Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑՎԵՑ ՆՈՐ ՈՒՂԵԿԱԼ

Հոկտեմբեր 24,2009 00:00

Ըստ հայ սահմանապահների՝ հայ-վրացական սահմանում կա լարվածություն, բայց մարդկանց եւ հողերի զավթումներ չկան:

\"\"Դեռեւս օգոստոսի 26-ին է «Առավոտը» տեղեկացրել, որ հայ-վրացական սահմանի հայկական Բավրա գյուղի հողերի մի մասը զավթել են վրացիները: Դրանից հետո այլ լրատվամիջոցներ եւս այս թեմային անդրադարձան: ԶԼՄ-ները հենվել էին Բավրայի գյուղապետի ասածների վրա, իսկ ՀՀ պետական կառույցները հերքեցին այդ լուրերը: «Առավոտի» հրապարակումից երկու ամիս անց՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ եւ ուղեկցությամբ լրագրողների մի խումբ ներկա գտնվեց հայ-վրացական սահմանի նորակառույց «Պրիվոլնոյե» ուղեկալի բացմանը, որի ժամանակ էլ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը հայտարարեց, որ «Հայ-վրացական սահմանագծի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»: 15 տարուց ավելի այս հատվածի \"\"սահմանապահները զուրկ էին ծառայության համար կենցաղային պայմաններից: Նոր ուղեկալում ստեղծված են հանգստի, կենցաղային բոլոր պայմանները, կան տրանսպորտային միջոցներ, ձիեր: Նախատեսվում է մինչեւ ընթացիկ տարվա վերջ հայ-վրացական սահմանի այս հատվածում եւս մեկ հսկիչ անցագրային կետի գործարկում: Մոտակա 15-20 օրերում Լոռվա մարզում նախատեսվում է նաեւ 2 նոր ուղեկալների բացում: Ուղեկալների միջեւ հեռավորությունը կախված է ռելիեֆից, դիմացինի մարտահրավերներից:

Ըստ գեներալ Աբրահամյանի, Խորհրդային միության փլուզումից հետո Խորհրդային Հայաստանի եւ Վրաստանի վարչական սահմանը մինչ օրս անփոփոխ է, իսկ փաստացի հողօգտագործման հարցում կա պայմանավորվածություն. մինչեւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի ավարտը՝ չխոչընդոտել սահմանային շերտում ՀՀ բնակչության գյուղատնտեսական եւ հողօգտագործման աշխատանքներին: Հայ-վրացական սահմանի բարձիթողի վիճակի, չձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների մասին հնչած կարծիքներն ու \"\"քննադատությունները, ըստ Արմեն Աբրահամյանի, մամուլում հայտնվել են ոչ իրավասու անձանց կողմից: Արմեն Աբրահամյանը չի հերքում, որ վերջին ամիսներին հայ-վրացական սահմանում լարվածություն կա: Բայց այդ լարվածության պատճառը մենք չենք. «Վրացական կողմում համակարգային մեծ փոփոխություն է տեղի ունեցել, Վրաստանի սահմանապահ ուժերը մտցվեցին ոստիկանական կազմ, հետո երկու մասի բաժանեցին, իրենց մոտ էլ է անորոշություն, չգիտեն, թե ինչ են անում, նրանց սահմանապահ զորքը՝ որպես զորք վերացել է, դարձել է «պրավախրանիտելնի» ինչ-որ կառույց, որն ավելի շատ զբաղվում է բռնելով, դատելով ու նման այլ գործերով»,-«Առավոտին» ասաց սահմանապահ զորքերի հրամանատարը: Նա վստահ է, սակայն, որ այդ լարվածության պարագայում անգամ վրացի սահմանապահները 1 սմ առաջ չեն եկել. «Եթե վրացի սահմանապահները առաջ գան, ես էստեղ չեմ ծառայի, կթողնեմ, դուրս կգամ: Բավրայի տարածքում կան հողօգտագործման խնդիրներ, Խորհրդային միության տարիներին պետական սահման չի եղել, եղել է ադմինիստրատիվ սահման: Այժմ կան հողեր, որ Վրաստանի քաղաքացիները մեր տարածքում են մշակում, մենք էլ ունենք բնակիչներ, որ Վրաստանի տարածքում են մշակում: Անձամբ պայմանավորվել եմ Վրաստանի զորքերի հրամանատարի հետ, մինչեւ սահմանազատման աշխատանքները չավարտվեն՝ այդ հողերը մարդիկ պետք է օգտագործեն: Իսկ այդ գործընթացը ոչ մի ժամկետ չունի, երկրներ կան, որ 100 տարուց ավելի չեն ավարտել սահմանագծման աշխատանքները: Հայ-վրացական սահմանագծի հարցով կա հայ-վրացական հանձնաժողով, որն աշխատում է 1996 թվականից: Սահմանազատման աշխատանքները լրիվ չեն ավարտվել, մենք հիմա սահմանի պաշտպանություն իրականացնում ենք Խորհրդային միության սահմանագծով, իսկ նախնական ինչ համաձայնություններ են եղել, դա կարեւոր չէ, քանի որ չեն վավերացվել ո՛չ մեր պառլամենտի, ո՛չ վրացականի կողմից»:

«Առավոտը», հենվելով հայ-վրացական սահմանին գտնվող Ձորամուտ գյուղի ղեկավարի խոսքի վրա, հոկտեմբերի 1-ին տեղեկացրել էր, որ վրացի սահմանապահները գողանում են ՀՀ քաղաքացիներին ու սահմանը խախտելու համար 3000 լարի տուգանք պահանջում, իսկ ադրբեջանական կայքերում հայտնվել էր տեղեկատվություն, թե հայերն անցնում են վրացական կողմ ու մարդիկ առեւանգում: Ըստ մեր սահմանապահ զորքերի հրամանատարի, ադրբեջանական ԶԼՄ-ները ստում են. «Եթե նման բան լինի, առաջինը ես պետք է իմանամ, դա ուղղակի աբսուրդ է, նման բան չկա»: Բայց կան գյուղացիների բողոքները, որոնց ի պատասխան՝ Արմեն Աբրահամյանը ասաց. «Իրենք սուտ են ասում: Հայ-վրացական սահմանը 265 կմ է, ես չեմ կարող ամեն 50 մետրի վրա մարդ շարել, դա ֆիզիկապես հնարավոր չէ փակել: Վրացական կողմն ընդամենը 1 խախտում է կատարել. մեր եւ վրացական կողմի հետ բանավոր համաձայնություն կար, երբ սահմանախախտներ են բռնում, երեք ժամվա ընթացքում զգուշացնում են դիմացի կողմին, որպեսզի հարցը քննարկվի, տեսնենք՝ ինչի համար են անցել եւ այլն: Իրենք մեզ չեն հայտնել, ուշացրել են, դրա արդյունքում է այդ ամեն ինչը տեղի ունեցել»: Նրա կարծիքով, սահմանամերձ շրջանի յուրաքանչյուր բնակիչ լավ գիտի, թե որտեղ են մեր սահմանապահները ծառայություն տանում եւ գյուղացիները լավ կանեն կենդանիներին կորցնելու կամ նման այլ դեպքում առաջին հերթին դիմեն սահմանապահներին. «Մերոնք կդիմեն վրացական կողմին, թույլ կտան, որ մտնեն, օրինական իրենց անասուններին փնտրեն»: Հարցին՝ եթե հայ-թուրքական սահմանը բացվի եւ ենթադրենք ռուսական կողմը որոշի չպաշտպանել, հայկական կողմն իր ուժերով կարո՞ղ է իրեն պաշտպանել, Արմեն Աբրահամյանը պատասխանեց. «Իհարկե, կարող է: Ռուսաստանի հետ 1992 թվականին կնքված պայմանագիրը Հայաստանի համար շատ ձեռնտու պայմանագիր է: Ռուսական սահմանապահ զորքերը մեզ օգնում են, անձնակազմի մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են, ժամկետային զինծառայողները ամբողջությամբ Հայաստանի քաղաքացիներ են, ռուսականը՝ սպայական, ենթասպայական կազմն է, լավ մասնագետներ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել