Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Հոկտեմբեր 02,2009 00:00

Ըստ «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի, մեր բուհերի համար դա կարեւոր բացթողում է

Գերմանիայի Գյոթե ինստիտուտի նախաձեռնությամբ վերջերս Թբիլիսիում անցկացվեց գրահրատարակիչների կոնֆերանս, որին մասնակցում էին ոլորտի մասնագետներ Ռուսաստանից, Գերմանիայից, Վրաստանից եւ Ադրբեջանից: Հայաստանը ներկայացնում էին «Արեւիկ» հրատարակչության փոխտնօրեն Սմբատ Գյուրջյանը, «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը, Խնկո-Ապոր անվան գրադարանի գերմանական ընթերցասրահի պատասխանատու Ժաննա Գաբրիելյանը, Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանը եւ «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Կոնֆերանսի նպատակն էր մասնակիցներից կատարել ընտրություն, որոնք կմասնակցեն հոկտեմբերի 10-16-ը Ֆրանկֆուրտում կայանալիք հրատարակչական գործի ղեկավարման վարպետության դասերին եւ կուսումնասիրեն ֆրանկֆուրտյան տոնավաճառի հրատարակիչների առաջավոր փորձը: Մեր երկիրը կներկայացնեն Էմին Մկրտչյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: «Առավոտը» զրուցեց վերջինիս հետ:

Պարոն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Գյոթե ինստիտուտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայաստանյան առաջատար բուհերից մեկում, հավանաբար՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում բացել հրատարակչական գործ մասնագիտությունը: Նա նշեց նաեւ, որ Հայաստանը միակն է ԱՊՀ տարածքում, որ կադրեր չի պատրաստում այդ մասնագիտությամբ: «Մեր բուհերը թեեւ ամեն տարի «արտադրում» են միջազգային հարաբերությունների, մեքենաշինության մասնագետներ, իրավաբաններ, բժիշկներ եւ այլն, սակայն նրանք աշխատանքով չեն ապահովվում: Ամենամեծ ապրանքաշրջանառությունը Հայաստանն ունի Գերմանիայի Դաշնության հետ եւ մեզանում որակյալ կադրերի պակաս կա բոլոր այն գերմանալեզու մասնագետների, որոնք անհրաժեշտ են տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: Օրինակ, Հայաստանում տարեկան 4000-ից էլ պակաս աշակերտ է ուսումնասիրում գերմաներենը, մինչդեռ մեզ անհրաժեշտ են մեծ թվով գերմաներենին տիրապետող մասնագետներ՝ տարբեր բնագավառներում: Այս հարցի լուծմանը կխթանի Գյոթե ինստիտուտը»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը: Վրաստանի օրինակով նա հայտնեց, որ վերջին տասը տարիների ընթացքում այդ երկրի ուսանողները իրենց ուսումը շարունակում են գերմանական ու ավստրիական բուհերում՝ ստանալով բարձրակարգ եվրոպական կրթություն: «Այսօր անվիճելի է, որ բոլոր հաջողությունները կախված են կադրերի որակից, եւ եթե տարեկան արտերկրում ունենանք գոնե հազար սովորող, իսկ նրանցից յուրաքանչյուրն էլ ուսման ընթացքում ստեղծի գոնե տասը գործնական կապ, ապա տասը տարվա ընթացքում կկայանա հարյուր հազար գործնական շփում»,- կարծում է Ա. Մարտիրոսյանը:

Կարեւորելով նման միջոցառումները, մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ, օրինակ, վերը նշված կայանալիք միջոցառումներից հետո Վրաստանում, «Պառնասի» գրախանութների ցանցում կբացվի հայ գրքի բաժին: Խոսելով իր ղեկավարած հոլդինգի գործունեության մասին, հայտնեց նաեւ, որ այս տարվա ընթացքում իրենք արտահանել են 9 անուն վրացերեն գիրք՝ 1000 օրինակ տպաքանակով, շուրջ 70 000 ԱՄՆ դոլար արժողությամբ. «Ելնելով ռուս- վրացական սրված հարաբերություններից, Ռուսաստանում տպագրված տարբեր հրատարակչությունների գրքերը վրաստանյան շուկա են մուտք գործում «Անտարեսի» միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը ստանում է 10% շահույթ: Ծավալուն գործ է կատարվում նաեւ թարգմանչական ոլորտում, օրինակ, վրացերեն է թարգմանվել եւ պատրաստվում է հրատարակության Գեւորգ Էմինի «Յոթ երգ Հայաստանի մասին» գիրքը: Շատ կարեւոր է գրահրատարակչական մերձեցումները կովկասյան շրջանակներում, ինչին, հավաստիացնում եմ, խթանում է Գերմանիայի Դաշնությունը՝ հանձին Գյոթե ինստիտուտի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել