Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Նոյեմբեր 11,2009 00:00

\"\"Գործիքները մաշված են կամ չկան, շենքերը՝ անմխիթար վիճակում, իսկ ուսուցիչների աշխատավարձերի մասին խոսելն ավելորդ է

«Նախկինում ամեն մեկը հնարավորություն չուներ երաժշտական դպրոց ընդունվելու եւ սովորելու, տաղանդավորներն էին ընտրվում, իսկ հիմա այնքան քիչ են դիմողները, որ հենց երաժշտական դպրոցի կողքով անցնող երեխա ենք տեսնում, կոպիտ ասած, ձեռքից բռնում ենք եւ ասում՝ ընդունված ես»,- «Առավոտի» հետ զրույցում կեսլուրջ-կեսկատակ ասաց Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Գեորգի Հախնազարյանը՝ նկատելով, որ վերջին տարիներին երաժշտական կրթությունը համարվում է անհետաքրքիր ու անհեռանկար. «Հիմա երեխաներին համակարգիչն է հետաքրքրում, անգլերենը»: Նրա խոսքով, իր արտասահմանցի գործընկերներին զարմացրել է Հայաստանում երաժշտություն դասավանդող ուսուցիչների աշխատավարձի չափը. «Չէին հավատում, հարցնում էին՝ ժամավճա՞րն է այդքան»: Պարոն Հախնազարյանն էլ զարմանում է՝ իր ղեկավարած դպրոցի օրինակով, թե այդ ինչպե՞ս են 40 տարվա գործիքները դեռ շարունակում նվագել. «Ռոյալների ու դաշնամուրների մեծ խնդիր կա, գոնե մյուս գործիքներն այդքան թանկ չեն, մեկ կամ երկու նորը նվեր ստանալու հույս կա»: Դպրոցի տնօրենը պատմեց, որ արդեն երրորդ տարին է՝ ֆլեյտայի դասարանը ստիպված փակել են. «Դպրոցի յուրաքանչյուր ուսուցչի համար վճարում ենք 7000 դրամ սոցվճար, իսկ ֆլեյտայի դասարանում ընդամենը երեք աշակերտ էր, եթե չփակվեր դասարանը, ստացվում էր՝ վնասով ենք աշխատում: Իհարկե, նախկինում ոչ մի տնօրեն չէր մտածում՝ կկարողանա՞ աշխատավարձը տալ, թե՞ ոչ: Պետությունը, աշխատավարձ տալով, տալիս էր նաեւ կենսաթոշակի ֆոնդի գումարը: Իսկ հիմա, պետությունից քիչ գումար ստանալով, պարտադրված ենք ե՛ւ աշխատավարձը, ե՛ւ կենսաթոշակային պարտադիր վճարները կատարել ու հոգալ մյուս ծախսերը»: Քիչ էր մնում ֆլեյտայի ճակատագրին արժանանար նաեւ թավջութակի դասարանը, բայց «այս տարվանից արդեն պետությունն այդ պարտականությունը ստանձնեց. թավջութակը, ինչպես նաեւ հայկական ժողովրդական նվագարանները ներառեց պետպատվերի մեջ»: Դպրոցում միակ խնդիրը, որ լուծվել է՝ ջեռուցումն է. թեեւ դպրոցը քաղաքապետարանի ենթակայության տակ է, բայց դպրոցի տնօրենի խնդրանքին ընդառաջել է հարեւանությամբ գտնվող թաղապետարանը. «Նրանք առանձին կաթսայատուն ունեն, որից ձմռան ամիսներին օգտվում է նաեւ մեր դպրոցը»:
«Երաժշտական դպրոցներում դասավանդող ուսուցիչները մեկ ժամվա համար ստանում են մոտ 400 դրամ: Նման աշխատավարձը հարի՞ր է հարգանքի արժանի երաժիշտներին»,- հարց է տալիս Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը: Ըստ կառավարության որոշման՝ ուսուցչի շաբաթվա ծանրաբեռնվածությունը չի կարող գերազանցել 24 ժամը, այսինքն՝ ամսական աշխատավարձն էլ միջինը՝ 35 000 դրամ. «Ոմանք էնտուզիաստներ են, բարձրակարգ երաժիշտներ, որոնք ցանկանում են սերունդներին փոխանցել իրենց գիտելիքները, ոմանք էլ այլ տեղ աշխատելու հնարավորություն չունեն, ստիպված գոյատեւում են»,- ուսուցչի աշխատանքն այսկերպ մեկնաբանեց պարոն Հեքեքյանը: Նրա խոսքով, դպրոցում ռոյալների խնդիրը տարեցտարի ավելի է լրջանում. «Մնացած գործիքները կարողանում եմ ձեռք բերել մասնավոր, բարեկամական կապերի միջոցով, բայց սարսափելի վիճակում են դաշնամուրները եւ ռոյալները. դրանք այնքան հին են ու մաշված, որ վերանորոգման ենթակա չեն, իսկ դաշնամուրային բաժնում սովորում են դպրոցի աշակերտների կեսից ավելին ու փաստորեն զրկված են նորմալ գործիքի վրա պարապելու հնարավորությունից»: Տ. Հեքեքյանի խոսքով, միայն վերջին տարիներին իր արտասահմանցի ընկերները անհատույց մոտ 35 000 եվրո արժողությամբ թվով 15 գործիք են տրամադրել: Դպրոցի տնօրենն ասաց նաեւ, որ թեեւ վերջին տարիներին կրկին արտասահմանցի բարեկամների միջոցներով կարողացան վերանորոգել դպրոցի դահլիճը եւ նախասրահը, բայց շենքի մյուս հատվածներում դեռ «խորհրդային շունչն» է փչում. «Խորհրդային տարիների մաշված դռներն են, նստարանները, կահույքը, հատակը: Սայաթ-Նովայի դպրոցում այսօր ես քայլում եմ այն նույն հատակի վրայով, որով քայլել եմ 8 տարեկանում, երբ այդ դպրոցի աշակերտ էի… Մեր դպրոցի մի հատվածը լուրջ վթարային վիճակում է, 2003-ից տարին մեկ անգամ նամակ եմ ուղարկում քաղաքապետին: Վերջապես 2006թ.-ին եկան-տեսան, շատ անհանգստացան, այդ օրվանից դեռ նախահաշիվ ու պայմանագրեր են կազմում, որ վերացնեն խնդիրը, բայց տարեցտարի գումարի հատկացումը հետաձգվում է: Հուսանք, որ նոր քաղաքապետը հարցին արագ կարձագանքի»: Պարոն Հեքեքյանը փաստեց, որ վերջին տարիներին նվազել է նաեւ երաժշտական կրթություն ստանալ ցանկացողների թիվը. «Պատճառը երաժշտական կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն է, երաժշտական կրթությունը նյութական առումով դարձել է անհեռանկար, գուցե նաեւ վերջին շրջանում հեշտ ճանապարհով՝ առանց որեւէ կրթություն ստանալու, երաժշտական որոշ ժանրերում եւ հեռուստատեսությամբ հայտնվելը ազդեց… աշակերտների թվի նվազմանը հավանաբար նպաստում է նաեւ ուսման վարձավճարների պարբերաբար թանկացումը»: Տ. Հեքեքյանը նշեց, որ ժողովրդական գործիքներն այսօր երաժշտական կրթություն ստանալ ցանկացողներից քչերին են հետաքրքրում: Իսկ տավիղը, որը հանրապետությունում միայն իրենց դպրոցում է դասավանդվում, զարմանալիորեն չի ընդգրկվել պետպատվերի շրջանակներում: Դպրոցն այսօր ունի նաեւ ջեռուցման խնդիր, դպրոցի մի մասը ջեռուցվում է կաթսայատան միջոցով, մի մասը՝ էլեկտրաէներգիայով:
Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանի խոսքով, երաժշտական դպրոցներում խնդիրները համընդհանուր են. «Եթե այս դպրոցում կա վերանորոգման խնդիր, անպայման դա կլինի նաեւ մյուս երաժշտական դպրոցներում»: Խնդիրները շատ են հատկապես երաժշտական գործիքների դեպքում. «Դաշնամուրներն ու ռոյալները համեմատաբար տանելի վիճակում են, բայց մյուս գործիքների կատաստրոֆիկ վիճակը նկարագրել չի լինի, տեսնել է պետք»,- նշեց տնօրենը՝ փաստելով, որ խնդիրները միշտ կան, բայց դրանց լուծման հեռանկարներ չկան: Պարոն Սահակյանը փորձում է հասկանալ, թե ինչու վերջին շրջանում երաժշտական կրթությունն այդքան անհեռանկար դարձավ. «Հիմա մասնագիտություն ընտրելիս, կրթություն ստանալիս հաշվարկում են նաեւ եկամուտները, հաշվի են առնում՝ շահավե՞տ կլինի այդ մասնագիտությունը, թե՞ ոչ: Մեր դպրոցների ուսուցիչներին գրոշներ են վարձատրում, իսկ դա ո՞ւմ կարող է հեռանկարային թվալ»: Ինչպես մյուս, այնպես էլ Սպենդիարյանի անվան դպրոցում աշակերտների ընդունելությունը տարեցտարի նվազում է, ինչի հետեւանքով դպրոցում անիմաստ է դառնում երիտասարդ, նոր մասնագետներ ընդունելու նախաձեռնությունը. «Այսպես որ շարունակվի՝ առաջիկա 30 տարիներին ինձ ոչ մի մասնագիտությամբ ուսուցիչ հարկավոր չի լինի: Ի՞նչ է ստացվում՝ ուսանողն ավարտում է բուհը, բայց աշխատելու հնարավորություն, հեռանկար չկա»: Տնօրենի խոսքով, այս տարի դպրոցում վերջապես տեղադրվեց ջեռուցման համակարգ, խնդիրը լուծվեց, բայց հիմա էլ ջեռուցման դիմաց վճարների հարցն է խնդիր դառնալու: «Արդեն մտածում ենք՝ այդ հսկայական գումարներն ինչպե՞ս ենք վճարելու»,- մտահոգվում է պարոն Սահակյանը:
Մ. Միրզոյանի անվան երաժշտական թիվ 5 դպրոցի տնօրեն Լիլյա Սարգսյանը եւս դիմորդների նվազում է արձանագրել, ինչի հետեւանքով վերջին տարիներին ստիպված փակել են թավջութակի, քանոնի, քամանչայի, թառի, ուդի եւ սաքսոֆոնի դասարանները. «Ինչ խոսք, ժողովրդական գործիքների՝ պետպատվերի մեջ ներառվելը շահագրգռում է երեխաներին դպրոց ընդունվել, բայց, միեւնույն է, պետք է նկատեմ, որ այդ գործիքների նկատմամբ հետաքրքրությունը աստիճանաբար նվազում է»: Տիկին Սարգսյանը ասաց նաեւ, որ ջեռուցման խնդիրը դպրոցում մնում է անփոփոխ. «Ջեռուցումն իրականանում է էլեկտրական սարքերով, դրանցով բավարար ջեռուցում ապահովելը խնդիր է»: Տիկին Սարգսյանը փաստեց, որ ձմռան ամիսներին դասաժամեր չեն խտացվում կամ դասարաններ չեն փակվում, բայց լինում են դեպքեր, երբ աշակերտները ուսուցչի տանն են լրացնում դասը: Այս դպրոցն էլ մյուսների պես վերանորոգման, նոր գործիքների խնդիր ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել