Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին դասագրքերի մասին

Նոյեմբեր 11,2009 00:00

\"\"«Առավոտ» օրաթերթում կարդացի Հռիփսիմե Ջեբեջյանի «Կմեծանաս՝ կհասկանաս» թղթակցությունը մայրենիի դասագրքերի մասին, այնուհետեւ հեղինակներից մեկի՝ Վաչագան Սարգսյանի արձագանքը: Թեման ինձ խիստ հետաքրքրում է, քանի որ հիմա կրտսեր որդուս հետ «սովորում եմ» երկրորդ դասարանում:

Ցանկություն ունեցա գրելու, սակայն, չգիտես ինչու, չարեցի: Բայց օրեր անց հեռուստատեսությամբ պատահաբար լսեցի նույն հեղինակին, որը կրկին գովաբանում էր իր եւ իր գործընկերների ստեղծած դասագրքերը: Նա մեր՝ ծնողներիս, ուսուցիչների եւ աշակերտների անունից մի լավ գովեց իրենց հորինվածքները, ասաց, թե մենք բոլորս հիացած ենք, գոհ ու համարյա երջանիկ, որ այդպիսի դասագրքեր կան: Բայց իրականում այդպես չէ:
Որոշեցի գրել ու կրթության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել այս կարեւոր հարցի վրա. ի՞նչ ենք սովորեցնում մեր երեխաներին, ինչո՞ւ, ովքե՞ր են ձեւավորում նրանց մտածողությունը, աշխարհայացքը եւ ինչպե՞ս:
Անընդհատ լսում եմ, թե երեխաների տրամաբանությունը զարգացնող առաջադրանքներ կան: Հիմա ես ուզում եմ Վ. Սարգսյանի, Կ. Թորոսյանի, Ս. Գրիգորյանի եւ Հ. Խաչատրյանի գրքի 23-րդ էջի առաջադրանքը տալ «Առավոտի» բազմահազար ընթերցողներին՝ հուսալով, որ թերթը կկարդան նաեւ դասագիրքը հրատարակության երաշխավորող մասնագետները, կրթության ոլորտի պատասխանատուները եւ … կամաչեն:
Գյուղում ի՞նչ կար:
Ի՞նչ էր անում, որ գոտին երկարում էր:
Ո՞վ տեսավ թզուկին:
Վստահ եմ, որ առողջ դատող մարդը չի կարող գտնել պատասխանները: Դասագրքի հեղինակն ասում է, թե նայեք պատասխանները: Նայում ենք: «Գյուղում ի՞նչ կար» հարցին որդիս պիտի պատասխաներ՝ յուղ, իբր գ-յուղ: Այդպես էլ, ընդունելով խաղի կանոնները, «Ո՞վ տեսավ թզուկին»՝ պիտի պատասխանի՝ ես, քանի որ տեսավ բայի մեջ ես կա… Դե, պարզ է, որ մյուս պատասխանն էլ կլինի՝ կարում էր: Նման հարյուրավոր օրինակներ կան այս դասագրքում:
Ես, որ բարձրագույն կրթությամբ բանասեր եմ, ամաչում եմ իմ փոքրիկից: Ոչ միայն նրա համար, որ իր աչքում անգետ եմ երեւում, այլեւ, որ մենք՝ մեծերս, նրան այսպիսի դասագիրք ենք հրամցնում:
Կարծում եմ՝ իրականում այս դասագրքին կանաչ ճանապարհ ապահոված մարդի՛կ պիտի ամաչեն մեր յոթնամյա երեխաներից ու նրանց ծնողներից, որոնց կրակն են գցել, ուսուցիչներից, որոնք լուռ ու մունջ աշխատում են այս դասագրքերով եւ չեն համարձակվում ձայն հանել:
Եվ քանի որ որոշել եմ գրել, ասեմ ամբողջը: Դասագրքի հարցով մի քանի անգամ դիմեցի երեխայիս դասվարին, դպրոցի տնօրենին (նրանց անունները հասկանալի պատճառներով չեմ գրում): Առաջարկեցի փոխել այն, այլընտրանքային դասագրքով անցնել. չէ՞ որ ընտրության հնարավորություն կա: Միշտ դեմ էի առնում պատին: Բայց մի օր դասվարը խորհրդավոր եւ ցածրաձայն այսպիսի նախադասություն ասաց. «Կարինե Թորոսյանն ինձ կոչնչացնի»:
«Առավոտի» հոդվածը լույս սփռեց ինձ համար անհասկանալի այս նախադասության վրա: Պարզվում է՝ դասագրքի հեղինակ Կարինե Թորոսյանը Կրթության ազգային ինստիտուտի տարրական կրթության բաժնի վարիչն է, այս ոլորտի հիմնական պատասխանատուն, որն էլ սարսափի մեջ է պահում դասվարներին: Լավ է ստացվում. պետական լծակն օգտագործել սեփական գործի հաջողության համար: Բայց մեր երեխաներն ի՞նչ մեղք ունեն:
Վերջում մի քանի հարց եմ ուզում տալ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարին. «Ի՞նչ եք կարծում, հայ երեխան իրավունք ունի՞ իր մայրենի լեզուն սովորելու լավ դասագրքով, ո՞վ պիտի սահմանափակի պետական պաշտոնյայի լիազորությունները, եթե մեջտեղում անձնական շահ կա. դա պաշտոնի չարաշահում չէ՞, դասագիրք ընտրելու իրավունք իրականում կա՞ եւ եթե այո, ինչպե՞ս է իրականացվում այն»:
Գրեթե համոզված եմ, որ լրագրային եւ հեռուստատեսային մի արշավ կսկսվի, կրկին կգովաբանեն ոչ գովելի դասագրքերը, կասեն՝ ոչինչ, երեխաները մի բան էլ թող չհասկանան, կմեծանան՝ կհասկանան… Բայց իրենց լեզվով ասեմ, որ մեծ եմ, բայց չեմ հասկանում, չեմ հասկանում նաեւ, թե այս ինչ է կատարվում մեր կրթության ոլորտում եւ երբ պիտի կարգի բերվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել