Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏՆ» ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 10,2009 00:00

\"\"Կամ անվանի նկարիչները՝ մեկ սրահում

Երեկ «Ակադեմիա» պատկերասրահում բացվեց «Հայկական նատյուրմորտ» բացառիկ ցուցահանդեսը: Ներկայացված էին Գրիգոր Խանջյանի, Հակոբ Հակոբյանի, Մարի Հովելյան-Հակոբյանի, Լավինիա Բաժբեուկ- Մելիքյանի, Արարատ Սարգսյանի եւ այլոց գործերը:

«Նկարիչը պատկերում է այն, ինչ ինքն է զգում ու սիրում: Ստեղծագործելն ինձ համար առաջին հերթին հաճույք է, ինքնաբավարարվածություն: Նկարելիս երբեք չեմ մտածում, թե ինչ ժանրի նկար եմ անում, բազմաթիվ հարցականներ թողնելով՝ առարկաների միջոցով փորձում եմ արտահայտել մտքերիս փիլիսոփայությունը: Հաճախ անհամատեղելի բաներ եմ իրար միացնում, օրինակ՝ գիրքն ու միսը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է նկարիչ Ռուբեն Գրիգորյանը: Նրա ու գեղանկարչական մի քանի սերունդ ներկայացնող եւս 10 հեղինակների աշխատանքներ մինչեւ հոկտեմբերի 29-ը կցուցադրվեն «Ակադեմիայում»: Ռուբեն Գրիգորյանի նատյուրմորտներում հիմնականը դատարկությունն է, մենակությունն ու մարդկային հոգեբանությանը բնորոշ տագնապի զգացողությունը, նկարիչը մտահոգ է արվեստի նկատմամբ տիրող այսօրվա անտարբերությունից. «Թվում է՝ իրական արվեստը ոչ մեկին պետք չէ կամ արվեստն այն է, ինչ ամբողջ օրը հեռուստատեսության նույն «աստղերն» են հրամցնում»:

Ցուցահանդեսի համադրող նկարիչներ Արարատ Սարգսյանն ու Սարգիս Համալբաշյանը այս նախաձեռնությամբ փորձում են մարդկանց ուշադրությունը հրավիրել նատյուրմորտի ժանրին, որի նկատմամբ վերաբերմունքը խորհրդային տարիներին արհամարհական էր: Համարում էին, որ այն փախուստ է հիմնական թեմայից:

ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց. «Խորհրդային տարիներուն պետական ծրագիր կար՝ նկարիչներին ուղղություն տալու, որպեսզի իրենց ուզած թեմաները գերիշխեին ու կոմունիզմի պրոպագանդան անեին: Այսկերպ նկարիչներուն չէին քաջալերում, նատյուրմորտը երկրորդական էր դիտվում ու էժան գնով էին գնում: Ստեղծագործողը ստիպված այս սահմաններու մեջ էր: Իսկ նկարչին խանգարող, կաշկանդող արգելք պետք է չըլլա, ամենից կարեւորն այն է, որ նկարիչը ազատ ըլլա»: Հակոբ Հակոբյանը Նկարիչների միության անդամ է, բայց, իր խոսքով՝ որեւէ կապ չունի այդ միության հետ:

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը հարյուրավոր նատյուրմորտներ ունի, «Ակադեմիա» պատկերասրահում առաջին անգամ ցուցադրվող աշխատանքները վերջին երկու տարվա են: «Նատյուրմորտը իմ սիրած ժանրերից է: Ես երբեք նատյուրմորտի ժանրը չեմ նսեմացնում, երբեմն ասում են՝ նատյուրմորտը ավելի հեշտ ժանր է, ինչն այդպես չէ: Ցանկացած նկարի եթե լրջությամբ ես մոտենում, ունի կոմպոզիցիոն, լուսային, գունային հարցեր»,- «Առավոտին» ասաց նկարիչը, ում ամենասիրելի նատյուրմորտային ռեկվիզիտը շշերն են: Նրա ստեղծագործական շրջաններից մեկում աշխատանքներն իրենց գույներով ու կոմպոզիցիաներով տխուր, տրագիկ են եղել՝ կապված Սումգայիթի ու անձնական դեպքերի հետ. երկու անգամ այրվել է նկարչի արվեստանոցը: Ա. Իսաբեկյանը եւս Նկարիչների միության անդամ է, եւ այնտեղ լինում է ցուցահանդեսների ժամանակ: Մեր զրուցակիցը գտնում է, որ, օրինակ՝ Ֆրանսիայում, Ամերիկայում նկարիչների միությունը մի վայր է, որտեղ նկարիչը անդամավճար է մուծում եւ ծերության ժամանակ ունենում թոշակ, ինչը Ա. Իսաբեկյանի խոսքով՝ շատ կարեւոր է. «Այժմյան նկարիչները ոչ թե աշխատողներ են, այլ օդի մեջ ինչ-որ մարդիկ: Լավ կլիներ, որ միությունում ավելի շատ ջերմություն, քննարկումներ լինեին, ավելի իմաստավորված հավաքներ կայանային, ինչը, ցավոք, այսօր չկա…»:

Կանացի բողոք արտահայտող փոքրիկ արձանիկներից կազմված «Ճենապակյա կուռքեր» շարքով ներկայացած նկարչուհի Արեւիկ Արեւշատյանը ընդգծում է, որ իր ստեղծագործական տարբեր շրջաններում երբեք ժանրային խնդիր իր առջեւ չի դրել. «Ոչ մի ժանր քարացած վիճակում չի մնում, այս աշխատանքներն էլ նատյուրմորտի ժանրի զարգացումներից են»,- ասում է նկարչուհին:

Հնագիտական եւ տոտեմական նատյուրմորտ. այսպես են բնորոշում արվեստագետ Արմեն Գեւորգյանցի՝ շղթաներից, կնիքներից ու անիվներից կազմված աշխատանքները: Նա Նկարիչների միության անդամ է անցյալ տարվանից, 1986 թվին էր փորձում ընդունվել, բայց չհաջողվեց, այժմ էլ խոստովանում է, որ միության անդամ լինելը «ո՛չ նյութական, ո՛չ ավելի շոշափելի ինչ-որ բան չի տվել իրեն…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել