Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփականատերը մտնում է իր բնակարան՝ պատուհանով

Նոյեմբեր 17,2009 00:00

Արաբկիր համայնքի 51 փողոցի 3-րդ շենքի 124 բնակարանի տերը՝ մաթեմատիկոս Հովհաննես Ասատրյանը, իր սեփական բնակարան չի կարողացել մտնել այն պահից, երբ 2003-ին գնել է այն:

\"\"\"\"
\"\"

Նախ, խնդիրներ առաջացան նախկին հարեւանների հետ, որոնք «առանձնացրել» էին ընդհանուր օգտագործման համար նախատեսված միջանցքը: 2007թ. հարեւանն իր այդ բնակարանը վաճառեց եւ Հովհ. Ասատրյանի նոր հարեւանը՝ ոստիկանության բժշկուհի Արմինե Հովհաննիսյանն էլ ընդհանուր օգտագործման համար նախատեսված միջանցքը փակեց՝ դուռ դրեց: Բնականաբար, նա թքած ունեցավ բազմաբնակարան շենքերի մասին գործող օրենքի պահանջների վրա: Հովհ. Ասատրյանն ասում է, որ միջանցքի դռան բանալին իրեն չեն տալիս եւ ինքը չի կարողանում «հասնել» սեփական բնակարանի դռան մոտ: Իսկ Ա. Հովհաննիսյանը պնդում է հակառակը: Սակայն պնդելն ուրիշ բան է, իրականը՝ այլ:
«Ընդդեմ իրավական բռնության» հասարակական իրավապաշտպան կազմակերպության, երկու իրավաբանների հետ մի քանի օր առաջ եղանք վիճելի տարածքում: Միջանցքի ընդհանուր դուռը բանալիով փակ էր: Երբ մենք դռան զանգը տվեցինք, այն բացեց Ա. Հովհաննիսյանը: Նախ նա դժգոհեց, որ իր հանգիստն ենք խանգարում, ապա թույլ չտվեց մոտենալ անգամ Ասատրյանի «զոդված» դռանը: Նա արհամարհական տոնով դիմեց իրավապաշտպաններին, ասելով, որ ինքն էլ իրավաբան է, ասաց, որ միջանցքն ու դուռը նախկինում էլ եղել են եւ ոչ թե ինքն է այն ավելացրել:
Իսկ թե ով էր զոդել Ասատրյանի դուռը՝ խորհուրդ տվեց դիմել Ասատրյանին:
Հովհ. Ասատրյանը հայտնեց, որ ինքը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով քանդել հարեւանի ապօրինի կցակառույցը եւ բացել դռները: Դատարանը հօգուտ Ասատրյանի վճիռ է կայացրել, սակայն դա մնացել է թղթի վրա, քանի որ այս համայնքում այս կարգի վճիռները բազմաթիվ են եւ համայնքն էլ տեր չունի՝ կատարելու արդարադատության մարմնի պահանջը:
Ասատրյանը, բնակարանը գնելուց հետո մինչ կվերանորոգեր այն, մնում է իր ծանոթների տներում: Նա ցույց տվեց, թե ինչ է անում, երբ գալիս է տուն: Բացում է իր տան պատուհանը, ինչպես պատկերված է լուսանկարում, հանում թաքցրած աստիճանը եւ պատուհանով մտնում տուն: Այդ մասին տեղյակ են համատիրությունում, թաղապետարանում:
Մենք պատկերեցինք նաեւ այն դրվագը, թե նա ինչ է անում, երբ ուշ ժամին այլեւս չի կարողանում որեւէ ծանոթի բնակարանում պատսպարվել: Շինարարական աղբի հարեւանությամբ բացում է անկողինը ու պատսպարվում: Իսկ սա, ցավոք, 21-րդ դարի հայ մտավորականի ու նրա փոխհարաբերությունների միակ օրինակը չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել