Լրահոս
Օրվա լրահոսը

180-ԱՄՅԱ ԳՅՈՒՂԻ ԱՅՍՕՐԸ

Նոյեմբեր 11,2009 00:00

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղը հաջողում է դիմակայել մարտահրավերներին ու դեմ է համայնքների խոշորացմանը

Հնամյա բնակավայր է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղը, սակայն գյուղի պատմության հիմնական էջերը սկսվել են 1828-1830 թվականներին: Այսօրվա ոսկեվազցիների նախնիներն այդ տարիներին գաղթել են Խոյից: 1300 տնտեսություն եւ 5000 բնակիչ ունեցող գյուղը նախապատրաստվում է գալիք տարի նշել իր հիմնադրման 180-ամյակը:
Թեեւ հանրապետությունում վերջին 20 տարում տնտեսության, սոցիալական ու մշակութային ոլորտներում բազմաթիվ թերություններ, բացեր եւ չլուծված խնդիրներ կան, սակայն Ոսկեվազը կարծես հաջողել է շրջանցել դրանք:
Արդեն 17 տարի է, ինչ Ոսկեվազի գյուղապետն է ՕԵԿ-ական Հայկ Հովհաննիսյանը: 2007 թվականից սկսվել է գյուղի գազիֆիկացումը: Մինչեւ տարեվերջ գյուղի շուրջ 90%-ը կգազիֆիկացվի: Շուրջ 200 միլիոն դրամ է ծախսվել գյուղը խմելու մշտական ջրով ապահովելու համար: 2005 թվականին պետական բյուջեից 300 միլիոնի ներդրմամբ հիմնովին վերանորոգվել է գյուղի դպրոցը:
1994-95 թվականներին արգենտինահայ բարերար Ավետիս Մալճեանի միջոցներով վերանորոգվել է մանկապարտեզը, որն այսօր 130 սան ունի: Գյուղում հպարտությամբ արձանագրեցին, որ մանկապարտեզը մշտապես գործել է նույնիսկ ղարաբաղյան պատերազմի՝ Հայաստանի եւ Ղարաբաղի հերոսական դիմակայման տարիներին: Ոսկեվազում վերանորոգվել են նաեւ արվեստի դպրոցը, մշակույթի տունը: Արվեստի դպրոց է հաճախում 80 երեխա, ընդ որում՝ սաներից շատերը գալիս են հարեւան համայնքից:
Գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ համայնքապետարանը կարողանում է իր միջոցներից վճարել ոչ միայն համայնքապետարանի, այլ նաեւ արվեստի դպրոցի, մանկապարտեզի, մշակույթի տան աշխատակիցներին, դրամական օգնություն հատկացնել անապահով խավին: Գյուղում տարբեր ծրագրեր իրականացնելու համար ներդրումներ են կատարվել: Այսօր համայնքապետը առաջնային է համարում երկու ծրագիր. համայնքների խոշորացում եւ ավագ դպրոցների ստեղծում: «Ոսկեվազը կայացած համայնք է եւ այսօր նպատակ չի տեսնում որեւէ այլ համայնքի հետ միավորվելու: Իսկ ավագ դպրոցը կխարխլի Ոսկեվազի դպրոցի ավանդույթները: Անցած տարի Ոսկեվազի դպրոցի գրեթե բոլոր շրջանավարտները ընդունվել են բուհեր: Տրամաբանական չէ, որ 5000 բնակչություն ունեցող գյուղը միանա մեկ այլ գյուղի, 700 աշակերտ ունեցող դպրոցի աշակերտները ուսումը շարունակեն մեկ այլ համայնքում: Կարծում եմ՝ սա բացասական կանդրադառնա ուսումնադաստիարակչական խնդիրների վրա: Վերցնենք մեր եւ Օշականի համայնքը. տարբեր բնավորություններ, տարբեր կենցաղավարություններ, տարբեր ավանդույթներ: Համոզված եմ, որ ծնողների սրտով էլ չէ, համոզված եմ նաեւ, որ օրենքի կիրառման դեպքում մեծ մասը կհրաժարվի այլ համայնքում ուսումը շարունակելուց»,- հայտարարեց Հայկ Հովհաննիսյանը:
Ըստ գյուղապետի, իրենց հիմնական անելիքը աշխատատեղեր ստեղծելն է: Բացի նշված հիմնարկներից, որտեղ ընդհանուր առմամբ մշտական աշխատանք ունեն շուրջ 100 հոգի, գործում է նաեւ տրիկոտաժի ֆաբրիկա՝ 30 աշխատատեղով, կառուցվում է մրգի վերամշակման գործարան, որտեղ ներկայումս մշտական աշխատանքով է ապահովված 50 հոգի: Գործարանը շահագործման կհանձնվի հաջորդ տարի եւ մշտական աշխատանք կունենա 250 ոսկեվազցի: Գործարանը Ոսկեվազում կառուցելու նախաձեռնությունը «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանինն է, իսկ ներդրողը՝ գործարար Նվեր Մխիթարյանն է:
«250 աշխատատեղով մրգի վերամշակման գործարանը ամենամեծ նվերը կլինի Ոսկեվազին՝ հիմնադրման 180-ամյակի առթիվ»,- հայտարարեց Հայկ Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել