Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

Հոկտեմբեր 01,2009 00:00

\"\"ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ ոլորտի տխուր անցյալի եւ խոստումնալից ապագայի մասին

Ներկայումս ՀՀ-ում գործում է 82 միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն, որից 52-ը գտնվում է ԿԳՆ ենթակայության տակ: Վերջին տարիներին միջին մասնագիտական կրթությունը կարծես դարձել էր հայաստանյան կրթական համակարգի ամենաստվերոտ բաղադրիչներից մեկը: Մի կողմից բարձրագույն կրթություն ստանալու մոլուցքի տակ մի տեսակ ընկել էր ուսումնարանների վարկը, մյուս կողմից՝ այդ հաստատությունները դժվար օրեր էին ապրում ոչ միայն բարոյական, այլեւ նյութական առումով. շենքային անմխիթար պայմաններ, դասավանդող կադրերի ցածր աշխատավարձ, երիտասարդների հետաքրքրության նվազում: Սակայն վերջին 1-1,5 տարիների ընթացքում սկսել է սայլը տեղից շարժվել, կնքվում են համաձայնագրեր, ակտիվանում է կապը միջազգային կազմակերպությունների հետ: «Առավոտի» հարցազրույցը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ ծավալվեց այս թեմաների շրջանակում:

Նախարարը կարծում է. «Կրթությունը՝ որպես տնտեսությանը սպասարկող համակարգ, պիտի արտադրի եւ պատրաստի ոչ միայն բարձրագույն որակավորում եւ կրթություն ունեցող մասնագետների, այլեւ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ կրողներին, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն: Աշխատաշուկայի պահանջներից ելնելով, զուգահեռաբար մի շարք միջազգային կազմակերպությունների շահագրգռվածությամբ, միջին մասնագիտական կրթության ոլորտը զարգացման նոր հնարավորություններ ստացավ: Եվրամիության կողմից ֆինանսավորվող, 2007-ից կյանքի կոչված «Նոր հարեւանության» ծրագիրն ուղղված է աշխատաշուկայի պահանջների բավարարմանն ու աղքատության կրճատմանը: Այդ ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում եւ Երեւանում ընտրվել են 12 առաջատար ուսումնական հաստատություններ, որոնց առաքելությունն է դառնալ համապատասխան տարածաշրջաններում միջին մասնագիտական կրթության ոլորտի առաջատար եւ բազմաֆունկցիոնալ կենտրոններ, որոնք ոչ միայն իրենք կապահովեն այդ կրթությունը, այլեւ շոգեքարշի դեր կստանձնեն»: Ա. Աշոտյանը չթաքցրեց, որ ծրագիրը բախվում է բազում դժվարությունների, քանի որ կուտակվել են տարբեր խնդիրներ եւ դրանց լուծման համար հարկավոր է ընդհանուր հայեցակարգային մոտեցում, որը ձեւավորման փուլում է: Այնուհետեւ նախարարը փաստեց. «Բարեփոխումների հիմնական դոնորը ԵՄ-ն է, բայց խոշոր առաջարկություններ եւ ծրագրեր են իրականացնում նաեւ Բրիտանական խորհուրդը, գերմանական մի շարք կազմակերպություններ, ՄԱԿ-ի որոշ գործակալություններ, մասնավորապես՝ UNDP-ն, USAID-ն եւս ակտիվ են աշխատում այս ոլորտում: Աջակցում են նաեւ մեր սփյուռքահայ բարերարները. օրինակ՝ «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամը մինչ այժմ ոլորտում $600 հազարի ներդրումներ է կատարել»:

Միջին մասնագիտական կրթության ոլորտում կատարվում են նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Այդ առիթով Ա. Աշոտյանը նշեց. «Միջին մասնագիտական հաստատությունների կառավարման խորհուրդների դռները բացել ենք նաեւ գործատուների առջեւ: Անցյալ շաբաթ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ Արդյունաբերական պալատի եւ Գործարարների միության հետ: Սա նշանակում է՝ կրթական բարեփոխումների գործում հաշվի առնել նաեւ գործատուի, աշխատաշուկայի եւ տնտեսական իրական պահանջները»: Արդյունքում կլուծվի նաեւ արտադրական պրակտիկայի կազմակերպման կնճռոտ հարցը: Նախարարը նկատեց. «Գործատուների հետ կապի շնորհիվ կաջակցենք նաեւ արտադրական պրակտիկայի կազմակերպման նոր մոդելների ներդրմանը: Նման մոդել, օրինակ, ներդրված է Ֆինանսաբանկային քոլեջում՝ Կենտրոնական բանկի հետ համատեղ: Այդ հաստատությունում տեսական ուսումնական գործընթացը եւ գործնական պարապմունքները անբաժանելի են: Այսպիսի մոդելներ ունենք արդեն այլ քոլեջներում»: Ձեռնարկված բարեփոխումներն արդեն տվել են իրենց պտուղները: Նախարարը փաստեց. «Այս տարի ուսումնարաններում պետության կողմից հատկացված բոլոր տեղերը լրացված են, անգամ որոշ քոլեջներ եւ ուսումնարաններ դիմում են հավելյալ տեղերի խնդրանքով: Հետաքրքրության բարձրացման պատճառը նաեւ այն է, որ բարձրագույն կրթական համակարգում թողարկված բազում մասնագետներ այսօր պահանջարկ չունեն, մյուս պատճառը հանրակրթական, հատկապես ավագ դպրոցների բարեփոխումներն են»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ «շոգեքարշ» ուսումնարաններն ի՞նչ սկզբունքներով են ընտրվել: Նախարարը պատասխանեց. «Ընտրությունը կատարվել է՝ ելնելով դրանց մասնագիտությունների ցանկից, ուղղություններից, եղած ելակետային՝ տարածքային, դասախոսական հնարավորություններից: Ծրագրի շնորհիվ իրականացվում են տեխնիկական վերազինում, շենքային պայմանների բարելավման աշխատանքներ»: Ա. Աշոտյանը հիշեց նաեւ ոլորտի «տխուր» անցյալը. «Տարիներ շարունակ հանրակրթությունը պետության կողմից գերակայություն էր համարում, պետական բյուջեում ծախսային առումով առյուծի բաժինն ընկնում էր այդ բնագավառին, իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունները շուկայական պայմաններում կարողացել են ապահովել իրենց գոյությունն ու զարգացումը: Սակայն միջին մասնագիտական կրթությունը կարծես թե չէր տեղավորվում ոչ պետական գերակայությունների, ոչ էլ շուկայական հարաբերությունների տրամաբանության մեջ: Ուստի տնտեսությունից ածանցվող պահանջարկ պիտի լինի այս ոլորտի զարգացման համար, ինչը սկսում է ձեւավորվել»:

Ուսումնարանների որոշ տնօրեններ կարծում են, որ բարեփոխումները պետք է սկսել այդ հաստատությունների վարկի բարձրացումից: Նախարարն այս կապակցությամբ նշեց. «Վարկի խնդիրը պայմանավորված է բուհական կրթություն ստանալու՝ հասարակության մեծամասնության ցանկությամբ: Մի տեսակ խեղում կար. ստացվում էր, որ հանրակրթությունից միակ ճանապարհը կարծես բարձրագույն կրթությունն էր: Ներկայումս բարձրագույն – միջին մասնագիտական կրթության բնագավառում սովորողների թվի հարաբերակցությունը խեղված է. 100 հազար ուսանողից 3/4-ը սովորում է բուհում, 1/4-ը՝ միջին մասնագիտական հաստատությունում: Սա անբնական բաշխվածություն է. նշանակում է՝ մեզանում դեռ կրթական շուկան չի կայացել, քանի որ միջին եվրոպական ցուցանիշները հակառակն են. բուհական կրթություն ունեցողների թիվն ավելի քիչ է, քան միջին մասնագիտականի: Բայց ԵՄ իրականացրած ծրագրերի շնորհիվ, տնտեսական պահանջարկից ելնելով, այս ոլորտը կրթական համակարգի մեջ կունենա իր ուրույն տեղն ու դերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել