Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումները անխուսափելի են

Նոյեմբեր 21,2009 00:00

\"\"ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պարզաբանում է

Նոյեմբերի 17-ին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում ուսանողների կողմից բարձրաձայնված՝ կրթաթոշակի փոքր չափի եւ անբավարար լինելու վերաբերյալ հարցին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանի պատասխանը  մամուլում թյուրըմբռնման տեղիք է տվել: Նախարարը նշել է, որ սոցիալական բեռը ծանրացել է կրթության բնագավառում, եւ պետությունն իր սուղ միջոցներից այս պահին գործող ֆինանսական մեխանիզմներով չի կարողանում լիարժեք ապահովել կրթության մատչելիություն եւ առավել արդյունավետ ֆինանսավորել անապահով խավերի երեխաների բարձրագույն կրթությունը: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել պետության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների կենտրոնացման եւ դրանց արդյունավետ ծախսման միջոցով ստեղծել բարձրագույն կրթություն ստանալու հավասար հնարավորություններ: Համաձայն Համաշխարհային բանկի տվյալների՝ 2008թ.-ի դրությամբ ՀՀ-ում աղքատ եւ խիստ աղքատ սոցիալական պայմաններում գտնվող ընտանիքների՝ կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կազմում է 6 տոկոս, իսկ միջինից բարձր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքների ուսանողներինը՝ 40 տոկոս:  Ըստ այդմ, տրամադրվող գումարը գործող մեխանիզմներով բաշխվում է անհավասարաչափ:
Հարկ ենք համարում նշել, որ այսօր բարձրագույն կրթության մեջ գործում է ֆինանսական արտոնությունների տրամադրման միայն մեկ՝ գիտելիքի վրա խարսխված մեխանիզմը: Անհրաժեշտություն է առաջացել սոցիալական բեռը թեթեւացնող այլ մեխանիզմներ մշակել: Իհարկե, որոշակի սոցիալական խմբերի կրթության կարիքը պետությունը հոգում  է, բայց պիտի փաստենք, որ այն լիարժեք չէ. իրականում կարիք ունեցողների թիվն ավելի մեծ է,  եւ  կրթության ոլորտի բարեփոխումների կարեւոր գերակայություններից մեկը աղքատության նվազման խնդիրն է, որովհետեւ աղքատությունը հաղթահարելու երեխաների միակ ելքը կրթություն ստանալը եւ աշխատաշուկայում համապատասխան պահանջարկ ունենալն է:
Անդրադառնալով տրամադրվող կրթաթոշակի խնդրին՝ նշենք, որ, իհարկե, հինգ հազար դրամ կրթաթոշակը կարեւոր է կյանքի որոշակի խնդիրներ լուծելու համար, բայց խոշոր հաշվով այն անբավարար գումար է, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են նաեւ իրենք՝ ուսանողները: Հաջորդ տարի պետության կողմից ֆինանսավորվելու է շուրջ 19700 ուսանող: Համապատասխան հաշվարկների արդյունքում պարզ է դառնում, որ տրամադրվող կրթաթոշակների գումարը կազմում է շուրջ 125-130 մլն դրամ: Այս գումարը մոտավորապես 300 ուսանողի ուսման վարձի փոխհատուցում կարող է ծառայել:
Կրթության մատչելիության ապահովման եւ առկա ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման տեսանկյունից բարեփոխումները, բարձրագույն կրթության ոլորտի ֆինանսավորման հետ կապված, անխուսափելի են: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել