Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ ՎՐԱՑԻՆԵՐՆ ԵՆ

Նոյեմբեր 11,2009 00:00

Գյուղացիները կառավարությունից ոչ մի ակնկալիք չունեն

Արմավիրի մարզի գյուղացիները, իրենց իսկ խոսքերով՝ հազիվ են յոլա գնում: Մի կողմից բանկերից վերցրած վարկերը չեն կարողանում փակել, մյուս կողմից էլ՝ բնությունն այս տարի բարեհաճ չեղավ եւ քիչ բերք ստացան:
«Առավոտի» հետ զրույցում Արազափ գյուղի մի բնակիչ պատմեց, որ սեխ ու ձմերուկ է տնկել, բայց այս տարի անձրեւներն այնքան շատ էին, որ բերքի մեծ մասը պարզապես փտել է. «Ամբողջ աշխատանքս ջուրն ընկավ: Գյուղացու կյանքը շատ դժվար է, երբեք նախապես  չգիտես, թե եղանակը ոնց կլինի, որ կողմնորոշվես, թե ինչ ցանես: Գյուղում ընտանիք չկա, որ վարկ վերցրած չլինի, բոլորս պարտքերի մեջ խրված ենք: Հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում: Ընտանիք չենք կարողանում պահել: Որ գյուղացիների ձեռքը ճար լինի, բոլորն էլ կթողնեն-կգնան խոպան: Էն ա, որ չեն կարում: Մեկը ընտանիքը չի ուզում թողնի, մյուսը՝ տեղ չունի գնալու: Ճարներս կտրած՝ մնացել ենք գյուղում»: Գյուղացիների խոսքերով՝ սմբուկի ու լոլիկի բերքը քիչ թե շատ հաջող էր, այն էլ գինն այնքան ցածր էր, որ նորմալ եկամուտ չունեցան. «Վրացիներին չթողեցին գան Հայաստան, դրա համար էլ գյուղմթերքների գները լավ իջան: Անցած տարիներին մեր հույսը վրացի առեւտրականներն էին»:
Արազափի բնակիչ Պարգեւ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Բոլորն ասում են՝ Արարատյան դաշտավայրի գյուղերը բարվոք վիճակում են: Բայց էդ ո՞ր գյուղի հետ են համեմատում, որ այդպես են ասում: Մի հատ թող գան տեսնեն՝ ոնց ենք ապրում, նոր նման ենթադրություններ անեն: Առավոտ շուտ մեր ու մանուկ դաշտ են գնում: Ամբողջ օրը չարչարվում են, բայց արդյունքը չի երեւում: Այս տարին, օրինակ, մեր գյուղերի համար սարսափելի էր: Անձրեւ ու կարկուտի պատճառով նորմալ բերք չստացանք, հետն էլ բարձր տոկոսադրույքներով վարկեր ունենք փակելու: Համ վարկերից ենք տուժում, համ էլ բնությունից: Պետական ոչ մի աջակցություն չենք տեսնում: Գյուղնախարարությունը լրիվ անտեսել է մեզ: Մեր գյուղերին ոչ մի սուբսիդիա չեն տալիս: Եթե գոնե սուբսիդիա տրվի, դա էլ մեծ օգնություն կլինի մեզ»:
Կառլեն Գեւորգյանի խոսքերով էլ՝ «Մենք մեծ ծախսեր ենք անում, տանջվում, չարչարվում, քրտինք ենք թափում ու էժան գներով բերքը իրացնում: Ախր ուրիշ ելք էլ չունենք, չենք կարող շուկայում ինքներս վաճառել, որ գոնե մի քիչ թանկ լինի, ստիպված վերավաճառողներին ենք տալիս: Ստացվում է՝ վերավաճառողները մեզանից լավ են փող աշխատում: Օրինակ, էդքան չարչարվում ենք, վերջում 1 կիլոգրամ բիբարը վաճառում ենք 40 դրամով, իսկ քաղաքի շուկայում կրկնակի գին են դնում»: Գյուղացու պատմելով՝ հողատարածքները ջրելու լուրջ խնդիր կա: Նախ ջուրը ժամանակին չի հասնում գյուղ ու թեեւ ինքնահոս է, սակայն մինչ այն հասնում է գյուղացուն՝ բավականին թանկ է արժենում. «Ջրի վարձը, ըստ հողատարածքի, տարեկան կազմում է 70-120 հազար դրամ: Մարդիկ կան, որ նույնիսկ այդքանի էլ չեն օգտագործում, բայց քանի որ ըստ մետրի է, ստիպված վճարում են: Թող ջրաչափեր դնեն, ով որքան կօգտագործի՝ այնքան էլ վճարի: Բացի այդ, մինչեւ մեզ հասնելը, մի բան էլ ջրօգտագործողների (ՋՕՄ) կազմակերպությունն է վրան գին դնում: Թե ինչով է զբաղված այդ կազմակերպությունը, մենք էդպես էլ չենք հասկանում»: Կառլեն Գեւորգյանի ներկայացմամբ՝ այս տարի բավականին մեծ քանակությամբ ցորեն է ցանել, բերքը հավաքել է, սակայն այնքան չնչին գումար են տալիս, որ ձեռքը չի գնում այդ գնով վաճառի. «Մեկ կիլոգրամը 70 դրամով են ուզում: Ինչո՞ւ դրսից օլիգարխի ներկրած ցորենը 120 դրամով են առնում, իսկ մերը՝ այդքան էժան: Ի՞նչ է, մեր ցորենը ցորե՞ն չէ: Ընտիր ցորեն եմ հավաքել այս տարի, բայց ի՞նչ օգուտ»:
Գյուղացիների մեկ այլ ցավոտ խնդիրը սերմերի եւ թունաքիմիկատների շուկան է: Ըստ գյուղացիների, ոչ սերմերն են համապատասխան որակի, ոչ էլ՝ թունաքիմիկատները. «Տուփերի վրա խփում են, իբր ժամկետի մեջ է, դրսի արտադրութան, բայց երբ առնում օգտագործում ենք այդ թունաքիմիկատները՝ նորմալ բերք չենք ստանում: Ոչ մի հսկողություն չկա սերմերի ու թունաքիմիկատների շուկայում: Խորհրդային տարիներին հողի կարգ էին ստուգում, իսկ այսօր պարզապես թվեր են նկարում: Մեր գյուղերում այնքան հիվանդ հողեր կան, ոչ ոք մի օր չեկավ, չստուգեց, ոչ ոքի պետքը չենք: Դա պետք է գյուղնախարարությունն անի: Ինչո՞վ է զբաղված այդ կառույցը: Մենք ոչ նախարար ունենք, ոչ էլ նախարարություն»:
Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչներից շատերն էլ մտահոգված են գյուղերից՝ մեծ գլխաքանակով ոչխարների առեւտրով, այդ անասնատեսակը մեծ քանակությամբ արտահանվում է Իրան, Արաբական Էմիրություններ, Հայաստանում գառան եւ ոչխարի գինն էլ բավականին թանկացել է. «Մատաղ չենք կարում անենք, մի հատ փոքր գառը 40-50 հազար դրամ է դարձել»: Տանձուտի բնակիչ՝ ազգությամբ եզդի Վազիրն էլ գյուղացիների այս բողոքներին ականատես լինելով, այսպես արձագանքեց. «Ինչից եք խաբար, մի օր էլ ձեր Հայաստանն են ծախելու, ձեզ էլ՝ հետը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել