Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է

Հոկտեմբեր 14,2009 00:00

\"\"Վիտալի Ավանեսովը պնդում է, որ տնօրենն իր հետ վատ է վարվել

«Առավոտի» խմբագրություն էր այցելել Հանրային ռադիոյի բազմամյա աշխատակից Վիտալի Ավանեսովը, որը այս տարվա օգոստոսի 5-ից վաստակած հանգստի, այսինքն՝ թոշակի է անցել: Պարոն Ավանեսովն ասաց, որ ամեն ինչ նորմալ է ու օրենքի սահմաններում, չնայած համոզված է, որ պրոֆեսիոնալիզմը մարդու նման չի ծերանում: Նրան վիրավորել է այն հանգամանքը, որ սովորականի պես մի օր ցանկացել է նախկին աշխատավայր մտնել, սակայն հերթապահ ոստիկանները հարգանքով ու ափսոսանքով հայտնել են, թե իրավունք չունեն թույլատրել, քանի որ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն է այդպես կարգադրել: «Մինչեւ հիմա այդ հարվածից չեմ կարողանում խելքի գալ: Այնպես վատացա, որ աղջիկները սրտի կաթիլներ տվեցին: 12 օր շարունակ կրիտիկական վիճակում եմ եղել: Այդ պահին կողքիս այնպիսի մարդիկ կային, որոնք առաջին տասնամյակը չէ, որ ինձ ճանաչում էին՝ զարմացած էին: Գիտեին, որ անգամ հայացքով մարդուն վիրավորած չկամ երբեւէ…»,- պատմում է Վ. Ավանեսովը, որը 1973-ից աշխատել է ռադիոյում, ժամանակին զբաղեցրել պատասխանատու պաշտոններ. եղել է կադրերի բաժնի վարիչ, տնօրենի տեղակալ, ռուսերեն հաղորդումների խմբագիր, ճանաչված ռադիոլրագրող Օլգա Առաքելյանի հետ Մոսկվայի պատվերով հաղորդումներ է պատրաստել, որոնք միշտ «գերազանց» են գնահատվել ու արժանացել այն ժամանակվա Հեռուստառադիոպետկոմի խստապահանջ նախագահ Ստեփան Կարպիչի գնահատանքին: Վ. Ավանեսովը հայտնեց նաեւ, որ շատ տարիներ առաջ հենց ինքն է Նառա Շլեպչյանի հետ ընտրել հաղորդավարներին, այդ թվում՝ Արմեն Ամիրյանին: «Այնպես որ, Ամիրյանին երիտասարդ տարիքից գիտեմ, այդ հիմա է, որ պարոն է դարձել… Նա կարող է ժպիտը դեմքին մարդուն այնպես վիրավորել ու այդ մասին նույնիսկ չմտածել: Նրա ժպիտը բթացնում է զգոնությունդ, ու չես հասկանում՝ էդ պահին ի՞նչ է մտածում, ի՞նչ կարող է անել թիկունքումդ … Չէ՞ որ կարող էր մի քիչ այլ կերպ վարվել ինձ հետ, ասենք, կադրերի բաժնի վարիչի միջոցով տեղեկացնել, որ պարտավոր եմ անցագիրս հանձնել, ու դա վիրավորական չէր ընկալվի: Ռուսաստանում, օրինակ, թոշակառուներից չեն վերցնում անցագրերը, որպեսզի նրանք հարկ եղած դեպքում այցելեն իրենց աշխատավայր կամ տեղի գրադարան… Ախր պրոֆեսիոնալը կարող է մինչեւ կյանքի վերջին օրը օգտակար լինել: Չմոռանամ նշել, որ այդ օրը ես պայմանավորվածություն ունեի ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ, բայց վիրավորական միջադեպից հետո այնքան վատ զգացի, որ չհանդիպեցի: Ի դեպ, նա խոստացել է իմ ազատման հարցը վերանայել: Փաստորեն, այդպես գնահատեց «պարոն» Արմեն Ամիրյանը իմ բազմամյա վաստակը՝ ամիրյանավարի, մինչդեռ թոշակառուին ծաղիկներով, երաժշտությամբ ու հարգանքով են ճանապարհում…»,- սրտնեղեց մեր զրուցակիցը:

«Առավոտը» հարցի վերաբերյալ պարզաբանում խնդրեց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանից: Նա հեռախոսով փոխանցեց. «Ինչ վերաբերում է հարգանքով ու պատվով Վիտալի Ավանեսովին թոշակի ուղարկելուն, այդպես էլ արել ենք: Ծաղիկներ, բնականաբար, չենք նվիրել… մի՞թե տղամարդուն ծաղիկներ են նվիրում… Գոնե ես այդպիսի բան չեմ անի: Եվ հետո, եթե մարդը այլեւս չի աշխատում տվյալ հիմնարկությունում կամ լրատվամիջոցում, ուրեմն չպետք է անցաթուղթ ունենա: Առանց այն էլ նա տարիներ շարունակ ոչնչով չի զբաղվել, սակայն մենք շատ լավ վերաբերվելով մեր հին աշխատողներին, պահել ենք, որ վատ չզգան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել