Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԴԵՂԵՐԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

Հոկտեմբեր 08,2009 00:00

Մինչդեռ արտադրող ընկերությունը վստահեցնում է, որ դրանք ոչնչով չեն զիջում ներկրվածներին

Որպես մանկական ջերմիջեցնող եւ ցավազրկող դեղամիջոց՝ մանկաբույժները ծնողներին խորհուրդ են տալիս օգտագործել մանկական «Նուրոֆեն», «Պանադոլ» կամ «Պարացետամոլ»: Այսօր դեղատներում վաճառվում են նաեւ այդ հայտնի ընկերությունների ներկրած դեղերի հայկական տարբերակները: Տեղական արտադրության «Նուրոֆենը» կոչվում է «Իբուֆեն», «Պարացետամոլը»՝ «Ցետամոլ»: Դեղատան աշխատակիցները վստահեցնում են, որ արտասահմանյան եւ նույն դեղերի հայկական տարբերակների միջեւ ոչ մի տարբերություն չկա, նույն ազդեցությունն է գործում: Սակայն, ինչպես «Առավոտին» դժգոհեց մի ծնող, երբ 38 աստիճան ջերմություն ունեցող իր բալիկին տվել է «Իբուֆեն» կոչվող օշարակը, երեխան հայտնվել է շոկային վիճակում, ջերմությունը չի իջել, իսկ երեխային համարյա ուշագնաց հասցրել են հիվանդանոց: Ծնողը մեզ հետ զրույցում նշել էր, որ նույն օրը երեխային այլ ջերմիջեցնող էլ է տվել:

Նշենք, որ «Իբուֆենն» ու «Ցետամոլը» իրենց արտասահմանյան օրիգինալ տարբերակներից անհամեմատ էժան են. «Նուրոֆենն» արժե 2900 դրամ, իսկ նույնի հայկականը՝ ընդամենը 1400 դրամ: Ուստի շատ ծնողներ դեղատան աշխատակցի խորհրդով նախընտրում են ավելի մատչելի տարբերակը՝ համոզված լինելով, որ ներկրված եւ տեղական դեղերի միջեւ ոչ մի տարբերություն չի լինելու:

Ճշտելու համար՝ հայկական այդ դեղերը որքանո՞վ են անվնաս՝ պարզաբանումներ խնդրեցինք հանրապետության գլխավոր մանկաբույժ Անահիտ Ղազարյանից: Նա վերը նշված դեղերի առնչությամբ որեւէ դժգոհություն չէր ստացել. «Ես չգիտեմ՝ այդ դեղերն ինչ հակացուցումներ ունեն, բայց կարող եմ վստահեցնել, որ մեր ծնողները հաճախ իրենց երեխաների ջերմության նկատմամբ ֆոբիա ունեն. երբ ջերմությունը մի փոքր բարձրանում է՝ մի ջերմիջեցնող են տալիս, կես ժամ հետո մտածում են՝ դա չօգնեց, մեկ ուրիշ դեղ են տալիս, ու ամբողջը խառնում իրար: Բնականաբար, երեխան ընդունած այդքան դեղերից հետո չի կարող իրեն լավ զգալ ու հնարավոր է իսկապես հայտնվի շոկային վիճակում: Բացի այդ, երբ դեղի ընդունման ցուցումներում նշված է, որ փոքր տարիքի երեխաներին պետք է տալ, օրինակ, կես գդալ սիրոպ, հաճախ ծնողները, տեսնելով, որ երեխան չափազանց բարձր ջերմություն ունի, մտածում են՝ կես գդալն ի՞նչ է, որ օգնի ու տալիս են մեկ, մեկուկես գդալ: Ուստի երեխաների մոտ դեղի ընդունման քանակի գերազանցում է լինում»:

«Ցետամոլի» եւ «Իբուֆենի» արտադրողը «Medical Horizon Armenia Masis» ընկերությունն է, որի տեխնիկական գծով տնօրեն Շահե Քասսիսն «Առավոտին» վստահեցրեց, որ իրենց արտադրած դեղամիջոցը նույն արտասահմանյանի բաղադրությունն ունի, ուղղակի մերն ավելի մատչելի է: Մինչդեռ նկատենք, որ իսկական «Նուրոֆենը», օրինակ, թույլատրվում է օգտագործել 2-3 ամսական երեխաներին, իսկ տեղականը՝ միայն 6 ամսականից բարձրերին: Ընդ որում, եթե որեւէ ծնող կարդա, թե «Իբուֆենն» ինչ կողմնակի դրսեւորումներ կարող է ունենալ, այդ դեղն իր երեխային չի տա՝ աղեստամոքսային խանգարումներ, փսխում, ախորժակի բացակայություն, փորլուծություն կամ փորկապություն, ստամոքսացավ, որովայնացավ, պեպտիկ խոց, աղեստամոքսային արյունահոսություն…Չնայած նույն հակացուցումներն ունի նաեւ «Նուրոֆենը», բայց երբ երեխան ջերմում է, ոչ մի մայր առանց դեղատոմսի դեղատանը վաճառվող այդ հայտնի ջերմիջեցնողի ցուցումները չի կարդա, նոր տա՝ եթե դրանք հայերեն չեն, ինչպես «Իբուֆենի» պարագայում է:

Շահե Քասսիսի պարզաբանմամբ՝ «Եթե մեր դեղից որեւէ երեխա պրոբլեմներ ունենա, մենք պատրաստ ենք ծնողի եւ բժիշկների հետ միասին դեղը տանել հետազոտության եւ ապացուցել, որ դա մեր խնդիրը չէ: Եթե մայրը երեխային տվել է «Իբուֆեն», հետո տվել է այլ դեղամիջոցներ, բնական է, որ երեխայի մոտ ինչ-որ պրոբլեմներ կառաջանան: Եթե մայրը համատեղել է 2 դեղամիջոց՝ ուրեմն վստահ չի կարելի ասել, որ երեխան վատացել է հատկապես հայկական ընկերության դեղերից: Կարող են պրոբլեմներ լինել դեղամիջոցի չափաբաժինը չարաշահելու եւ ոչ տեղին կիրառելու հետեւանքով: Հաշվի պետք է առնվի նաեւ 2 պրեպարատները տալու ժամային ընդմիջումները, դեղորայքի դոզավորումը՝ կախված երեխայի տարիքից եւ քաշից, ստույգ ախտորոշումը, եւ, բացի այդ, մայրը պետք է ընդհանուր պատկերացում ունենա իր երեխայի ալերգիկ երեւույթների մասին: «Իբուֆենը» պետք է տրվի միայն 8 ժամ ընդմիջումից հետո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել