Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքի «չներվող առավելությունը»

Հոկտեմբեր 14,2009 00:00

Վերջերս առիթ ունեցանք ծանոթանալ իրավաբանական գիտությունների նորընծա դոկտոր Հովհաննես Ստեփանյանի «Իրավունքի հիմնահարցերը. ֆենոմենոլոգիական մոտեցում» ֆունդամենտալ աշխատությանը, այս աշխատության վերաբերյալ շրջանառվող իրարամերժ՝ բացասական եւ դրական կարծիքներին:

Մեր օրերի հայ իրավական աշխարհը, պարզվում է, այնքան էլ ծանոթ չէ գերմանական փիլիսոփայությանը, առավել եւս 20-րդ դարի փիլիսոփայության առաջատար ուղղություններից մեկին՝ ֆենոմենոլոգիային: Մինչդեռ, նույն այդ աշխարհի ներկայացուցիչները հաճոյաբար նախապատվությունը տալիս են հենց գերմանական իրավագիտությանը՝ ճանաչելով այն զարգացած եւ առաջատար:

Ժամանակը հաստատել է՝ միայն բարձր փիլիսոփայական միտք ունենալու պարագայում հնարավոր է ունենալ զարգացած իրավունք, իրավագիտություն: Իրավաընկալման յուրաքանչյուր (բնաիրավական, պոզիտիվիստական, ռեալիստական, սոցիոլոգիական, …) տեսություն երկու ոտքերով հիմնված է փիլիսոփայության առանձին տեսություն-ֆունդամենտի վրա: Այստեղ արժե նաեւ շեշտել, որ ցանկացած գիտություն, այդ թվում՝ իրավագիտությունը, սնվում է փիլիսոփայությունից եւ վերադառնում է փիլիսոփայություն:

Նշված աշխատությունը իրավունքի փիլիսոփայության եւ իրավունքի տեսության ոլորտներում իր բնույթով եզակի է, որը փորձ էր ներմուծել ինչպես փիլիսոփայության, այնպես էլ իրավաընկալման աշխարհաճանաչ տեսական ուղղությունները: Համենայնդեպս, Հայաստանի երեք հանրապետությունների գոյության ընթացքում իրավագիտության ասպարեզում նմանօրինակ լույս տեսած այլ աշխատություն գոնե մեզ ծանոթ չէ:

Այո, աշխատությունը գրված է բարդ լեզվով՝ հարուստ է օտարածին բառերով եւ բազմաթիվ գիտությունների մետալեզվական տերմինաբանությամբ: Այս հանգամանքը արդարացված է նրանով, որ հայերենը՝ որպես գիտության եւ փիլիսոփայության լեզու, այդչափ, որչափ, ասենք, ռուսերենն ու գերմաներենն են, հարուստ չէ: Եվ մյուս կողմից, արդյո՞ք գիտնականը, բացի իր առջեւ դրված մասնագիտական խնդիրներից, պարտավորված է միաժամանակ մտահոգված լինել լեզվատերմինաբանական այլ խնդիրներով եւս: Կարծում ենք, սա լուրջ եւ ամենին ոչ հռետորական հարցադրում է:

Իրավաբանական հայալեզու գրականության ստվար զանգվածը կամ տեղեկատվական բնույթ է կրում, կամ «թարգմանության» արդյունք է: Ազգային իրավագիտությունը հեղեղված է այնպիսի նյութերով, որպիսիք կարող է գրել մեզնից յուրաքանչյուրը: Նմանօրինակ կույտի մեջ նշված աշխատությունը, բնականաբար, դյուրըմբռնելի չէ, հետեւաբար եւ՝ անընդունելի: Երբեմն էլ անհասկանալի է՝ արդյո՞ք գրքի «ընդունելության» պատճառն իրոք անմատչելի տերմինաբանությունն ու անհասանելի տրամաբանությունն է, թե նաեւ «չներվող առավելությունը»: Ամեն դեպքում, այն, ինչ անհասկանալի կամ չհասկացվող է, դեռեւս վատը չէ եւ միայն այդ պատճառաբանությամբ չպետք է մերժվի ու անտեսվի: Կանտին հասկանալը եւս հեշտ չէ… եւ սա ամենեւին ի վնաս Կանտի չէ:

Այսպիսով, կարծում ենք, որ աշխատությունը անկախացման երկու տասնամյակների ընթացքում իրավագիտության ասպարեզում լույս տեսած այն հազվադեպ ինքնուրույն աշխատություն-մենագրություններից է, ունի ինչպես տեսական, այնպես էլ կիրառական մեծ նշանակություն: Առաջարկվող տեսության եւ մեթոդաբանության կիրառման արդյունքում հայ հասարակությունում ավելի ամուր եւ կայուն հիմք կդրվի գերմանական եւ, ընդհանրապես, եվրոպական իրավագիտական ժամանակակից տեսությունների առավելագույնս արդյունավետ ընկալման ու կիրառման համար, ինչը կխթանի Հայաստանում իրավագիտության ավելի արագ եւ որակյալ զարգացմանը: Իսկ իրավունքի զարգացումը, հուսանք, իր հերթին հաջորդաբար կհանգեցնի հարակից այլ գիտությունների համահունչ առաջխաղացմանը եւս:

Անշուշտ, գրքի ընթերցմանն անխուսափելիորեն զուգորդում է սուբյեկտիվ գործոնը. իրավունքի ըմբռնումները նույնքան ճշմարիտ են, որքան եւ վիճելի: Չնայած ընթերցանության ընթացքում հանդիպող վիճելի մտքերին՝ մենագրությունն արժանի է բարձր գնահատականի՝ արժեւորելով այն, քաջալերելով գիտնականին այս մտքերի ու գաղափարների հետագա զարգացման անհատույց աշխատանքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել