Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԽՈՇՈՐԱՑՄԱՆԸ

Հոկտեմբեր 08,2009 00:00

Համայնքային «հայրենասիրությունը»՝ ընդդեմ համատեղ զարգացման

Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը վերջնական լրամշակող միջգերատեսչական հանձնաժողովի երեկվա նիստում պարզվեց, որ Հայաստանի այն համայնքների ղեկավարները, ուր ծրագիրը փորձնական կիրառվելու է՝ դեմ են համայնքների խոշորացմանը: Իսկ փորձի համար ընտրված է երեք մարզի յոթ համայնք. Գեղարքունիքում՝ Վերին, Ներքին Շորժաներ եւ Այրք, Շիրակի մարզում՝ Հոռոմ ու Հովտաշեն, Սյունիքում՝ Թասիկ ու Թանահատ:

Համայնքների խոշորացման գնացել են բոլոր երկրները: Լիտվայում 500 համայնքից մնացել է 100-ը, Գերմանիայում՝ 24 000-ից՝ 8 000-ը: Հայաստանում, ըստ մասնագետների՝ 913 համայնքից կմնա 750-ը:

Վերին Շորժան ունի 28 բնակիչ, Ներքին Շորժան՝ 123, Այրքը՝ 471: Այրքի գյուղապետը ներկա չէր, իսկ Շորժաների գյուղապետերը միաբերան հայտարարեցին՝ «ես ու ժողովուրդը դեմ ենք միավորմանը»: «Մեր յուղով տապակվում ենք, 35 տնտեսությունով մեկ տան նման ենք ապրում, բացառված է, որ միավորման դեպքում մեկ համայնքի բոլոր երեք բնակավայրերին մեկ աչքով նայեն, լինելու է խորթ ու հալալ, ծանր ու թեթեւ: Դրա համար էլ դեմ ենք»,- հայտարարեց Ներքին Շորժայի գյուղապետ, հանրապետական Էդիկ Մինասյանը: Այս գյուղապետը հայտարարեց, որ տեղական հարկերը հավաքում են 100%-ով եւ պատրաստ են անգամ հրաժարվել պետական բյուջեից՝ տարեկան 2 միլիոն դրամ սուբսիդիայից: Միայն չմիավորվեն: Ուշագրավն այն է, որ գյուղապետերը ընդունում են, որ միավորում-խոշորացումը ենթադրում է միջոցների առավել արդյունավետ ծախս, առկա, տասնյակ տարիներով չլուծված խնդիրների լուծման հնարավորություններ, բայց դեմ են եւ հայտարարում են, որ պաշտոնը կորցնելուց չեն վախենում: «Կան բաներ, որ այստեղ ասելու չի»,- բանաձեւեց Ներքին Շորժայի գյուղապետը:

Հանուն չմիավորվելու՝ Վերին Շորժայի եւ Հովտամեջի գյուղապետերը որոշ գաղտնիքներ բացահայտեցին: Առաջինն ասաց, թե 28 բնակչով իրենց գյուղի հարեւան Այրքում իրականում չկա 471 բնակիչ, դրանք պարզապես գրանցված մարդիկ են: Հովտամեջի գյուղապետն էլ հայտարարեց, որ հարեւան Հոռոմը գրավել է իրենց հողերից 300 հեկտար: «Մարզպետն ու փոխմարզպետը մեր գյուղի տեղը չգիտեն, հենց հիմա՞ պիտի իմանային եւ մեզ խոշորացնեին: Ես դեմ եմ: Խոշորացնեք՝ մեր գյուղը կկորի»,- հայտարարեց գյուղապետ, ՀՅԴ-ական Սեյրան Փիլոսյանը:

Փորձնական գյուղերի ընտրությունը կատարվել է ՀՀ նախագահի խորհրդական Մանուկ Վարդանյանի գլխավորությամբ եւ ընտրվածների մեջ քիչ չեն փախստականներով բնակեցված գյուղերը, ինչո՞ւ, մեր հարցին ի պատասխան Մանուկ Վարդանյանը ասաց միայն, որ ոչ բոլոր գյուղերն են փախստականններով բնակեցված: Բոլոր գյուղերն էլ նույն խնդիրներն ունեն՝ ջրագծերի, մանկապարտեզների, մշակույթի օջախի, համայնքային կենտրոնի նորոգում եւ այլն: Այս ամենի համար հարյուրավոր միլիոններ են պետք, օրինակ, միայն Հոռոմի եւ Հովտամեջի դեպքում՝ 345 միլիոն դրամ: Խնդիրները ներկայացված են, սակայն դրանց լուծման ժամկետներն ու ֆինանսավորման աղբյուրները նշված չեն: Մանուկ Վարդանյանը ասաց, որ այս փուլում դեռ խնդիրները ներկայացվում են: 7-8 կմ շառավղով համայնքում պարզապես անհրաժեշտություն է ներհամայնքային տրանսպորտը, իսկ այսօր վերհանված հիմնախնդիրների շարքում այս հարցը չկա:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չի իրականանալու կառավարության ցանկությունը՝ խոշորացնել ամենաշատը 5 կմ հեռու համայնքները: Հեռավոր եւ բարձրլեռնային գյուղեր կան, որ ամենամոտ բնակավայրից 7-10 կմ են հեռու:

Խոշորացումից առաջ տեղական հանրաքվեներ են անցկացվելու, որի արդյունքները կառավարության համար պարտադիր չեն: Կառավարությունը կարող է խոշորացնել համայնքները նաեւ միաձայն «ոչի» դեպքում: Քննարկումից տպավորությունն այնպիսին էր, որ համայնքային «հայրենասիրությունը» Հայաստանում խորը արմատներ ունի: Հավանաբար սա նկատի ունենալով էլ տեղական հանրաքվեի ժամանակ ընտրողներին առաջարկվելու է ընտրել միավորված համայնքի անունը, կարելի է սեփական տարբերակ առաջարկել:

Միավորված համայնքի ավագանու կազմում բնակավայրերը կունենան հավասար թվով անդամներ: Այս հեռանկարը «ընդդիմադիր» համայնքապետերին առանձնապես չոգեւորեց ու ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հայտարարեց. պետք է հասկանաք, որ 3 միլիոն բնակիչ ունեցող Հայաստանում կարող է ընդունվել քաղաքական որոշումը, որը ոչ բոլորին է դուր գալու, որը չի համընկնելու ձեր անձնական շահերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել