Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԲԱՐՈՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸ

Սեպտեմբեր 24,2009 00:00

Մտորումներ Բանինի «Կովկասյան օրեր» գրքի շուրջ

Սկիզբը՝

\"\"
Բանինը քույրերի հետ:

\"\"
Բանինի հայրական տունը, որն այժմ Ադրբեջանի ԳԱԱ շենքն է:

Այլ խոսքով, քաղաքակրթությունը, եվրոպական մշակույթը որքանո՞վ են բարեշտկել Բանինին եւ նրա միջոցով՝ ադրբեջանցիներին: Որքանո՞վ են նրանք իրենցը, սեփականը բերել-ավելացրել մարդկության ստեղծածին: Քաղաքակրթությունը եւ մշակույթն այն ասպարեզներն են, որտեղ բացառվում է պարզունակ եւ միակողմանի սպառումը: Քաղաքակրթվում է նա, ով իրենն է դնում ընդհանուր պրոցեսի մեջ, եւ քաղաքակրթվում է այնքանով, որքանով ներդնում է: Թեկուզ փոքրիկ, թեկուզ աննշան: Կարեւորը սեփական լուման դնելն է: Կարեւորը ձգտումն է:

Այսօր չափազանց կարեւոր է պարզել, թե Բաքվի հարուստ ապարտամենտներում եւ առանձնատներում սերտած Բախի խորալները, ֆրանսերենի, անգլերենի, գերմաներենի դասերը դարձե՞լ են, արդյոք, այն սերմերն ավետարանական, որոնք ընկան պարարտ ու բարեբեր հողի վրա եւ ծիլ տվեցին: Ոչինչ, որ խոսքը մահմեդական կնոջ մասին է, չէ՞ որ ավետարանական ճշմարտությունը համամարդկային է: Եվ հասկանալի է, որ խնդիրը միայն Բանինի անձը եւ ստեղծագործությունը չէ. սա հերթական առիթ է պարզելու, թե ինչպիսին է լինելու մեր հարեւանների հետագա ուղին մարդկության ընտանիքում: Այն շտկած ու սիրունացրած ֆասադը, որով ներկայանում են աշխարհին, օրերից մի օր պիտի դառնա՞ բովանդակություն: Պիտի շարունակե՞ն իրենց տան մեջ այլազգիներ մորթել, բռնաբարել ու այրել, իսկ տեսադաշտում «օտար մարդ» երեւալու պահին, այն է՝ աշխարհի աչքին, մորթված զոհի հետ «եղբայրական շուրջպար բռնել ու մանկական երգեր երգել»:

Վերոբերյալ տողերը որքան էլ սահմռկեցնող էին, այնուամենայնիվ, ես հույսեր էի փայփայում, որ գիրքն ամբողջությամբ պետք է տարբերվի: Մի կողմ դնելով գրաքննադատիս ու լրագրողիս տասնամյակների փորձառությունը եւ հանրահայտ ասացվածքը՝ ծովի համն առնելու համար մի կումն էլ բավական է, ես շարունակում էի հավատալ քաղաքակրթության բարենորոգիչ ազդեցությանը, ես ենթադրում էի, որ ավելի քան վեց տասնամյակ աշխարհի Լույս-Քաղաքում ապրած խանում-մադամը փոքր-ինչ վերանայած պիտի լինի իր ազգակիցների հայացքն այլազգիների եւ մանավանդ հայերի հանդեպ: Դա պետք է մեզ, եւ ինչո՞ւ միայն մեզ: Դա պետք է նաեւ իրենց:

Այս սպասումներով ու հույսերով էր, որ վճռեցի ուշադիր կարդալ Բանինի «Կովկասյան օրերը»:

Այս ծավալուն ինքնակենսագրությունն ամենայն ուշադրությամբ կարդալուց հետո՝ առաջին բանը, որ անցավ մտքովս, հետեւյալն էր. եթե ցանկություն ունենայի ադրբեջանցիներին վարկաբեկել ի լուր աշխարհի, այնպես, ինչպես Զիա Բունիաթովն էր ճիգեր թափում, իսկ հիմա նրա անխոնջ հետեւորդները՝ հայերին վարկաբեկելու համար, ապա դեսուդեն չէի ընկնի, կտպագրեի միայն Բանինի «Կովկասյան օրերը», մանավանդ որ, հեղինակն էլ իրենց միջից է, ադրբեջանցի է, մանավանդ որ, իրենք էլ՝ ադրբեջանցի մտավորականներն այդ կնոջը մեծարում-փառաբանում են:

Երկրորդ գյուտը, որ արեցի՝ հետեւյալն էր. շատ կասկածելի է, թե Էլչինը եւ մյուս նրանք, ովքեր փառաբանում են Բանինին, կարդացել են այս գիրքը: Ավելին, կարելի է համոզված ասել, որ չեն կարդացել, այլապես հազիվ թե քաղաքակիրթ երեւալու իրենց նկրտումների մեջ նրան դրոշ սարքեին: Նրանք այսօր միայն հաճոյախոսություն են ուզում լսել, ամենաչնչին քննադատությունը, նույնիսկ բարեկամների բերանով ասված, մթագին մի կատաղության մեջ է գցում նրանց: Չէ՛, անկարելի է, որ նրանցից որեւէ մեկը կարդացած լիներ այս գիրքը:

Ինչ որ է, այս հարցը թողնենք իրենց՝ ադրբեջանցիներին, ինչ վերաբերում է ինձ, ապա գրքի յուրաքանչյուր էջի հետ անհետանում էին իմ չնչին հույսերը՝ այնուամենայնիվ մարդկային մի բան գտնել Փարիզի գրական սալոններում մուտք ունեցող այս խանումի երկի մեջ: Ըստ որում, մոտ կես դար առաջ Բաքվից բերված եւ գիտակցության խորքերում անխաթար պահպանված բարբարոսության վկայությունները պետք չէ խոշորացույցով փնտրել. բառացիորեն ուզած էջում կարելի էր մի խայտառակ բանի հանդիպել:

Բայց սկսենք մեզ ամենից շատ հետաքրքրող նյութից՝ նրա վերաբերմունքը հայերի հանդեպ, որը, ինչպես ասացինք, Եվրոպայում ապրած երկար տարիներից հետո գոնե փոքր-ինչ պիտի փոփոխված լիներ: Բայց, ավա՜ղ, ես պիտի համոզվեի, որ հայատյացությունը նրանում դարձել է ավտոմատիզմի պես մի բան: Եվ ոչ միայն հայատյացությունը: Խնդրեմ, հեղինակի այս խոստովանությունը. «Եվ ես դասում էի անգլիացիներին միեւնույն գզրոցում, ուր արդեն գտնվում էին հայերն ու հույները: Գզրոց՝ հատկացված այն ազգերի համար, որոնց ես համարում էի ծածկամիտ եւ վնասակար» (էջ 86):

Լավ, հայերին գիտենք, թե հեղինակն ինչու է այդպիսին համարում: Հույներն էլ դժվար չէ կռահել, թե ինչու են ընկել այդ չարաբաստիկ «գզրոցը», բայց անհասկանալի է անգլիացիների պարագան, քանզի ադրբեջանցիք, իրենց թուրք եղբայրների պես, լավ ու վատ կարծիքները որեւէ ժողովրդի մասին կազմում են զուտ իրապաշտ հաշիվներից ելնելով: Այդ դեպքում, սա ի՞նչ ապերախտություն է, մոռացա՞վ խանումը, որ անգլիացիները լուրջ ներդրում ունեն Ղարաբաղն ադրբեջանցիներին նվիրելու «գործում»:

Բայց ինձ ավելի մեծ հայտնություն էր սպասվում: Այն, որ Բանինը հայերից, հույներից ու անգլիացիներից ավելի շատ ատում է իր ազգը: Այսինքն՝ ես գուցե սխալ բնորոշեցի. ատելությունը երբեմն ազնիվ, արդարացնող դրդապատճառներ է ունենում: Բանինը, ավելի շատ, իր ժողովրդին նայում է վերեւից, արհամարհում, զզվում նրանից:

Նա իր ազգին կապված է գերազանցապես արյունով եւ որոշ չափով էլ՝ ժառանգականությամբ: Վերջին հանգամանքն ավելի շատ արտահայտվել է ավանդական-ծիսական ստացվածքներով, որոնց մասին արդեն խոսվեց: Այն կյանքը, որով ապրել է Բանինը, իր ծննդյան օրից, պիտի ստեղծեր պատմասոցիալական ճամփաբաժանին կանգնած մի տիպ, որը մշակութային ոչինչ չունի ստանալու իր հողից ու ժողովրդից, իսկ նոր ստացած այլ մշակութային հարուստ շերտերն ստեղծել են արժեքների մի ամալգամ, որի մեջ իսպառ բացակայում է հումանիզմը՝ մշակույթի արյունը:

Ինչո՞վ է կապված հեղինակն իր ժողովրդին. լեզվո՞վ: Իր մանկությունը՝ լեզուն յուրացնելու ամենաբարեբեր շրջանը, հեղինակը որակում է այսպես. «կես արեւելյան, կես գերմանական, ավելի ուշ՝ ռուսական» (էջ 80): Խոսելով քույրերի (որոնցից ամենակրտսերն ինքն է) եւ իրենց տատի հարաբերությունների մասին, Բանինը գրում է. «Մենք, որ հասակ էինք առել նրան (տատին- Ալ. Թ.) բացարձակապես օտար մի մթնոլորտում. խորհրդանշում էինք անցյալի ժխտումը: Մենք հազիվ էինք խոսում ազիրի (հեղինակն այդպես է գրում՝ l’aziri – Ալ. Թ.) լեզվով: Ճիշտ է, որ գործածական բառերը շատ հաճախ պակասում էին մեզ, բայց փոխարենը՝ մեր հայհոյանքների շտեմարանը շնորհիվ նրա (դարձյալ նույն տատն է- Ալ. Թ.) զարմանալիորեն հարուստ էր: Ես նրան հիշում եմ շարունակ հայհոյելիս, սաստելիս եւ սրտնեղելիս» (էջ 30):

Ինչո՞ւ ոչ, հայհոյանքներն էլ լեզվի իմացության մասն են կազմում, պայմանով, որ գիտես կամ բավարար չափով տիրապետում ես ամբողջին: Սակայն հարցն այն է, որ հեղինակը եւ իր «հերձվածող» քույրերն իրենց մայրենի լեզվին նայել են գերազանցապես հայհոյանքների «երաժշտության» միջով. «Խոսակցական, ավելի շուտ գոռգոռոցի ազիրի լեզուն մեր սեղանի շուրջ հնչում էր կոպիտ եւ անկանոն. ես երբեք չեմ սիրել այդ լեզուն եւ, անկասկած, հենց այդ պատճառով երբեք չեմ կարողացել կարգին խոսել» (էջ 38):

Լեզուն սովորում են ամենօրյա շփումների, համակրանքների եւ հակակրանքների մեջ: Բանինի մանկական հուշերում հիմնականում հանդիպում է վերջինը. մեկուսացում, տարածություն իր եւ ազգականների միջեւ: Հարազատ տատին միշտ հիշում է հայհոյելիս ու չարանալիս. «Լուի 14-րդի պես նստում էր ծակ աթոռին, որի վրա անց էր կացնում օրվա մեծ մասը, եւ կողքը դնում էր տակը լվալու ամանը» (էջ 51): Միեւնույն՝ օտար մարդու խորթությամբ է նայում իր պապին՝ առասպելականորեն ժլատ մի մարդ: Ածականներն ու ընդհանուր շեշտն ավելի հանդուրժողական են դառնում, երբ հերոսուհին խոսում է իր հոր մասին, սակայն չէի ասի, թե ջերմություն է զգացվում դրանցում: Մոր մասին գրեթե խոսք չկա, քանի որ այդ կինը մահացել է հերոսուհուն ծննդաբերելիս:

Անսքող զզվանքով, ատելությամբ ու արհամարհանքով է հիշում հեղինակն իր բազմաթիվ ազգականներին. «Մեր աղքատ ազգականների թաց համբույրները միակ անպատեհությունը չէին: Անհամեստությունը նրանց ուտում էր եւ մղում խիզախություններ գործելու, նրանք ներխուժում էին մեր ննջասենյակները, երբ քնած էինք լինում, բացում մեր բոլոր դարակներն ու պահարանները, որպեսզի ստուգեն մեր իրերը, շոշափեն մեր զգեստները, որպեսզի կերպասի արժեքն իմանան, շոշափում էին նաեւ մեր կրծքերը, որպեսզի տեսնեն՝ արդյոք լա՞վ են աճել: Նրանք ուզում էին ամեն ինչ իմանալ եւ անդադար հարցեր էին տալիս: Օրինակ՝ ո՞րն է մեզնից արդեն սեռահասուն եւ երբվանից… Նրանք ականջ էին դնում դռների ետեւից, աչքերը հպում մեր պատուհանների ապակիներին եւ ամեն ինչից ապուշ կտրում. դաշնամուրից, լարովի խաղալիքից, թենիսից…» (էջ 58): Հեղինակը չի թաքցնում իր եղկանքը նաեւ սրանց երեխաների հանդեպ. «Ոջլոտ, խլնքոտ, ճղճղան՝ այս երեխաներն իմ մեջ գարշանք էին առաջացնում, եւ ես բնավ ճիգ չէի գործում այն թաքցնելու» (էջ 57):

Գուցե աղքատությունից է, որ այս թշվառ մարդիկ հեղինակի հուշերում սվիֆտյան հուիհընըմների կերպարանքով ու վարքով են պահպանվել: Գուցե դրամը, եվրոպական կենցաղը, նոր հարաբերությունները հղկում էին այս անտաշ եւ իսկապես գարշահարույց ռամիկներին: Բայց, ավա՜ղ, կամ հեղինակը շարունակում է մնալ անողոք, կամ դրամն անզոր է որեւէ բան կատարելագործել այս մարդկանց մեջ: Կարծում ենք, թե՛ մեկը, թե՛ մյուսը, եւ մանավանդ մյուսը՝ դրամը, որ բարեկրթելու փոխարեն երբեմն ավելի է սանձազերծում ստոր կրքերը եւ անասնական բնազդները:

Օրինակ՝ հեղինակին հիացմունք է պատճառում իր քեռու՝ Սուլեյմանի (մեծահարուստի որդի մեծահարուստ) նկարագրի մի քանի գծերը եւ որոշ սովորույթները: Տեսնենք՝ որոնք են. «Նա հրաժարվել էր անհավատալի տուգանք մուծել բեռլինյան ոստիկանին, երբ ցանկություն էր ունեցել գերմանական մայրաքաղաքում, չնայած հատուկ արգելքներին, ամբողջ օրը փողոցում թքել: Մի ուրիշ անգամ, հյուրանոցներից մեկի վերելակի աշխատողին ստիպել էր մի հարյուր անգամ, անդադար, վերուվար անել: Մեր կողմի երգերն էր երգել Փարիզի օպերայի ճեմասրահում, պանդոկի սենյակի պատշգամբից միզում էր, իր ահադղորդ զկռտոցներն էր գցում «Մաքսիմ» ռեստորանում: Իսկ արտասահմանից վերադառնալիս… նա միայն նվերներ չէր բերում, այլեւ ամենավայելուչ հյուրանոցներից գողացված իրեր…» (էջ 118):

Ինչպես արդեն ասվեց, այս «գծերը» զմայլանք են պատճառում հեղինակին: Ավելին՝ «ինքնատիպության լուսապսակի» մեջ են ներկայացնում առասպելական հարստության տեր Թաղիեւի զավակ քեռի Սուլեյմանին: Այնպիսի տպավորություն է, կարծես հուշերի հեղինակը նպատակադրվել է իր ընթերցողին համոզել, թե անասնականությունն իր ցեղի ու տոհմի ամենացայտուն գիծն է: Եվ եթե չես ուզում հավատալ դրան, միեւնույն է, հեղինակն իր հետեւողական աշխատանքով նկատելի արդյունքների է հասնում: Ըստ որում, ասես նրա նպատակը միայն իր տոհմը խայտառակելը չէ, այլ ամբողջ «ազիրի» ժողովուրդը, ինչը դարձյալ բարեհաջող ի կատար է ածվում: Սակայն շարունակենք ծանոթանալ Թաղիեւ-Ասադուլաեւ դաշինքի անդամներին:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել