Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԽԵԼ

Սեպտեմբեր 16,2009 00:00

\"\"Այս նպատակով ձեռք են բերվել վերակենդանացման սեղանիկներ, ինկուբատորներ եւ շնչառության ապահովման համակարգեր:

«Մեր առաջին հիվանդ երեխան, որը պառկել է նոր վերակենդանացման սեղանիկի վրա՝ Հասմիկ Գալստյանի աղջիկն է: Նա ծնվել է Զեյթունի ծննդատանը՝ շատ ծանր բնածին թոքաբորբով եւ այդ իսկ պատճառով տեղափոխվել է մեզ մոտ՝ 1-ին հիվանդանոց եւ նրան միացվել է արհեստական շնչառության սարքը: 6 օր գտնվելով այդ վիճակում, ինչպես նաեւ հատուկ բուժում անցնելով՝ երեխան արդեն ինքնուրույն շնչում է: Հիմա շատ քիչ թթվածնի կարիք ունի, անգամ ինքնուրույն կերակրվում է մոր կաթով: Մեր առաջին հիվանդի բուժումը բարեհաջող էր, հուսով ենք՝ մնացածն էլ բարեհաջող կլինի»,- երեկ բրիտանական BirthLink կազմակերպության եւ «ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի» կողմից նախաձեռնած նորածնային խնամքի պայմանների բարելավմանն ուղղված նախագծի շրջանակներում Համալսարանական կլինիկական առաջին հիվանդանոց կատարած այցի ժամանակ «Առավոտի» հետ զրույցում պատմեց գլխավոր նեոնատոլոգ (նորածնի բժիշկ, որի հսկողության տակ երեխան մնում է 28 օր) Հրանտ Քալենթերյանը: Նրա խոսքերով, արատներով կամ տարբեր հիվանդություններով ծնված երեխաները սովորաբար անուններ չեն ունենում, այդ է պատճառը, որ նրանց մոր անունով են տարբերում:

Ներկայումս այդ հիվանդանոցում՝ նոր ձեռք բերված վերակենդանացման սեղանիկների մեջ, տարբեր արատներով ու հիվանդություններով ծնված մոտ 10 երեխա է պառկած: Այդ երեխաներից շատերը 7 ամսական հղիությունից են ծնվել: Մենք պարոն Քալենթերյանից հետաքրքրվեցինք՝ իրենց մոտ 7 ամսականից ցածր ծնունդներ եղե՞լ են, ինչին նա պատասխանեց. «Լինում է, սակայն հիմա չկա»:

Նշենք, որ նորածնային խնամքի պայմանների բարելավմանն ուղղված ծրագիրը կնպաստի մանկական մահացության դեպքերի կրճատմանը, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 4 միլիոն մանուկ է մահանում կյանքի առաջին տարվա ընթացքում: Մահացությունների 98%-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին. երեխաների մահացությունների 65%-ը տեղի է ունենում կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի մեծ մասը՝ առաջին շաբաթվա, իսկ մնացածն էլ՝ առաջին 24 ժամվա ընթացքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի տվյալներին: Ըստ մասնագետների, համապատասխան տեխնիկայի, գիտելիքների եւ մասնագիտական վերապատրաստումների միջոցով մանկական մահացության շատ դեպքերից կարելի է խուսափել: Հաշվի առնելով սա, ինչպես նաեւ այն, որ Հայաստանում մանուկների 40%-ը ծնվում է մայրաքաղաքում, նախագիծն իրականացվում է ոչ միայն Համալսարանական կլինիկական առաջին հիվանդանոցում, այլ նաեւ Երեւանի 10 ծննդատներում, ինչպես նաեւ՝ նորածնային բաժանմունք ունեցող մանկական հիվանդանոցներում: Այդ շրջանակներում հաստատություններին տրամադրվել է 101 սարքավորում՝ ինկուբատորներ, շնչառության ապահովման համակարգեր, մոնիտորներ եւ այլն: Այս ամենը հիվանդանոցներին է նվիրաբերել բջջային օպերատոր «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունը: Ըստ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի. «Գիտակցելով նորածինների խոցելիությունը եւ պահանջվող խնամքի բարդությունը՝ մենք չէինք կարող անտարբեր մնալ այս հարցի հանդեպ»: Նա ասաց նաեւ, որ ծրագիրը առաջիկայում կիրականացվի նաեւ մարզերում: Իսկ նմանատիպ բազմաթիվ նախագծեր իրականացրած BirthLink հասարակական կազմակերպության տնօրեն Քեթի Մելորի ներկայացմամբ էլ, նախագիծը սկսելու հիմնական գաղափարն այն է եղել, որ առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում նորածնային մահացության մակարդակը նվազի, համահունչ՝ ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին. «Հայաստանի բուժհաստատությունների նորածնային բաժանմունքներին ամենաառաջնային սարքավորումների՝ հատկապես անմիջապես ծննդից հետո կենսապահովմանն ուղղված սարքավորանքի տրամադրմամբ, մենք հույս ունենք մեծացնել առողջական խնդիրներ ունեցող մանուկների կյանքի հավանականությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել