Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՒՐՔԵՐՆ ԷԼ ՎԱԽԵՆԱԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԵՆ»

Հոկտեմբեր 06,2009 00:00

\"\"Ըստ Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանի, Հայաստանում այնպիսի կլաններ կան, որ խեղճուկրակ թուրքերը դրա դեմ ո՞վ են

Վրաստանին սահմանակից այս գյուղի բնակիչները, չնայած վերջերս լուրջ խնդիրներ ունեցան հարեւանների հետ՝ վրաց սահմանապահները արգելեցին նրանց մշակել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքներն ու գյուղապետից անցագրեր պահանջեցին, սակայն այս տհաճ միջադեպը չի խանգարում գյուղապետ Կորյուն Սումբուլյանին՝ մնալ այն կարծիքին, որ հարեւանների հետ նորմալ շփումներ են անհրաժեշտ:

Հիշեցնենք՝ «Առավոտի» օգոստոսի 26-ի համարում անդրադարձել էինք, որ Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտ վրացի սահմանապահները մի քանի հարյուր մետր ներխուժել են Հայաստանի տարածք՝ զավթելով ընդհանուր առմամբ 85 հա տարածք: Մեզ հետ զրույցում գյուղապետ Կ. Սումբուլյանը դեպքի առիթով տեղեկացրեց, որ մոտ 1 ամիս առաջ մեր արտգործնախարարությունում Վրաստանի սահմանապահ զորքերի հրամանատարության հետ պայմանավորվել են սահմանի ճշգրտման հանձնաժողով ստեղծել, իսկ դրանից հետո ինքն արդեն 2 անգամ մեկնել է Վրաստան՝ սեփականության իրավունքով հայ գյուղացուն պատկանող հողը մշակելու համար անցագիր ստանալու: «Մի 50 հոգու անձնագրերի պատճեններն ու ցանկը տարա, հիմա իրավունք ունեն խոտը հնձելու, թեեւ բերքի մի մասը արդեն ոչնչացվել է, չորացել է: Ես չգիտեմ, թե ի՞նչն էր պատճառը, գուշակություններով էլ չեմ ուզում ինչ-որ բան հայտարարել, բայց որ վրացիները ճիշտ չէին արել՝ ակնհայտ է: Ես անգամ չհասկացա, թե ինչո՞ւ ես պետք է անցագրեր հանեի, ինչո՞ւ ես պիտի պայմանավորվեի վրացական սահմանապահ զորքի հետ, հասկացանք՝ առաջին անգամ եղավ իմ նախաձեռնությամբ, բայց երկրորդ անգամ ինչո՞ւ են էնպես անում, որ նորից ես գնամ բանակցեմ»,- ասում է գյուղապետը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին ու սահմանի բացման խնդրին, ապա Կ. Սումբուլյանը դրան նայում է զուտ գյուղատնտեսության շահավետության տեսանկյունից: «Մեր գյուղատնտեսությունը շատ խղճուկ վիճակում է, բանը հասել է նրան, որ գյուղացին հարկադրված 10 դրամով կարտոֆիլ է վաճառում: Միսը գիտե՞ք ինչ արժի Թուրքիայում՝ միայն խոզի մսի կիլոգրամը 25 դոլար է, իսկ մեզ մոտ ի՞նչ արժի, էդքան չի, չէ՞: Եվ ո՞վ ասաց, թե թուրքերը վախենալու բան չունեն, չէ՞ որ մեր արտադրանքը ավելի էժան է, մենք ավելի մրցունակ ենք, քան իրենք, մեր դաշտավարությունը բավականին լավ է զարգացած, կարտոֆիլագործությունը, ցորենի արտադրությունը հաջողված է: Իրենցն էլ է զարգացած, բայց մեզ մոտ էժան է արտադրվում, իսկ Թուրքիայում՝ թանկ: Իրենք գալու են էստեղից էժանը տանեն: Մենք ունենք չմշակվող վարելահողեր, որոնք խոտհարքի տեսքով մնում են, քսան տարի շարունակ դրանց ձեռք տվող չի եղել: Բայց եթե սահմանը բացվի՝ մեկ տարվա վարուցանքից շատ ավելի օգուտ կստանաս, քան քսան տարվանից»,- ասում է գյուղապետը: Ըստ պարոն Սումբուլյանի, սահմանի բացումը զարկ կտա նաեւ անասնաբուծությանն ու անասնապահությանը: «Սովորական մի օրինակ բերեմ, մինչեւ էս տարի մենք մեծ, տարիքով ոչխարը չէինք կարող վաճառել, որովհետեւ գառը թողած՝ ոչխարն ո՞վ էր առնողը, բայց էս տարի 22-25 000 դրամով տարան Պարսկաստան, էնտեղ, չգիտեմ, ասում են 150 կամ 500 դոլար է, էդ էլ իրենց խնդիրն է, մեզ ձեռ է տալիս արտադրել 25 հազար դրամով՝ էդ ծերացած ոչխարները»,- հավելում է գյուղապետը: Իսկ այն մտավախությունների առնչությամբ, թե սահմանի բացմամբ առաջինը կտուժի հայ գյուղացին, քանի որ թուրքերն իրենց ապրանքներով կհեղեղեն Հայաստանը՝ հարված հասցնելով մեր գյուղատնտեսական ապրանքների նորմալ վաճառքին, պարոն Սումբուլյանն ասաց. «Թող հարկ դնեն թուրքերի ապրանքի վրա, բա ինչո՞ւ երկու կիլոգրամ խաղող չեն թողնում Վրաստան հասնի, Ջավախքի հայերը պիտի անպայման Կախեթի խաղողը ուտեն, թող մեր երկիրն էլ էդպես անի: Կամ ո՞վ կթողնի, որ թուրքական ապրանք բերեն, էնպիսի կլաններ կան, որոնց դեմ խեղճուկրակ թուրքերը ո՞վ են»,- նշեց Կ. Սումբուլյանը, միաժամանակ խուսափելով թեմայի քաղաքական կողմի մասին խոսելուց: Ըստ նրա, նախաստորագրված Արձանագրություններն իր ձեռքը չեն ընկել, հետեւաբար չի կարող այս մասին հստակ կարծիք հայտնել: Սակայն, ինչ էլ որ լինի, գյուղապետի կարծիքով, թուրքերը եւս վախեցած են, քանի որ տարիներ շարունակ էդ երկրում հայերին ներկայացրել են որպես «գազան»: «Ընդ որում, նրանց պատկերացմամբ, հասարակ գազաններ չեն, էնպես է ներկայացված, որ ցանկացած պահի հայը կարա ծնկի բերի թուրքին, էդպես գիտեն մեր մասին, գիտեն, որ մենք հսկա ենք: Դրա համար իրենք իրենց ներքին քաղաքականության համար պիտի ասեն՝ գիտեք ինչ, Ղարաբաղի հարցը մինչեւ չլուծեն, մենք սահման բացող չենք, բայց վերջում կփափկեն, քաղաքականությունը էդպիսի բան է, սկզբից կասեն էսպես ենք անելու, հետո՝ կփոխեն»: Կ. Սումբուլյանը նաեւ կարծում է, որ եթե սահմանը բացվի, հայերը կհայտնաբերեն, որ Թուրքիայի բնակիչների մեծ մասը հայեր են, հետեւաբար, թուրքերը այս հարցում էլ վախենալու տեղ ունեն. «Նրանք Թուրքիայում հայերեն չեն խոսել, բայց երբ հայերը գնացին՝ սկսելու են խոսել, արյան կանչ կա, չէ՞»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել