Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՑՔ ԱՌԱՅԺՄ ՓԱԿ ՍԱՀՄԱՆԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ

Հոկտեմբեր 17,2009 00:00

\"\"Նոթագրություն Թուրքիայից. օր հինգերորդ

Անցած օրերին ուր էլ այցելեցինք՝ մարզադաշտ, ԶԼՄ-ներ, թե Թուրքիայի պետական կառույցներ, հայ լրագրողների մեր փոքրիկ խումբը թուրքական լրատվամիջոցների սեւեռուն ուշադրության կենտրոնում էր: «Դուք այստեղ շատ պոպուլյար եք,- կատակեց Եվրամիության հետ կապերի նախարար Էգեմեն Բաղըշը՝ նայելով, թե քանի հեռուստաընկերություն է եկել նկարահանելու իր այս պարզ հանդիպումը:- Դե, հայ լրագրողների առաջին խումբն եք, որն այցելել է Թուրքիայի խորհրդարան»:

Մեզ անընդհատ նկարահանում էին, մեկնաբանություններ խնդրում: Թուրքական մամուլին քաջածանոթ գործընկերս խորհուրդ տվեց հրաժարվել, քանի որ սեփական փորձով տեղյակ էր, թե ինչպես կարող է խեղաթյուրվել խոսքդ ու հարմարեցվել պետական քաղաքականությանը: Ինքս այդպես էլ վարվեցի, իսկ մեր մյուս գործընկերները, որոնք այնուամենայնիվ հարցազրույցներ տվեցին՝ հաջորդող օրերին, շատ մեղմ ասած, զարմանում էին՝ կարդալով, թե իրենց ինչ արտահայտություններ եւ ապրումներ են վերագրվել:

Սակայն այս առիթով «շանթ ու որոտ» ժայթքելու իրավունք առանձնապես չպիտի ունենանք, քանի որ հայ լրագրողներն էլ են հաճախ այդպես վարվում՝ խոսքից վերցնելով միայն նախընտրած հատվածը, այն այնպես պարուրելով սեփական մեկնաբանություններով, որ փոխվում է խոսքի իմաստը, կտրվում համատեքստից:

Մենք նման ենք նաեւ հետեւյալ առումով. որքան էլ տարբեր տեսակետներ ունենանք ներքին խնդիրների վերաբերյալ՝ արտաքին քաղաքական հարցերի առնչությամբ օտարների հետ բանավիճելիս՝ հանդես ենք գալիս գրեթե պաշտոնականին մոտ դիրքորոշումներով: Ասենք, ինքս երբեք չէի պատկերացնի, որ այսքան շատ մեջբերումներ կանեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից եւ անընդհատ կկրկնեմ մի բան, որին ավելի շատ ուզում եմ հավատալ, քան իրոք հավատում եմ, թե հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ խնդրի կարգավորումը փոխկապակցված չեն: Իսկ հակառակն այստեղ՝ Թուրքիայում, մեզ պնդում էին Աստծո ամեն օր, զարմանալի միաձայնությամբ, անկախ նրանից՝ պետական չինովնիկի հե՞տ էինք հանդիպում, թե՞ պարզ լրագրողի: Ահա երեկ էլ «Ռադիկալ» օրաթերթի խմբագիրներից մեկը՝ Իսմեթ Բերկանը, մեր զրույցի ընթացքում նշեց. «Չեմ կարծում, թե առանց Ղարաբաղի հարցը լուծելու՝ որեւէ համաձայնություն կլինի»: Արդեն հոգնած այս պնդումից՝ անկիրք հետաքրքրվեցինք, թե արձանագրությունների ո՞ր կետում են տեսնում նման նախապայման, որ սահմանը բացվելու է միայն այնժամ, երբ կկարգավորվի ԼՂ հակամարտությունը: Իսմեթ Բերկանի պատասխանն էր. «Դուք չպետք է ամեն ինչ արձանագրությունների մեջ տեսնեք, քանի որ դրանք, այնուամենայնիվ, միայն Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների մասին են»: Եվ հիշեցրեց իր երկրի ղեկավարների հայտարարությունները, որոնցով իրենք են իրենց «ոտքը կապել»՝ այս խնդիրը պայմանավորելով Ադրբեջանով:

Հետաքրքրվեցի՝ մի՞թե Թուրքիայում չկա ԶԼՄ կամ լրագրող, որը կասի, թե պետք չէ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատումը պայմանավորել երրորդ երկրի շահերով: «Ռադիկալի» խմբագրի պատասխանը դրական էր: Եվ, թերեւս, այնուամենայնիվ ինքն էլ է նման լրագրողներից մեկը, քանի որ ի վերջո նշեց, թե այն, որ նման բան է ասում՝ չի նշանակում, թե առանց ԼՂ խնդրի լուծման սահմանը հաստատապես չի բացվի. «Ուղղակի գործընթացը կարող է ձգձգվել: Կարող են սկզբի համար դիվանագիտական ներկայացուցչություններ էլ բացել: Բայց պայմանն այն է, որ վերջում Ղարաբաղի հարցը պիտի անպայման լուծվի»:

Էլի մի ապացույց, որ ինքն էլ էր երեւի նման մի լրագրող. Իսմեթ Բերկանը, որի կինը կիսով չափ հայ է՝ թերեւս միակն էր, որ սեփական նախաձեռնությամբ խոսեց Ցեղասպանության մասին եւ հեգնեց այն ոճը, որով թուրքական մամուլը գրում է այդ մասին՝ միշտ օգտագործելով «ենթադրյալ Ցեղասպանություն» ձեւը: Նա ասաց, որ այդ կապակցությամբ շատ զավեշտներ կան, որոնք զուտ թուրքական են եւ անթարգմանելի, բայց մեկը փորձեց փոխանցել: Պատմեց, որ կա հանրահայտ մի պանդոկ, որը կոչվում է «Քոռ Հակոբի» ռեստորան: Ահա եւ լրագրողներից մեկը գրել էր. «Ենթադրյալ Հակոբի» ռեստորան:

Եվս մի մանրամասն. «Ռադիկալի» խմբագիրը նշեց, որ եթե Հրանտ Դինքի գործը չլիներ՝ շատերը չէին էլ իմանա, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը փակ է: Հրանտ Դինքի անունն այստեղ շատ հաճախ է հնչում: Եվ ոչ միայն անունը: Երեկ նրա նկարն արձանագրեցինք թուրքական NTV հեռուստաընկերության լուրերի Ստամբուլի պատասխանատու Մեթե Չուբուկչուի աշխատասեղանին (տես լուսանկարում): Եվ այս մասին մեր հարցին ի պատասխան՝ նա ուղղակի ասաց. «Հրանտը մեր ընկերն էր»: Ուրեմն, իրոք կան բաներ, որոնք մեզ միավորում են:

Հ. Գ. Իմ այս նոթերի վերնագրում ընտրել էի «առայժմ փակ սահման» բնորոշումը, բայց Թուրքիայում ունեցած հանդիպումներից ամրապնդվեց տպավորությունս, թե սահմանը փակ է մնալու բավական երկար ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել