում, այլ դպրոցում. «Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով պետք է ուսման էֆեկտիվությունը բարձրացնել, այդ ուղղությամբ մեր դպրոցները վերջին տեղում են»:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հասարակական գիտակցությունը միայն դիպլոմն է, ծնողը 5 տարի ֆինանսավորում է երեխային ընդամենը փտած դիպլոմի համար»: ԻՏՁՄ-ի տնօրենի կարծիքով՝ հայ ուսանողներն իրենք շահագրգռված չեն աշխատանք գտնելու հարցում, եւ վստահեցրեց. «Եթե մի հետաքրքրվող ուսանող լինի, նրան վայրկենական աշխատանքի կընդունեն, եթե ինձ նման հարցով դիմեն՝ ես ուրախությունից նույնիսկ լաց կլինեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել