Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԱՏՈՐԵՆ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏԱԲԱՐ ՓՈԽՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»

Դեկտեմբեր 01,2009 00:00

Որքան էլ զարմանալի թվա, սակայն փոխելու եւ փոխվելու մասին հայտարարում է ոչ թե ընդդիմադիր ուժերից մեկը, այլ իշխող Հանրապետական կուսակցության եւ երկրի նախագահը:

Անկեղծ ասած, դյուրին չէ լուսաբանել մի համագումար, որը տեղի է ունեցել արդեն չորս օր առաջ, եւ որի մասին այս ընթացքում խոսել, ցուցադրել ու գրել են բոլոր հեռուստաընկերությունները եւ բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները: Սակայն, քանի որ «Առավոտը» եւս մասնակցում էր համագումարի աշխատանքների լուսաբանմանը, կարծում ենք, մեր ընթերցողների առաջ ազնիվ չենք լինի, եթե նրանց համար չլուսաբանենք երկրի իշխող կուսակցության համագումարը, փորձելով զերծ մնալ այս օրերին հնչած այլ մեկնաբանությունների եւ գնահատականների ազդեցություններից: Իսկ ՀՀԿ 12-րդ հերթական համագումարը նման էր բոլոր ժամանակների իշխող կուսակցությունների համագումարներին: Այդպես ճոխ եւ այդպես մարդաշատ էին անցնում իր ժամանակին իշխող ՀՀՇ-ի համագումարները, եւ իշխանություն դառնալուց հետո ՀՀԿ բոլոր համագումարները անցնում են նույնքան ներկայացուցչական: Իհարկե, ընդդիմությունը հրավիրված չէր (ՀՅԴ-ն հրավիրված էր, հավանաբար՝ որպես նախկին գործընկեր), հրավիրվածները ՀՀԿ-ին նվիրվածներն էին եւ կոալիցիոն գործընկերները: Դեռ վաղ առավոտից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճ մարդկանց հոսքը չէր դադարում, շուրջ 2 հազար պատվիրակները, հյուրերը եւ լրագրողները նախ անցնում էին մետաղորսիչ սարքերի միջով: Բոլոր հանրապետականները տոնական էին հագնված եւ կուսակցական կրծքանշաններով էին: Դահլիճը զարդարված էր ՀՀԿ զինանշանով եւ դրոշներով: Համագումարի ընթացքը կարելի է բաժանել մի քանի փուլերի՝ հյուրերի ողջույնի խոսքեր, կուսակցության նախագահի ծավալուն զեկույցը, կուսակցականների ելույթներ, ընտրություններ եւ վերջում՝ կուսակցության վերընտրված նախագահի խոսք: Դահլիճում ամենից ուշագրավ մասնակցությունը «Եդինայա Ռոսիա» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովի ներկայությունն էր: Նա ողջույնի խոսք ասաց, գովեց Սերժ Սարգսյանին եւ հաջողություններ մաղթեց:
Ուշագրավ էին նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի ելույթները: Նրանց խոսքերից պարզ դարձավ, որ այս երկու գործիչներն էլ անցած 12 տարիների ընթացքում այս կամ այն կերպ որոշակի կապեր են ունեցել ՀՀԿ նախագահի հետ: Ըստ Գեղամյանի, իրենք՝ առանց «թուղթ ստորագրելու», իսկ Արթուր Բաղդասարյանը նորից շեշտեց ՕԵԿ-ի ստորագրած համաձայնագիրը մարտի 1-ից առաջ: Արտաշես Գեղամյանը չթաքցրեց իր ցանկությունը՝ կուզեր դահլիճում տեսնել առաջին եւ երկրորդ նախագահներին. «Որ մենք աշխարհի առաջ հանդես գանք որպես միասնական մի ուժ, որը բոլոր տեսակի ներքին ճղճիմ տարաձայնությունները մի կողմ է շպրտում, երբ ՀՀ-ն թեւակոխում է իր նորագույն պատմության ամենալուսավոր էջը»: Ըստ Գեղամյանի. «Եվ այս պահին յուրաքանչուր պատասխանատու հայրենասիրական քաղաքական ուժ պետք է հաշիվ տա՝ ոչ թե ինչ սպասելիք ունի երկրից, Հանրապետական կուսակցությունից, այլ՝ ինչ տալու ունի ՀՀ-ին եւ իշխող ուժին»: Ասաց նաեւ, որ դեռ նախագահական ընտրություններից առաջ ԱՄ-ն որոշում էր կայացրել սատարել Սերժ Սարգսյանին. «Չէր հրապարակել դա, մենք կրակը վերցրել էինք մեզ վրա՝ առանց ամպագոռգոռ խոսքեր, ճառեր արտասանելու»: ԲՀԿ-ն ներկայացնող Արամ Սաֆարյանը ոչ մի էական բան չասաց, պարզապես շեշտեց, որ ԲՀԿ-ն կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ եւ հավատարիմ է կոալիցիոն պայմանավորվածություններին, ապա ողջունեց համագումարը եւ ամփոփեց իր խոսքը Սերժ Սարգսյանի «Առաջ Հայաստան» կարգախոսով: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Արտյուշա Շահբազյանի հետ հեռացավ դահլիճից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը համագումարի օրը լրագրողների հարցերին չպատասխանեց, ասելով, թե առաջիկայում պատրաստվում է հանդես գալ մամուլի ասուլիսով, որի ժամանակ կպատասխանի բոլոր հարցերին: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը խնդրեց որեւէ արտառոց բան չփնտրել նրանում, որ ինքը դարձել է հանրապետական. «Երբ ՀՀ նախագահը ինձ վստահեց պաշտոնը, այդ պահից ինձ համար ակնհայտ էր, որ ես որոշում եմ կայացնելու միանալ իր քաղաքական թիմին, կուսակցությանը»: Նախագահի ելույթը, ըստ պարոն Երիցյանի, «լիցքավորեց նոր եռանդով, դա ավելի է գոտեպնդում եւ «դուխ է տալիս»: Երբ մոտեցա ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին, պարզվեց, նա արդեն հոգնել էր հարցից. «Ես հո նո՞ր մարդ չեմ, 8 տարի եղել եմ փոխնախարար՝ մի նախարարությունում, որի ղեկավարը հանրապետական էր, երկու տարի ես նախարար եմ մի կառույցում, որը հանրապետական ղեկավար ուներ: Ինձ թվում է, հարցը պետք է հնչեր այլ կերպ՝ ինչո՞ւ մինչեւ հիմա հանրապետական չէի: Ամեն ինչը պիտի հասունանա, հիմա հասունացավ»:
ՀՀ նախագահի ելույթի առավել ուշագրավ դրվագները կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել